Պարսից ծոցի կղզիների նկատմամբ պահանջների հարցում Թեհրանի համբերությունը անսահման չէ․ Իրանը զգուշացնում է ԱՄԷ-ին
Իրանը խիստ նախազգուշացում է հղել ԱՄԷ-ին՝ Պարսից ծոցի կղզիների նկատմամբ ենթադրյալ պահանջների վերաբերյալ, կապելով դրանք Աբու Դաբիի ավելի լայն տարածաշրջանային նկրտումների և գաղութային տերությունների հետ դաշինքների հետ, հաղորդում է Mehr-ը։
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին դիմել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանություններին՝ հետևյալ հարցով. «Արդյո՞ք իրանական կղզիների վերաբերյալ բազմիցս հնչող անհիմն պահանջները գաղութատիրական տերությունների հետ ձեր համագործակցության մասն են»։
Նա ընդգծել է, որ «իրանական ժողովրդի համբերությունն անսահման չէ»։ Ուրբաթ օրը Վելայաթին հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ կոչ անելով հստակ հայտարարություն անել այն մասին, թե ինչից է մինչ այժմ խուսափել հրապարակայնորեն խոսելուց։
«Մենք պետք է հարցնենք ԱՄԷ կառավարությանը, թե ի՞նչ էիք անում Եմենում։ Դուք նույնպե՞ս շահագրգռված եք Բաբ էլ-Մանդեբի նեղուցի սեփականության իրավունքով։ Ինչո՞ւ եք օկուպացրել Սոքոթրա կղզին և դա ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի ծովային հավակնությունների հետ։ Հավակնո՞ւմ եք նաև այդ կղզու և Հորմուզի նեղուցի սեփականությանը։ Ձեր էքսպանսիոնիստական քաղաքականության պատճառով Եմենում տասնյակ հազարավոր մահմեդականների արյուն է թափվե, իսկ այժմ՝ նաև Սուդանում։ Այժմ մենք պետք է հարցնենք. ի՞նչ է ուզում ԱՄԷ-ն Սուդանում և ինչո՞ւ եք դուք գործում այնպես, որը նպաստում է այդ երկրի բաժանմանը», – նշել է նա։
Վելայաթին հարցականի տակ է դրել, թե արդյոք ԱՄԷ-ն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հետ Սուդանում և թե ինչու են շատ վերլուծաբաններ նրանց գործողությունները ընկալում որպես «մոլորեցնող միջազգային կայսրություն» ստեղծելու փորձ։
«Իրանի կղզիների վերաբերյալ կրկնվող անհիմն պնդումները նույնպես գաղութային տերությունների հետ այս համագործակցության մաս են կազմում։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը պնդել Աբու Մուսա կղզու սեփականության մասին, որը հազարավոր տարիներ պատկանել է Իրանին՝ մինչև ԱՄԷ-ի հիմնադրումը։ Իրանի ժողովրդի համբերությունն անսահման չէ», – հավելել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը։
