Նիկոլ Փաշինյանը գործում է վախից․ Իշխանությունն այսօր հարված է հասցնում եկեղեցուն՝ վերջին ինստիտուցիոնալ հակակշռին․ Մուրադ Փափազյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց․ նա չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվեց անազատության մեջ՝ շատերի համար անհասկանալի ու արագացված գործընթացների հետևանքով։
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական սատելիտները սա փաթեթավորում են եկեղեցին բարեփոխելու օրակարգով, սակայն ամենևին չեն խուսափում այս «վեհ հանձնառության» համար իրենց օգնականների շարքում դիտարկել այն հոգևորականներին, որոնց հասցեին ժամանակին տարբեր մեղադրանքներ էին հղում ու հենց որոնցից ուզում էին մաքրել եկեղեցին։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն այս իրողություններին անդրադառնալով արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար շեղման առաջ ոչ ոք իրավունք չունի լռելու։
«Հայաստանն օրեցօր ավելի է ընկղմվում ավտոկրատիզմի մեջ։ Այն, ինչ ներկայացվում էր որպես «թավշյա հեղափոխություն», մեր աչքի առաջ վերածվում է մի վարչակարգի, որը հալածում է, սպառնում է և լռեցնում,- 168․am-ի հետ զրույցում նշեց սփյուռքահայ գործիչը, ապա անդրադառնալով Արշակ Սրբազանի կալանավորմանը՝ նկատեց,- Հայաստանի չորրորդ եպիսկոպոսի ձերբակալությունը առանձին դեպք չէ․ այն շարունակում է քաղաքական դրդապատճառներով իրականացված բազմաթիվ ձերբակալությունների շարքը։ Իշխանությունն այսօր հարված է հասցնում եկեղեցուն՝ վերջին ինստիտուցիոնալ հակակշռին»։
Ըստ Մուրադ Փափազյանի՝ հետևողական ճնշումները դարձել են գործող վարչակարգի առօրյան։
«Նիկոլ Փաշինյանը գործում է վախից։ Հարցման արդյունքները կործանարար են նրա համար, ժողովրդի վստահությունը փլվում է, և նա վախենում է հունիսի 7-ի ընտրություններից։ Այդ պատճառով է, որ նա ազատազրկում է, սպառնում և լռեցնում։ Նա պատրաստվում է ոչ թե ժողովրդական ընտրության, այլ իշխանության զավթման տրամաբանությամբ։
Երբ ժողովուրդն փորձում է քեզ պատժել, երկիրը «փակելու» գայթակղությունը դառնում է քաղաքական ինքնապահպանման միջոց։ Այսպես օրեցօր հեռանում է 2018-ի խոստումը։ Դեմոկրատիայի փոխարեն ունենք կամայականություն, թափանցիկության փոխարեն՝ ճնշում․ իրավական պետության փոխարեն՝ անհատի իշխանություն, որը զգում է սպառնալիքը և ամեն գնով պայքարում է մնալ իշխանության։ Այս իրավիճակում ոչ ոք իրավունք չունի լռելու։ Ով սիրում է Հայաստանը, պետք է միավորվի և կանգնի այս իշխանազավթման դեմ։
Հայաստանին անհրաժեշտ է հաշտեցում, ոչ թե բաժանում, միասնություն, ոչ թե կուսակցական հաշվեհարդարներով կոտրված երկիր։ Հայաստանին պետք է իրական ազգային ծրագիր՝
- ժողովրդավար Հայաստան՝ ազատությունների և հակակշիռների հարգմամբ,
- Հայաստան, որը պաշտպանված է հստակ և արդյունավետ դաշնություններով,
- Հայաստան, որը զարգացնում է տնտեսությունը,
- Հայաստան, որը չի մերժում իր ինքնությունը, այլ այն վերածում է ուժի։
Այս անհրաժեշտ վերածննդի համատեքստում սփյուռքը կրում է առանցքային դեր․ նա կարող է, նա պարտավոր է նպաստել ազգային գիտակցության վերականգնմանը։
Հայաստանը չի կարող դառնալ մեկ մարդու կամ կլանի սեփականություն․ Հայաստանը պատկանում է բոլոր հայերին՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Իսկ նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, պարտավոր են այն պաշտպանել՝ այսօր, քանի ուշ չէ»,- ամփոփեց սփյուռքահայ գործիչը:
