Նույն ծրագիրը բազմակի ծախում են քաղաքացիների վրա՝ քիչ է, պատրաստվում են Հայաստանին մղել Թուրքիայի երախը

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը որոշել է ԵՄ անունից հերթական անգամ լապշա կախել Հայաստանի քաղաքացիների ականջներից։ Օրերս մի հայտարարություն արեց, որը շատերին զարմացրեց, շատերին էլ գուցե զայրացրեց։

Հայտարարեց, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։

«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ՝ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»,- նշեց եվրոպաշտոնյան:

Շատերը հավանաբար կմտածեն, թե գործ ունենք կես միլիարդ դոլարանոց նոր ծրագրի հետ, որը պետք է ամրապնդի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնի կախվածությունն արտաքին դերակատարներից։ Բայց դա բոլորովին էլ նոր ծրագիր չէ։

Կարդացեք նաև

Խոսքը հայտնի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի մասին է, որի մեկնարկը տրվել է դեռևս հեռավոր 2015թ., նախկին իշխանությունների կողմից, բայց ՔՊ-ականների գալուց հետո, ինչպես բազմաթիվ այլ ծրագրեր, մնացել է օդում կախված։ Եվ հիմա Եվրամիությունը որոշել է այս ծրագիրը կրկին ծախել մեր քաղաքացիների վրա՝ ընտրություններից առաջ տպավորություն ստեղծելով, թե ինչպիսի մեծածավալ աջակցություն ու օժանդակություն է պատրաստվում ցուցաբերել եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին։

Սա մի ծրագիր է, որի իրականացման ուղղությամբ աշխատանքները սկսվել են ուղիղ 10 տարի առաջ։ Այն ժամանակ Հայաստանի իշխանություններն ակտիվ էներգետիկ ինտեգրման քաղաքականություն էին վարում ՝ տարածաշրջանում Հայաստանի ներգրավվածությունը մեծացնելու ու Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի մաս դարձնելու նպատակով։ 2016թ. սկզբին Երևանում նույնիսկ քառակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որի ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ։

Խոսքը տարածաշրջանային այնպիսի համագործակցության մասին էր, որը թույլ կտար միավորել 4 երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը` բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։

Ըստ այդմ, Հայաստանը կարող էր դառնալ կարևոր էներգետիկական միջանցք տարածաշրջանում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր կառուցել և ավարտին հասցնել՝ ինչպես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գիծը, որը ստացավ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» անվանումը։

Երբ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը խոսում է Եվրամիության կողմից Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման ու դիվերսիֆիկացման համար 500 մլն դոլար հատկացնելու մասին, խոսքն այս նույն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման ծրագրի մասին է։ Ծրագիր, որի առաջին փուլի աշխատանքները, ինչը ներառում էր Հայաստան-Վրաստան օդային գծի, ինչպես նաև Այրումի ու Դդմաշենի ենթակայանների կառուցումը, նախատեսվում էր ավարտել 2020թ.։

Լուծված էին նաև ֆինանսավորման հարցերը։ Գերմանիայի KFW բանկի հետ կնքված էին առաջին փուլի աշխատանքների իրականացման ֆինանսավորման պայմանագրերը, հատկացված էր 188 մլն եվրո։ Սկսվել էին ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները. Ընտրվել էր միջազգային խորհրդատու, հայտարարվել էր միջազգային մրցույթ՝ կապալառու կազմակերպությունների ընտրության համար։

Այդ ամենն արվել էր նախկինների օրոք, մինչև ՔՊ-ականների իշխանության գալը, մինչև 2018թ.։

ՔՊ-ականների իշխանության գալուց հետո այս ծրագիրն էլ տապալեցին։ Ութ տարում ոչ մի միլիմետրով չեն մոտեցել ծրագրի իրականացմանը։ Հիմա դրա իրականացումը, եթե իհարկե իրականացվի, շատ ավելի թանկ կնստի Հայաստանի քաղաքացիների վրա։ Արդեն 500 մլն եվրոյի մասին են խոսում։ Ժամանակին 188 մլն եվրոյով պիտի կառուցվեր։

Դեռ չհաշված, որ այս ընթացքում հասցրել են բավական խոշոր գումարներ վճարել։ Որոշ տեղեկություններով՝ խոսքն ընդհուպ 20 մլն դոլարի մասին է, որը, ստացվում է՝ վճարել են ոչնչի համար։

Վճարել են վերցրած վարկերի դիմաց, բայց ոչ մի մետր գիծ չեն կառուցել, ոչ էլ որևէ ենթակայանի հիմք են դրել։ Քաղաքացու ու հարկատուի գրպանից վճարել են, հավանաբար որպես տույժ ու տուգանք՝ վարկերի չօգտագործման դիմաց։

Եթե ժամանակին այս նախագծի իրականացումով Հայաստանը պիտի դառնար միջանցք էլեկտրաէներգիայի փոխանակումների համար ու կապվեր նաև Ռուսաստանի հետ, հիմա եվրոպաշտոնյաները որոշել են դրանով Հայաստանին «ազատել» Ռուսաստանի էլեկտրաէներգիայի կախվածությունից ու դիվերսիֆիկացիայի անվան տակ՝ դնել Թուրքիայից կախվածության տակ։ Չնայած Հայաստանը ռուսական էլեկտրաէներգիայից երբեք էլ կախված չի եղել։ Երբեք էլ Հայաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծել։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հայաստանն ինքնաբավ երկիր է, նույնիսկ ավելի մեծ հզորություններ ունի, քան պետք է։

Ընդհակառակը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցումով պայմաններ էին ստեղծվում դուրս գալ Ռուսաստան։ Ոչ թե կախվածության մեջ ընկել Ռուսաստանից, այլ իրացման նոր հնարավորություններ ստանալ։

Բայց եվրոպաշտոնյաները որոշել են, որ դա մեզ պետք չէ։ Պատրաստվում են դիվերսիֆիկացիայի ու անվտանգության անվան տակ Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնել Թուրքիայից։ Թե ինչո՞ւ՝ դժվար չէ հասկանալ։ Եվրամիությունն ու Թուրքիան դաշնակից են Հայաստանի ատոմակայանը փակելու հարցում։

Հայաստանին Թուրքիայից կախվածության մեջ դնելուց հետո էլ՝ հավանաբար կհայտարարեն, որ Հայաստանին այլևս ատոմակայան պետք չէ ու պետք է փակել։ Այն, ինչ տարիներ շարունակ պահանջում են Թուրքիան ու Եվրամիությունը։

Ահա այսպիսին է եվրոպաշտոնյաների պատկերացրած Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, որի համար էլ մտադիր են 500 մլն դոլարի նոր վարկային բեռ կախել քաղաքացիների վրա։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու իրենց նկրտումների համար պատրաստ են Հայաստանին մղել Թուրքիայի երախը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս