Երևանն ու Բաքուն չեն շտապում բանակցել, ընթանում է վերադիրքավորման գործընթաց․ Տարասով
Մինչ ՀՀ իշխանությունները երկրի օրենսդիր մարմնում ոգևորված ներկայացնում են իրենց առաջարկներն Ադրբեջանին ապաշրջափակման, ինչպես նաև ռազմավարական գործարք կնքելու վերաբերյալ, Ադրբեջանի պաշտոնյաները քամահրական հայտարարություններով են հանդես գալիս՝ հայտարարելով իրենց օրակարգի մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Փաշինյանի՝ կոմունիկացիաների բացման մասին հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ։
Նա նշել է, որ 2020թ. եռակողմ հայտարարությունն ունի հատուկ կետ։ «Դա մատնանշում է այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է։ Այս թեման արդեն երկար քննարկվում է։ Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։
Իսկ Ադրբեջանի տարածքում, արդեն երկար ժամանակ է՝ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ դեկտեմբերին կամ հունվարին, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։
Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանն ասել էր, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում։ «Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ առանց դրա բովանդակությունը բացահայտելու:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է այն հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ «Չեմ կարող դետալներին մանրամասն անդրադառնալ: Առաջարկն ուղարկվել է Ադրբեջան, մինչև այս պահն արձագանք, գրավոր առնվազն, իմ իմացությամբ՝ չկա»,- ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Հարցին՝ արդյոք Կազանից հետո՞ է առաջարկն ուղարկվել, պատգամավորը տվել է դրական պատասխան: «Ընդհանուր առմամբ՝ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին, ու առաջարկների հիմքում նույն սկզբունքներն են, այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասել է նա:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելորդ է նույնիսկ ասել, որ բանակցություններում թելադրող դիրք ունի Ադրբեջանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի ընդունելու հայկական կողմի առաջարկները, այլ տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հակառակը, ինչպես հետպատերազմյան 4 տարիների ընթացքում։
«Առանց որակումներ տալու՝ պետք է ասեմ, որ հայկական, ըստ էության, որևէ լուրջ առաջարկ Ադրբեջանը չի ընդունել, ինչը մասամբ պայմանավորված է եղել նաև ՀՀ-Արևմուտք սերտ հարաբերություններով և Անդրկովկասում իր դիրքերն ընդլայնելու՝ Արևմուտքի ցանկությամբ։ Ադրբեջանը չընդունեց խաչմերուկ նախագիծը, համաձայնագիրն ամռանը ստորագրելու ՀՀ-Արևմուտք առաջարկը, Ադրբեջանը չընդունեց համաձայնագրի ՀՀ խմբագրումները և շարունակեց բանակցությունները համաձայնագրի ողջ փաթեթի ուղղությամբ, այսինքն՝ Երևանը բանակցային սեղանին զիջում արեց։
Հիմա նոր առաջարկներ են արվում, կողմերը վերադիրքավորվում են, դա անում է թե Երևանը, թե Բաքուն, ինչը պայմանավորված է նաև ընտրությունների ելքով Միացյալ Նահանգներում։ Կողմերից յուրաքանչյուրը բանակցային նոր ստրատեգիա է փորձում մտցնել գործընթաց, այսպես ասած՝ պլան «Բ», որը պետք է նախատեսված լիներ աշխարհաքաղաքական իրադարձությունների որոշակի զարգացման, այս դեպքում՝ դեմոկրատների պարտության և Անդրկովկասում ամերիկյան քաղաքական կոնտուրների հնարավոր փոփոխությունների դեպքում։
Սա է պատճառը, որ կարծես խախտվել է բանակցային նախկին տրամաբանությունը, կորել է բանակցային արագությունը, կողմերից և ոչ մեկը չի շտապում, կան նոր առաջարկներ»,- ասաց Տարասովը։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ առաջարկները չեն կրում ռազմավարական բնույթ, այլ կողմերը շահում են ժամանակ վերադիրքավորման համար։
Տարասովի կարծիքով, այդ գործընթացը սկսվել է մինչև անգամ Կազանի հանդիպումից, երբ կողմերը սկսեցին բանակցել հանդիպման սեղանի շուրջ։
«Որքան էլ գործընթացը կողմերի միջև լարված է, լի տարաձայնություններով ու պահանջներով, որոնք չեն կարող իրագործվել կարճ ժամանակահատվածում, նրանք նաև գործում են միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում, որը թելադրում է նույնանման քաղաքականություն որոշ շրջափուլերում, ինչպիսին ներկայիս փուլն է։ Ինչպես ավելի վաղ եմ ասել, Անդրկովկասում շատ բան կախված է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի ու Ռուսաստան, Իրան ձևավորվելիք հարաբերություններից»,- ասաց նա։
Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց Մոսկվա-Բաքու կոնտակտների, մասնավորապես՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի վրա։ «Մինչ Բաքուն խորացնում է իր կապերը Մոսկվայի և մնացած իրական գործընկերների հետ, Երևանն ավելի է հեռանում Ռուսաստանից, իր համար բարդ իրավիճակներ ստեղծելով, քանի որ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արևմուտքը չի կարողանում ոչինչ ավարտին հասցնել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը, թե Հարավային Կովկասում ՌԴ-ն ու Իրանը դաշնակիցներ չեն, Տարասովն ասաց, որ չէր գերագնահատի մի հայտարարություն, որը գրվել է արևմտյան առաջատար լրատվամիջոցում, որոնց խնդիրը ՌԴ-ի գործընկերների միջև սեպ խրելն է։
«Այնուամենայնիվ ՌԴ-ն ու Իրանն արդյունավետ բանակցում են, շատ հարցերում ունեն կոնսենսուս, հաստատված երկխոսություն, գործընկերային հարաբերություններ, բնականաբար, կան նաև տարաձայնություններ, ինչը բնական է»,- նկատեց նա։