Ոլորտներից մեկը, որ դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան. Հաջիև

Համագործակցության ոլորտներից մեկը, որը դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան, Դոհայի միջազգային ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջին հանդիպմանը սահմանազատման գործընթացից զատ, քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշ ոլորտներ։

«Այն ոլորտներից մեկը, որը մենք ներկայումս դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նաև աննախադեպ զարգացում է», – նշել է Հաջիևը:

Հաջիևն իր խոսքում կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչի հետ քննարկման մյուս բանախոսը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի համաձայնել՝ շեշտելով, որ դա միջանցքի վերաբերյալ օգտագործվող տերմինը դա անընդունելի է հայկական կողմի համար:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ ճանապարհի ապաշրջափակումը կոչվում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճում»:

«Եվ մենք հավատարիմ ենք այս տերմինին», – ասել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ հայ ժողովուրդը պատրաստ է խաղաղության:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, որի մասին հիշատակել է Հաջիևը, կայացել է նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Այս նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ կողմերը վերահաստատել են նախկին՝ հյուսիսից հարավ սահմանազատելու համաձայնությունը, նաև քննարկել սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցերի նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս