Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը Թուրքիայում է. վարորդներ

Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը Բայբուրդ նահանգին կապող 105 կիլոմետրանոց «D915» լեռնային ճանապարհը վարորդների կողմից համարվում է որպես աշխարհի ամենադժվար ու վտանգավոր երթուղիներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինչ այժմ այդ համբավը պատկանում էր Բոլիվիայի տարածքով անցնող Յունգաս գետի հայտնի «Մահվան ճանապարհին», բայց ըստ վերջին գնահատականների՝ թուրքական ճանապարհը վտանգի աստիճանով գերազանցում է դրան։

«D915»-ի ամենախրթին հատվածը 5.1 կիլոմետրանոց Դերեբաշը շրջանի ճանապարհային պտույտներն են, որտեղ 1.700–2.035 մետր բարձրության առկա է 17 կտրուկ և չբարիկադավորված շրջադարձ։ Որոշ հատվածներում թեքությունը հասնում է 17 տոկոսի, իսկ ճանապարհի նեղությունը մեքենաների երկկողմանի անցումը դարձնում է գրեթե անհնար, այդ իսկ պատճառով էլ հաճախ վարորդներից մեկը ստիպված է լինում հետ շարժվել:

Չնայած հիանալի լեռնային տեսարաններին՝ այնտեղի եղանակային պայմանները ճանապարհը դարձնում են առավել վտանգավոր․ ամռանը տարածքում հաճախակի են խիտ մառախուղը և հորդառատ անձրևները, իսկ հոկտեմբերից մինչև հունիսի, երբեմն էլ հուլիսի վերջ ճանապարհը փակվում է ձյան ու սառույցի պատճառով։

Վտանգավոր լինելուց անկախ «D915»-ը շարունակում է մնալ տեղացիների հիմնական երթուղիներից, քանի որ Տրապիզոնի և Բայբուրդի միջև այլընտրանքային ճանապարհներն ավելի երկար են: Հատկապես զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում օգտվել այս երթուղուց առանց լուրջ վարորդական փորձի։

Տեսանյութեր

Լրահոս