Սամվել Կարապետյանը մի պետության չափ ներդրում և բարեգործություն է կատարել Հայաստանում. Գոհար Մելոյան
«Այսօր թիրախավորված է մեր ամենահնագույն և առանցքային ինստիտուտը՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝ ընդգծելով՝ եկեղեցու դեմ արշավի համատեքստում է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով բանտում է հայտնվել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

«Սամվել Կարապետյանի բանտում գտնվելը Փաշինյանի իշխանության վախի դրսևորումն է։ Երբ եկեղեցին են թիրախավորում, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ դա արդեն կարմիր վերջին գիծն է։ Հենց այդ ընկալմամբ է գործել Սամվել Կարապետյանը ու դարձել քաղբանտարկյալ։ Այս իշխանությունը մինչ օրս կռիվ է տալիս նրա ազատության հետևանքների հետ»,- ասաց Մելոյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ այս իշխանությունը 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ Սամվել Կարապետյանի կալանավորման պահից սկսած թևակոխեց նախընտրական փուլ։
«Կառավարության նիստերի ընթացքում ժամերով ասֆալտ փռելու մասին ելույթները հենց նախընտրական տրամաբանության համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց նա։

Գոհար Մելոյանը նախընտական տրամաբանության համատեքստում դիտարկեց նաև Կառավարության այսօրվա նիստում քննարկված նախագիծը, որով նախատեսվում է 2026 թվականին ընդառաջ բարձրացնել պետական համակարգում աշխատող մարդկանց աշխատավարձերը։
«Հիշե՛ք՝ ինչպե՞ս սկսեցին հսկայական պարգևավճարներ տալ պետական համակարգում Կառավարության չզեկուցվող հարցերով։ Քաղաքացին չգիտեր՝ իր վճարած հարկերի հաշվին ո՞ւմ էին այդքան պարգևավճար տալիս։ Այսինքն՝ այս իշխանությունը վերացրեց հանրային հաշվետվության ինստիտուտը։ Հիմա, պարզվում է՝ աշխատավարձ են բարձրացնում՝ 2026-ի ընտրություններից առաջ՝ հրապուրիչ առաջարկ։
Սամվել Կարապետյանը մի պետության չափ ներդրում և բարեգործություն է կատարել Հայաստանում, հիմա՝ Փաշինյանը փորձում է հակակշիռ ստեղծել՝ բյուջեի գումարներով, բայց նա տապալվել է. նայեք, օրինակ, գործազրկության աճին»,- ասաց Մելոյանը։
Հարցազարույցի մանրամասները՝ տեսանյութում։

