Սա արվում է, որպեսզի շատ սահուն վերընտրվի, որովհետև ինքն ավելի սիրում է իր աթոռը, քան հայրենիքը․ Հարութ Սասունյան

Նիկոլ Փաշինյանն այսօր, հավանաբար, դարձյալ մոռացել է ՀՀ Սահմանադրությունը, ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ» Վեհափառի հեռացումից հետո։ Եկեղեցու գործերի միջամտություն ենթադրող այդ քարտեզում մասնավորապես նշվում է` Կաթողիկոսական տեղապահի ընտրության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունման և այդ կանոնագրքով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունների կազմակերպման մասին։

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն այս իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է գործող վարչախմբից ու նրա ղեկավարից ձերբազատման մեջ։

168am-ի հետ զրույցում նա կարևոր համարեց Վեհափառի սկզբունքայնությունը՝ նկատելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չպիտի տեղի տա Փաշինյանի սպառնալիքներին և ինքնակամ չհեռանա։

«Վեհափառը պետք մնա իր աթոռին և ասի, որ չի հրաժարվելու, դուք ոչինչ չեք կարող անել, որովհետև դուք չեք որոշում՝ ով պետք է լինի կաթողիկոս, դու չեք կարողանում երկիրը ղեկավարել  ու այժմ փորձում եք Էջմիածինը ղեկավարել։

Կարդացեք նաև

Կաթողիկոսը պետք է շատ ամուր մնա իր դիրքորոշման վրա․ դա է ամենակարևորը»,- ասաց Հարութ Սասունյանը։

Սփյուռքահայ գործիչն այս համատեքստում ճիշտ չհամարեց Վեհափառի կողմից Եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու որոշումը։

«Այդ ժողովը չափազանց կարևոր է, և այն եկեղեցու ներքին հարցն է ու որևէ կապ չունի երկրի իրավիճակի հետ»,- նկատեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է եկեղեցու դռները ներսից բացվեն՝ ինչպես պատմության մի քանի դրվագներում, ամերիկահայ գործիչն արձագանքեց, որ դրա վտանգը կա, սակայն հույս ունի, որ իշխանությունը չի հաջողի այդ հարցում։

«Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ սկսեց այս գործընթացը՝ փորձելով սպառնալ, վախեցնել Վեհափառին, որ նա հրաժարական տա, և ամիսներ անց, տեսնելով, որ չի կարողանում հաջողել, փոխեց իր տակտիկան և վերադարձավ «բաժանիր, որ իշխես» կարգախոսին․ հիմա փորձում է եկեղեցին ներսից գրավել։

Հուսամ, չի հաջողվի։ Ըստ իս՝ Վեհափառը պետք է կարգալույծ անի այն եպիսկոպոսներին, որոնք վարչապետի մոտ գնացին և նրան հաճոյանալու համար պատարագ են անում՝ չհիշատակելով Վեհափառի անունը։ Սա անհրաժեշտ է, որ եկեղեցու ներսում ընկած պառակության որդն ավելի չմեծանա»,- հավելեց Հարութ Սասունյանը։

Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանի՝ հատկապես վերջին ամիսների ակտիվացումն էլ մեր զրուցակիցը պատահական չհամարեց՝ հիշեցնելով, որ հաջորդ տարի ընտրություններ են, իսկ Փաշինյանն ամիսներ շարունակ ամեն ինչ անում է, որպեսզի իր ճանապարհից մաքրի բոլոր հակառակորդներին։

«Սա արվում է, որպեսզի շատ սահուն վերընտրվի, որովհետև ինքն ավելի սիրում է իր աթոռը, քան հայրենիքը»,- ամփոփեց Հարութ Սասունյանը։

Տեսանյութեր

Լրահոս