Միացյալ Նահանգները՝ «Թուկիդիդեսի ծուղակում». ավելի շուտ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կփլուզվեն, քան Ռուսաստանը. Չարլզ Ֆրիման

Միացյալ Նահանգներն արդյունավետ չի արձագանքում աշխարհում Չինաստանի դերակատարության աճի դինամիկային: Չինական տերմինաբանությամբ ասած՝ Միացյալ Նահանգները մեծ ցատկ է անում դեպի հետ, ոչ թե առաջ, իսկ չինացիները մեծ մասամբ ամեն ինչ ճիշտ են անում։ Այս մասին նորվեգացի քաղաքագետ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով նախկին տեղակալ (1993-1994 թթ.), Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան (1989-1992 թթ.), 1980-ականներին Չինաստանում՝ Պեկինում, ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Չարլզ Ֆրիմանը՝ խոսելով «Թուկիդիդեսի ծուղակը և Միացյալ Նահանգների արձագանքը Չինաստանի վերելքին» թեմայի շուրջ։

«ԱՄՆ-ը սահմանադրական ճգնաժամի կես ճանապարհին է։ Ամերիկյան դիվանագիտական կորպուսում ամեն երրորդը թոշակի գնալու նախապատրաստման գործընթացի մեջ է, բարոյալքումը հասել է ծայրահեղ աստիճանի։ Այնպես որ, մենք ոչ մի բան ճիշտ չենք անում, իսկ չինացիները մեծ մասամբ ամեն ինչ ճիշտ են անում»,- նշել է Ֆրիմանը։

Պրոֆեսոր Գլեն Դիզենն էլ իր հերթին նկատել է, որ աշխարհն այսօր ապրում է միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանի ավարտի և երկբևեռ աշխարհակարգի դարաշրջան թևակոխելու կրիտիկական պահը, և, որ Չինաստանը գլխավոր տերությունն է, որը խանգարում է Միացյալ Նահանգներին պահպանել իր հեգեմոն դիրքն աշխարհում:

Չարլզ Ֆրիմանի գնահատմամբ՝ ազգային հզորության և ներուժի համապարփակ ցուցանիշի հավասարակշռությունը շեղվում է՝ ի վնաս Միացյալ Նահանգների։

Կարդացեք նաև

«Ի դեպ, ինձ դուր չի գալիս «բազմաբևեռ» տերմինը, քանի որ բևեռը երկչափ գծի վերջն է, իսկ մենք շատ ավելի բարդ միջազգային իրավիճակում ենք։ Ես գերադասում եմ «բազմահանգույց» եզրույթը։ Հանգույցը եռաչափ միակցիչ է, որտեղ կարելի է շատ բան միացնել, կամ անջատել, կամ շուռ տալ հանգույցը, և ես կարծում եմ՝ մենք վերջ ենք դնում այն աշխարհին, որում պետությունները կարող են սերտ հարաբերություններ ունենալ մեկ ասպեկտով, ասենք՝ տնտեսական ոլորտում, մինչդեռ քաղաքականապես թշնամական հարաբերությունների մեջ լինեն։

Անշուշտ, սա է իրականությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև այս պահի դրությամբ։ Կամ, ընդհակառակը, կարող են ունենալ սերտ քաղաքական հարաբերություններ և շատ քիչ տնտեսական համագործակցություն։ Այնպես որ, մենք կարող ենք ռազմականապես թշնամական հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ, բայց, այդուհանդերձ, այլ տնտեսական հարթության վրա, մենք կունենանք մեծ փոխադարձ կախվածություն»,- ասել է Ֆրիմանը։

Իսկ Եվրոպան, ինչպես նշել է պաշտոնաթող դիվանագետը, իր կարծիքով՝ անկայուն վիճակում է ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ռուսաստանի արձագանքի կամ պատասխանի հետևանքով։ Չարլզ Ֆրիմանի կարծիքով՝ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ ենք տեսնելու եվրոպական պետությունների միջև հարաբերություններում։

«Օրերս նկատեցի, որ Կայա Կալասը, որը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է, խոսում էր այն մասին, թե ինչքան հրաշալի կլիներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը մասնատվեր ավելի կառավարելի մասերի, և ինչքան շատ էի մտածում այդ մասին, ավելի շատ էի հասկանում, որ իրականում ավելի մեծ հավանականությամբ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կփլուզվեն, քան Ռուսաստանի Դաշնությունը։

