ՊՆ-ն հրապարակման ենթակա չի համարում Քննիչ հանձնաժողովում և 44-օրյային առնչվող քրեական գործերի շրջանակում հրապարակված տեղեկությունները

Հոկտեմբերի 8-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով՝

– ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը 44-օրյա պատերազմին առնչվող ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախաձեռնած վերլուծությունը ներկայացրե՞լ է ԱԽ նիստում, որը պետք է արվեր դեռ 2021 թվականին, ե՞րբ է ներկայացվել, և ԳՇ պետերից ո՞վ է եղել ներկայացնողը:

– ԳՇ-ում կամ ՊՆ-ում կա՞ արդյոք 2020 թվականի հուլիսյան մարտերի վերլուծություն, ինչպես նաև՝ այդ մարտերից հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին պատերազմի հավանականության վերաբերյալ մասնագիտական ի՞նչ գնահատական է տրվել՝ հավանական, խիստ հավանական… և ի՞նչ հրամաններ են տրվել ԳՇ պետի կողմից, երբ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով հասկանալի է դարձել՝ պատերազմ է սկսվելու:

– 2020 թվականի հոկտեմբերին հաստատված և ձախողված հայտնի հակահարձակման օպերացիայի գործողությունների գրավոր պլան ԳՇ-ում եղե՞լ է, և ովքե՞ր են ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից և ՊՆ ազգային ինստիտուտից մասնակցել այս դրվագով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մեղադրանքի շրջանակում ռազմագիտական փորձաքննությանը, որից հետո նա արդարացվել է:

Կարդացեք նաև

– 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվե՞լ է Պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբ:

– Արծրուն Հովհաննիսյանն ինչի՞ հիման վրա է նշանակվել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, և արդյո՞ք պետական գաղտնիքին հասանելիության թույլտվություն ունեցել է:

– Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ի՞նչ փուլում է գտնվում կամ վիճակում է, առհասարակ, պաշտպանության նախարարների մակարդակով շփումներ կա՞ն, թե՞ սառեցված են, և արդյո՞ք հին պայմանագրերի թարմացում և նոր պայմանագրեր նախատեսվում են:

– Խնդրում ենք ներկայացնել այս տարվա կտրվածքով մինչև այս պահը ոչ մարտական և մարտական մահվան դեպքերի վիճակագրությունը, և ո՞ր կորպուսներում են դրանք արձանագրվել:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից նշել են, որ հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա, ուստի բոլոր հարցադրումների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը մերժվում է:

Ինքներս ուսումնասիրել և ի մի ենք բերել Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյայից առաջ, դրա ընթացքում և հետո նմանօրինակ տվյալների հրապարակման փաստերը։ 

Մեր հարցադրումներից շատերն ընդամենն «այո» կամ «ոչ» պատասխան էին պահանջում, օրինակ, 44-օրյայի զեկույցի՝ ԱԽ նիստում ներկայացման մասին հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, և մենք ընդամենը փորձել էինք պարզել՝ արդյո՞ք դա իրականացվել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, 44-օրյա պատերազմին առնչվող ԳՇ վերլուծությունն Օնիկ Գասպարյանից հետո ներկայացվել է և բուռն քննարկում է եղել: Սա՝ առաջին:

Երկրորդ, բանակում մարտական և ոչ մարտական մահվան դեպքերի մասին վիճակագրություն համապատասխան մարմինները ներկայացնում են տարվա վերջում կամ ավելի ուշ, ի վերջո, դրանք կարելի է ի մի բերել պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա:

Երրորդ, 2023 թվականի օգոստոսին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է կամ լիովին հավանական, կամ խիստ հավանական, իսկ հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների ֆոնին գնահատվել է խիստ հավանական:

Չորրորդ, 44-օրյային առնչվող քրեական տարբեր գործերի շրջանակում հայտնի է դարձել և հրապարակվել ԳՇ պետի արձակած հրամանների ժամանակն ու բնույթը:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու և ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 041 կարգադրությունը, որով հրամայել է պաշտպանության բանակի հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը և դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Վերոնշյալ թիվ 041 կարգադրության հիման վրա պաշտպանության բանակի հրամանատարը 2020 թվականի սեպտեմբերի 24-ին արձակել է թիվ 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում դրությունում և գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՀՀ ԶՈւ զորքերի զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին բացահայտելու, դրանց դիմագրավելու, անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 046 կարգադրությունը, որով պաշտպանության բանակի հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձևերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում և անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի և այլն:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցությանը, ապա այս մասին ևս երկրի ղեկավարության կողմից տարբեր հայտարարություններ արվել են:

Ըստ այդմ, հաշվի առնելով ներկայացվածը, մնում է եզրահանգել, որ Պաշտպանության նախարարությունը ոչ պատշաճ և ոչ բարեխիղճ գործելաոճ է դրսևորել մեր հարցմանը պատասխանելու հարցում:

Բնականաբար, մենք դեմ ենք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակայնացմանը, բայց, օրինակ, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պիտի ուղարկվի համապատասխան գերատեսչություններ, և մենք ընդամենը փորձում ենք պարզել՝ Պաշտպանության նախարարություն այն ուղարկվե՞լ է, այստեղ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ո՞րն է:

Տեսանյութեր

Լրահոս