Ուխտադրուժ սպասավորների պատճառած եկեղեցահալած ավերները փարատելու և նրանց առ Աստված զղջմամբ վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է. Վահե Բեգոյան

Վահե Բեգոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ԱՂԵՐՍԱԳԻՐ ԱՌ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Վեհափա՛ռ Տեր,

Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ձերդ Սրբության հոգևոր որդիներս՝ խոնարհությամբ և երկյուղածությամբ մատչելով Առաքելադիր և Լուսավորչահաստատ գահի Գահակալիդ, աղերսում, հայցում և անսասան հաստատակամությամբ ակնկալում ենք, որ Մայր Եկեղեցու և Ձեր իսկ դեմ հերձվածողաբար ապստամբյալ ուխտադրուժ եպիսկոպոսների և հոգևոր դասից նրանց հետևից հրապարակավ խոտորյալ սպասավորների նկատմամբ Ձերդ հայրապետական իրավասությամբ փութապես արձակվի կարգալուծության և բանադրության վճիռ, ինչը հստակություն կմտցնի նաև եկեղեցու առավել խոնարհ աստիճանի սպասավորների և աշխարհականներիս համար՝ հանդեպ ապստամբյալ եպիսկոպոսները վերաբերմունքի մեջ:

Թող եկեղեցու բոլոր՝ արժանավոր և անարժան զավակների հանդեպ քրիստոսավանդ ողորմությամբ և ներողամտությամբ լի Ձեր սերը չկաշկանդի Ձեզ՝ Ձեր երկաթյա հովվապետական գավազանով փշրելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միության, նվիրապետական կարգի, կանոնական և վարդապետական անաղարտության դեմ ոտնձգած անօրենների եղկելի դավադրությունը:

Առաքելահաստատ ավանդության, Տիեզերական և ազգային եկեղեցական ժողովների կանոններն ամբարշտաբար և հանդգնաբար ոտնահարած ուխտադրուժ սպասավորների պատճառած եկեղեցահալած ավերները փարատելու և նրանց առ Աստված զղջմամբ և ապաշխարությամբ վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է»:

Տեսանյութեր

Լրահոս