Եթե մինչև վերջերս աշխատողների որոշ խմբերի հաշվին միջին աշխատավարձն իներցիայով աճում էր, այս տարի դա էլ կդադարի։ Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարկային ճնշման մեծացման հետևանքով՝ մարդիկ կկանգնեն նաև աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ զրկվելով անգամ այն չնչին եկամուտներից, որոնցով մի կերպ գոյություն էին պահպանում։
Հարկման ընդհանուր համակարգին անցնելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում է, հանում է շրջանառության հարկի դաշտից, փոխարենը՝ նույն դաշտում գործող խոշոր բիզնեսին արտոնություններ է տալիս, նվազեցնում է շրջանառության հարկը։ Այսքանից հետո փորձում են համոզել, թե շրջանառության հարկը վնասակար է պետության համար, ու պետք է հրաժարվել դրանից։
Գրեթե 800.000 մարդ Հայաստանում աղքատ է։ Աղքատ է, որովհետև, ինչքան էլ իշխանությունները խոսեն ներառականության մասին, տնտեսական աճի արդյունքները խիստ անհամաչափ են բաշխվում հասարակության տարբեր խմբերի միջև։
Ավարտվում է այն ոսկե շրջանը, երբ իշխանությունների կամքից անկախ, փողը ջրի նման հոսում էր պետական բյուջե։ Իրենք էլ գլուխ էին գովում, թե գերակատարում են բյուջեի մուտքերը։
Փոխարենը տնտեսությունը զարգացնեն, արտադրության ծավալներն ավելացնեն, նոր արտադրություններ ստեղծեն ու բյուջեի եկամուտներն ավելացնեն, ամենուրեք միայն հարկերն են բարձրացնում։ Արտադրության ծավալները կրճատվում են, ներքին տնտեսությունից գանձվող հարկերը պակասում են, բացը հարկային բեռն ավելացնելով են ուզում լրացնեն։