Օդի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական լուրջ խնդիր է
Վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Երևանում օդի աղտոտվածության թեման, որն ունի բնապահպանական և առողջապահական լուրջ ռիսկեր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորել էր սեզոնայնությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհներով՝ չբացառելով նաև շինարարության ազդեցությունը։
Ավինյանը նաև շեշտել էր, որ օդի աղտոտմանը նպաստում են նաև քաղաքացիների կողմից իրենց բակերում չոր տերևները և աղբը վառելը։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք Երևանի օդի աղտոտվածության ազդեցությանը մարդկանց առողջության վրա։ Խոսել ենք նաև հանրային առողջապահական ոլորտում առկա մարտահրավերներից, մասնագետների պահանջարկից, համաճարակային վտանգներից, ինչպես նաև երեխաների և դեռահասների առողջությունից։ Երևանի օդի աղտոտվածության թեմային անդրադառնալով՝ նա նշեց, որ հիմնական աղտոտիչներից են փոշին, հատկապես շինարարական փոշին, ինչպես նաև ջեռուցման համակարգերի, տրանսպորտի և արդյունաբերության արտանետումները։
«Այս գործոնները նպաստում են շնչառական հիվանդությունների, ասթմայի, սրտանոթային խնդիրների, ինչպես նաև երեխաների աճի և զարգացման խանգարումների առաջացմանը։
Օդի աղտոտվածության երկարաժամկետ հետևանքներից են կյանքի տևողության կրճատումը, վաղաժամ մահերի աճը, քրոնիկ հիվանդությունների տարածվածության մեծացումը, ինչպես նաև առողջապահական համակարգի վրա աճող տնտեսական բեռը»,- նշեց նա:
Մասնագետը ներկայացրեց նաև միջազգային փորձը՝ շեշտելով, որ տարբեր քաղաքներում ստեղծվում են հատուկ գոտիներ, որտեղ սահմանափակվում են հին շարժիչներով մեքենաների մուտքը, զարգացվում է էլեկտրական տրանսպորտը, խրախուսվում է հանրային տրանսպորտի օգտագործումը, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձվում կանաչ գոտիների ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ կարևոր է նաև շինարարական նորմերի խիստ պահպանումը և վերահսկողությունը։
«Հանրային առողջապահությունը միջոլորտային բնագավառ է և պետք է սերտ համագործակցի քաղաքաշինության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտների հետ, քանի որ այդ բոլոր համակարգերը ուղղակի ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա»,- նշում է մասնագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում հանրային առողջապահության մասնագետների պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն աճում է։ Մասնագետի խոսքով՝ այս միտումը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճով, վարակիչ հիվանդություններով, շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, հոգեկան առողջության խնդիրներով և սոցիալ-տնտեսական անկայունությամբ։
Անդրադառնալով Հայաստանի հանրային առողջության ոլորտի առաջնային խնդիրներին՝ Մարինե Հովհաննիսյանն առանձնացրեց ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, շաքարային դիաբետի, հոգեկան առողջության խանգարումների, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածության աճը։
Նրա խոսքով՝ խնդիր է նաև առաջնային օղակի թուլությունը և կանխարգելիչ ծրագրերի ոչ լիարժեք իրականացումը։
Մասնագետը հանրային լուրջ առողջապահական խնդիր է համարում նաև երեխաների և դեռահասների շրջանում ֆիզիկական ակտիվության նվազումը, ճարպակալումը, սխալ սննդակարգը, շաքարի, աղի և վերամշակված սննդի շատ օգտագործումը, հոգեկան առողջության խնդիրների տարածվածությունը, ինչպես նաև սոցիալական ցանցերից կախվածությունը, վաղ տարիքից ծխելը, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը։
Այս համատեքստում մասնագետը կարևորեց դպրոցների դերը՝ ընդգծելով, որ առողջ սովորույթները ձևավորվում են հենց դպրոցական տարիքում, և դպրոցը որոշիչ նշանակություն ունի ինչպես անհատի, այնպես էլ նրա առողջության ձևավորման հարցում։
