44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական խախտումներն ու մանևրները

Հոկտեմբերի 31-ին 168.amգրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա մեզ գրավոր հայտնել է, որ նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերին է նամակով դիմելու խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար:

Այսինքն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ սեպտեմբերից պատրաստ է, սակայն Անդրանիկ Քոչարյանը քաղաքական բարենպաստ, հանդարտ, շահեկան պահի է սպասում ԱԺ նախագահին դռնփակ նիստ հրավիրելու նպատակով նամակ ուղարկելու համար:

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ զեկույցը չի ուղարկվել նաև համապատասխան գերատեսչություններ, և երբ զեկույցը կուղարկվի, և կունենան նրանց կարծիքը, այդ ժամանակ էլ կորոշվի զեկույցի բաց կամ փակ լինելու հարցը: Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ, հնարավոր է՝ զեկույցի ներկայացման բաց մաս չլինի։

Կարդացեք նաև

Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 44-օրյային առնչվող տեղեկատվության բաց լինելն իրենց «փրկությունն» է՝ հիշեցնելով Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթը, որից հետո հարցաքննությունը շարունակվել է դռնփակ:

Սակայն Ալեն Սիմոնյանը մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ հրապարակային հարցաքննությունից:

Փոխարենը՝ ԱԺ նախագահը լրագրողներին ասել է, որ եթե պատերազմի հետ կապված որևիցե ինֆորմացիա փակ է, պատճառը միջպետական հարաբերություններն են։

Նշենք, սակայն, որ դա միակ պատճառը չէ, որ իշխանությունները փակ են պահում պատերազմական տեղեկատվությունը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հաղորդել, այդ թվում՝ միջպետական և դաշնակցային հարաբերություններին առնչվող:

Մասնավորապես, ընթացիկ տարվա ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ–ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:

168.am-ը ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններում, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերի՞ն է եղել, թե՞ այլ ժամանակահատվածում, և ի՞նչ հիմնավորմամբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը:

Մեկ ամիս հետո՝ մայիսին, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ նշել էր, որ «ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրված պաշտոնական պարզաբանումներից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը նման պատասխան էր տվել և ոչ թե հիշեցրել էր պետական գաղտնիքի մասին օրենքը:

Ինչևէ, վերադառնանք Անդրանիկ Քոչարյանի՝ պատրաստ զեկույցը համապատասխան գերատեսչություններ և ԱԺ նախագահին չուղարկելու մասին հայտարարությանը, և ներկայացնենք, թե ինչ է սահմանում այս առնչությամբ ԱԺ կանոնակարգ-օրենքը։ 

Այսպես՝ օրենքի՝ Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվող հոդված 22-ը սահմանում է.

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը:

(լր. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում նշված անձն իրավունք ունի՝
(փոփ. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ.

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:

Արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմին առնչվող հարցաքննությունների արձանագրություններն ու զեկույցն ուղարկել է Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձանց, նախկին և ներկա ռազմական ղեկավարությանը և ոչ միայն, հայտնի չէ, այս մասին չի էլ խոսվել: Առաջիկայում մենք կփորձենք պարզել նաև այս հարցը:

Իսկ Քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հոդված 25-ում էլ նշվում է.

1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:

3. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

4. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետևյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

3) մտքերի փոխանակություն.

4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը.

5) հարցի քննարկման տևողությունը կարող է սահմանվել 90 րոպեից մինչև երեք ժամ:

5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում: Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Այսինքն, օրենքում սահմանված չէ, թե զեկույցն ավարտելուց ինչ ժամկետում պետք է այն ներկայացվի համապատասխան գերատեսչություններին և նրանից հատուկ կարծիք ստացվի, մյուս կողմից, այստեղ, ըստ էության, հստակ նշվում է, որ ԱԺ նախագահին դիմելուց հետո և այդ հարցի քննարկումից հետո է զեկույցն ուղարկվում համապատասխան գերատեսչություններ, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանը մեկամսյա ժամկետում ԱԺ նախագահին ուղարկել:

Բացի այս, օրենքում չի նշվում, թե Քննիչ հանձնաժողովի նախագահը զեկույցն ավարտելուց հետո ինչ ժամկետում պետք է նամակով դիմի ԱԺ նախագահին կամ զեկույցը ներկայացնի, այլ միայն նշվում է, որ նրան դիմելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ԱԺ նիստ հրավիրվի: Օրենքում առկա որոշակի բացերն ու հստակությունների բացակայությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին գուցե թույլ է տալիս մանևրելու, բայց անգամ այս դեպքում չի կարելի արդարացնել դրսևորվող կամայականությունը՝ կապված զեկույցի ներկայացման հետ:

Եթե միայն դեկտեմբերի կեսերին է պատրաստվում Անդրանիկ Քոչարյանն այս հարցով դիմել ԱԺ նախագահին, ստացվում է՝ զեկույցը ներկայացվելու է արդեն 2025 թվականին: Անդրանիկ Քոչարյանի դեպքում սա զարմանալի չէ, քանի որ նա, օրինակ, Քննիչ հանձնաժողովի ողջ նյութերը որոշել էր դարձնել անձնական սեփականություն, և սեփական աշխատասենյակում պահել, այն դեպքում, երբ դրանց պահպանման համար ԱԺ աշխատակազմում հատուկ բաժին կա: Կամ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ, իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց սրանից հետո գրեթե մեկ տարի էլ ծախսվել է զեկույցի պատրաստման վրա:

168.am-ն այս հարցին մանրամասն անդրադարձել է։ Մենք հղում էինք կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 26-ին, որը վերաբերում է Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:

Այսինքն, զեկույցի կազմման գործընթացը պետք է տեղի ունենար հանձնաժողովին տրամադրված լիազորությունների ժամկետում, հատկապես, երբ այն 6 ամիս հետո ևս մեկ անգամ 6 ամսով երկարաձգվել էր:

Մյուս կողմից, նույն հոդվածում նշվում է, որ «Քննիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից»:

Այսինքն, կամ՝ լիազորություններն ավարտված պիտի համարել դեկտեմբերի 3-ին, երբ հանձնաժողովի բուն աշխատանքներն ավարտել են, կամ՝ ԱԺ նիստում զեկույցի քննարկումից հետո: Սեպտեմբերին Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, քանի որ զեկույցը պատրաստ է: Բայց օրենքում չկա, այսպես ասած, միջին ժամկետ: Ո՞ր դեպքն է ընտրում Անդրանիկ Քոչարյանը, իսկ գուցե մտափոխվե՞լ է և ընտրել է այն տարբերակը, որ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից», և դրա համար էլ կամայականորեն, ըստ էության, առանց լուրջ հիմնավորման ուշացնում է զեկույցի ներկայացումը:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը խախտել էր նաև ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որով հստակ ձևակերպված է, որ՝ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»:

Ի դեպ, ԱԺ կանոնակարգ-օրենքում մի ուշագրավ ձևակերպում էլ կա: Խոսքը վերաբերում է հոդված 22-ին, որտեղ, մասնավորապես, նշվում է. «…Պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը «սպառնում էր» Քննիչ հանձնաժողովում հարցաքննվելու հրավերը մերժած, մասնավորապես՝ զինվորական նախկին պաշտոնյաներին, իսկ օրենքը հստակ պահանջ է սահմանում:

Տեսանյութեր

Լրահոս