Նրանք մեծ ճնշման տակ են։ Եվրոպան արդյունավետ չի արձագանքում ո՛չ Ուկրաինայում Ռուսաստանի հաջողություններին, ո՛չ տրանսատլանտյան հարաբերությունների դժվարություններին, Եվրոպայից դուրս գալու ամերիկյան սպառնալիքներին, ամերիկյան աջակցության որոշ ասպեկտների դադարեցմանը։ Նա նաև արդյունավետ չի արձագանքում Չինաստանի՝ հարստության և իշխանության վերադառնալուն»,- կարծում է Չարլզ Ֆրիմանը։

Դիվանագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ Չինաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականությունը վարում է ոչ թե փորձագիտական հանրությունը, այլ ամերիկյան «բազեները», որոնց մեծ մասը երբեք չի եղել Չինաստանում, երբեք չեն ուսումնասիրել այդ երկիրը, չգիտեն չինարեն և չինական պատմությունը, բայց համոզված են, որ գիտեն Չինաստանի մասին՝ ինչ որ պետք է։

«Դուք հիշատակեցիք «Թուկիդիդեսի ծուղակի» տեսությունը։ Ես կարծում եմ՝ այն ամերիկյան վարքագծի հիանալի նկարագրություն է։ Չեմ կարծում, որ դա չինացիների վարքագծի լավ նկարագրություն է, և ես խորհում եմ այն մոդելների մասին, որոնք վերցված են Եվրոպայի փոթորկալից պատմությունից, որտեղ միմյանց հետ մրցակցում են բազմաթիվ փոքր երկրներ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են մեծ տերություններ, տեղի են ունենում մեծ բախումներ։

Վերադառնալով նրան, թե ինչպես Թուկիդիդեսը վարվեց Պելեպոնեսյան պատերազմի հետ, բայց, հնարավոր է, շարունակելով այս կամ այն չափով հաջորդած ավելի քան երկու հազար տարվա  պատմության ընթացքում, կիրառելի՞ է արդյոք այն այլ մշակույթների նկատմամբ։ Ես տեսնում եմ դրա կիրառումը Հնդկաստանում, որը երբեք միասնական չի եղել, այն եղել է բազմազգ ու բազմակրոն, այն Եվրոպայի պես Եվրասիական մայրցամաքի շարունակությունն էր՝ բազմաթիվ քաղաքակրթություններով, որոնք մրցում էին իրար հետ հաճախ շատ դաժանորեն։

Ի դեպ, Չինաստանն այդ փորձն ունեցել է մի քիչ ավելի վաղ, բայց առաջին չին կայսրը միավորել է Չինաստանը, և այդ ժամանակվանից ի վեր այն մեծ մասամբ եղել է միասնական քաղաքակրթական պետություն:

Հնդկաստանը այդպես չէր, մինչև բրիտանացիները չնվաճեցին Հնդկաստանը, և հետո, իհարկե, այն բաժանվեց երեք մասի, և նրանից առանձնացավ նախ՝ Պակիստանը, ապա՝ Բանգլադեշը: Ամեն դեպքում, ինձ զարմացնում է մշակութային բաղադրիչի բացակայությունը Թուկիդիդեսի տեսության և Ջոն Միրշայմերի «հարձակողական ռեալիզմի» մեջ: Կարծում եմ, որ այն աշխատում է որոշակի համատեքստերում: Համոզված չեմ, որ այն աշխատում է այլ դեպքերում»,– այսպես է «Թուկիդիդեսի ծուղակի» տեսությունը մեկնաբանել ամերիկացի դիվանագետը։

Չարլզ Ֆրիմանը 1960-ականներին աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Չինաստանի բաժնում։ 1972 թվականին եղել է ԱՄՆ պատվիրակության գլխավոր թարգմանիչը նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Հետագայում նշանակվել է Պետդեպարտամենտի Չինաստանի Հանրապետության գործերով տնօրենի տեղակալ՝ այդ ընթացքում Հարվարդի իրավագիտության դպրոցում ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։

Չարլզ Ֆրիմանը որոշակի դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների վերականգնման գործում։ 1980-ականներին եղել է Չինաստանում՝ Պեկինում, ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը։

Տեսանյութեր

Լրահոս