Հայաստանը զգալու է ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան նոր հարաբերությունների հետևանքները կամ օգուտները․ վերլուծաբան

Ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը փորձել է գաղտնազերծել Երևան-Բաքու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված կետերը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ այդ կետերը վերաբերում են 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայված եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջազգային իրավական վեճերի բացառմանը։

Նրա խոսքով, երրորդ չհամաձայնեցված կետը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին, հայտարարել է, որ այս պահին բանակցություններն ընթանում են, ճիշտ չի համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները։

«Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրսբերումը, փոխարտգործնախարարը պատասխանել է. «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում եմ, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»: Կոստանյանը վստահեցրել է՝ Սահմանադրության փոփոխության հարց բանակցվող փաստաթղթում չկա, սակայն սա, ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, ներկայումս գործընթացի գլխավոր խոչընդոտն է։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմը բոյկոտում է ռեգիոնում արևմտյան նախաձեռնությունները՝ գլխավորապես ՀՀ-Արևմուտք հարաբերությունների տեսքով։ Նրա խոսքով, երբ հայ-ադրբեջանական բանակցությունները, բոլոր հայտարարությունները դիտարկում ենք այս կետից, ապա ամեն բան պարզորոշ ուրվագծվում է։ Խրամչիխինը թվարկեց, որ Ադրբեջանը դեմ է դիտորդներին, դեմ է ՀՀ-Արևմուտք հարաբերություններին, արևմտյան երկրներից սպառազինությունների ձեռքբերմանը Երևանի կողմից, դեմ է բանակցային այն նախաձեռնություններին, որոնք գալիս են Արևմուտքից։

«Տեսնում ենք Ադրբեջանից Արևմուտքին ուղղված ինտենսիվ քննադատություն։ Դա հնչեց նաև նախօրեին, երբ Ադրբեջանի ղեկավարն Արևմուտքին մեղադրեց ռեգիոնում մի շարք քայլերի մեջ։ Ադրբեջանի դժգոհությունը վերաբերում է Արևմուտքի քաղաքականությանը Հարավային Կովկասում, որը վերջին շրջանում էականորեն կապված է Երևանի հետ, Բաքվի ու Թբիլիսիի հետ Արևմուտքի հարաբերությունները վերջին տարիներին այնպիսին չեն, ինչ Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն հարաբերությունները։ Ուստի Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ռեգիոնում Արևմուտքի ակտիվությանը։

Հնչում են հստակ հայտարարություններ, և Արևմուտքը կարող է արձագանքել, եթե մտահոգ է ռեգիոնալ զարգացումներով և ՀՀ-ի խնդիրներով։ Չէ՞ որ դիտորդական առաքելության հարցը դա ԵՄ-ի հարցն է, այդ պահանջին ԵՄ-ն կարող է ինչ որ կերպ արձագանքել, հարցը չթողնելով միայն Երևանի բանակցելու դաշտում, աջակցելով Երևանին»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։

Ներկայումս, նրա խոսքով, Թրամփի վերընտրությունը ենթադրում է մի շարք փոփոխություններ՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ համապատասխանաբար, ռեգիոնում, քանի որ ռեգիոնը կրելու է Թրամփ-Ռուսաստան և ԱՄՆ-Իրան ձևավորվելիք նոր հարաբերությունների հետևանքները կամ օգուտները։

Խրամչիխինի համոզմամբ, այս փոփոխություններն առավելապես զգալու է ՀՀ-ն, որն արտաքին քաղաքական շրջադարձի փուլում է գտնվում, փորձել է խորացնել հարաբերությունները Արևմուտքի՝ ԱՄՆ-ի հետ, ուստի Հավաքական Արևմուտքում ամերիկյան իշխանության փոփոխությունը փոփոխություն է նաև ՀՀ-ի համար։

«Իսկ դեմոկրատ իշխանության նախաձեռնությունները, այդ թվում՝ Անդրկովկասում, այլևս որևէ նշանակություն չունեն, կողմերը հայտնվել են նոր իրավիճակում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է բացահայտված կետերին, ապա, վերլուծաբանի կարծիքով, դրանցում որևէ նորություն չկա։ «Ադրբեջանն իր հստակ վերաբերմունքն է ցույց տալիս ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, հատկապես՝ Արևմուտքից սերտ հարաբերություններ կառուցում իր ավանդական դաշնակիցների՝ Բրիտանիայի ու Հունգարիայի հետ։ Այս կետերը ևս տեղավորվում են նշածս՝ Ադրբեջանի հակաարևմտյան քաղաքականության շրջանակում»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս