Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը
Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից սկսած այլևս չեն ընդունի օտարերկրյա ուսանողներ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Մասնավոր համալսարանները կշարունակեն գործել սովորականի պես։
Նախարարի խոսքով՝ մի շարք պետական համալսարաններում արտասահմանցի ուսանողների բաժինը հասել է ընդհանուր ընդունվածների գրեթե 50%-ին։ Նա որպես օրինակ բերել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը։ Սակայն Միկանաձեն կարծում է, որ պետական հաստատությունները, առաջին հերթին, պետք է սպասարկեն երկրի քաղաքացիների շահերը։
«Մենք պետք է կենտրոնանանք Վրաստանի քաղաքացիների որակյալ կրթության վրա… Հետևաբար, այսուհետ պետական համալսարաններն այլևս օտարերկրյա ուսանողներ չեն ընդունի։ Նրանք, ովքեր այստեղ են սովորում մի քանի անգամ ավելի շատ են վճարում, քան Վրաստանի քաղաքացիները։ Մենք մասնավոր բուհերին ասում ենք. ահա օտարերկրյա ուսանողներ կան. դուք կարող եք կենտրոնանալ նրանց վրա», – պարզաբանել է նախարարը։
Վիճակագրությունը ցույց է տալիս փոփոխությունների մասշտաբը.
• 2024/25 ուսումնական տարում Վրաստանում ուսանողների ընդհանուր թիվը հասել է ռեկորդային 187.8 հազարի։
• Աճը պայմանավորված է օտարերկրացիների կողմից. նրանց թիվը աճել է մինչև 37.1 հազար, ինչը 21%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
• Միջազգային ուսանողների 85%-ը սովորել է մասնավոր համալսարաններում, հիմնականում բժշկական և մագիստրոսական ծրագրերում։
• Երեք տարվա ընթացքում օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է. 2021/22 թվականներին կազմել է 17.5 հազար։
Նոր որոշումը արմատապես փոխում է ընդունելության քաղաքականությունը և հավանաբար, էական ազդեցություն կունենա պետական համալսարանների տնտեսության վրա, որոնցից շատերը մեծապես կախված են միջազգային ուսանողների համար նախատեսված բարձր վարձավճարներից։
