«ՀՀ բյուջեից մեծ գումար է վճարվել թուրքամետ ընկերությանը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու»․ Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն իր վերջին խմբագրականում գրել էր, որ Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար․ մասնավորապես հրապարակվել է հոդված, որը Փաշինյանի վարչակազմի կողմից բացահայտ փորձ է արդարացնելու իր ամոթալի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների և քաղաքական ընդդիմության հասցեին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նկատեց՝ Հայաստանի կառավարությունը պետության սուղ բյուջեից 600.000 ամերիկյան դոլար է վճարում ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական ընկերությանը, իսկ գումարի մի մասը ծախսվում է՝ ոչ թե ի նպաստ Հայաստանի լոբբինգի համար, այլ՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։

«Փաշինյանն ամիսներով պայքարում է եկեղեցու դեմ, ամեն ինչ անում է, որ ջախջախի եկեղեցին, ձերբազատվի Վեհափառից։ Հիմա, այդ ընկերությունն 8 էջանոց «Սպիտակ փաստաթուղթ» անվանումով փաստաթուղթ է պատրաստել, որտեղ ամեն տեսակի հերյուրանքներ կան Եկեղեցու և հայաստանյան ընդդիմության դեմ։ Մեծ մասն անիմաստ և անհիմն բաներ են, նույնիսկ նշվում է, որ, եթե չխանգարեն պետությանը, պետությունը կզբաղվի ՀՀ շահերը պաշտպանելով, բայց Փաշինյանն ինքն է Հայաստանի շահերը ոտնակոխում։ Նա և կինը վերջին ամիսներին ֆեյսբուքյան իրենց էջերում ամենալկտի բառապաշարով գրություններ էին տեղադրում, և սա շատ ամոթալի է։ Այդ փաստաթուղթը հայաստանյան բյուջեի փողերի վատնում է»,- ասաց Հարութ Սասունյանը։

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ Վաշինգտոնում կան հարյուրավոր լոբբիստական ընկերություններ, ինչպե՞ս է պատահել, որ Հայաստանի իշխանություններն ընտրել են հենց այն ընկերությունը, որը Թուրքիայի համար է աշխատել, թուրքական գումարներ է օգտագործել հայության դեմ․

«Հարյուրավոր ընկերություններ թողել են, գնացել են թուրքամետ մի ընկերության հետևից, որին եթե Հայաստանը տարեկան 600.000 դոլար է տալիս, իրենք մեծ հաճույքով այդ փողը գրպանում են։ Ես տարիներ առաջ որոշ կազմակերպությունների համար PR ընկերություններ վարձել եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ ռիսկեր կան այդտեղ, ինչպես կարելի է օգտվել այդ ընկերություններից, որովհետև եթե չիմանաս այդ բաները, և վստահ եմ, որ Հայաստանում չեն իմանում, այդ 600.000 դոլարը լրիվ վատնվում է։

Այդ ընկերությունները խորամանկ են, տարիներով այդ գործի մեջ են և ամեն օր արտադրում են թղթաբանություն, ասելով, որ՝ մենք զանգել ենք այս կամ այն կոնգրեսմենին, սենատորին, Սպիտակ տուն և այլն, և այդպես մի իմիջ են ստեղծում, թե իրենք աշխատում են, ահագին թուղթ են արտադրում, բայց որևէ արդյունք չկա այդ թղթերից։

Զանգել են, հանդիպել են, խոսել են, բայց ո՞րն է արդյունքը։ Եթե չիմանաս այս ամենը, կբավարարվես այդ թղթի կտորներով, կարծելով, թե քեզ համար շատ մեծ աշխատանք են տանում, բայց իսկությունն այն է, որ քեզնով փող են աշխատում և քեզ խաբում են»։

Հարութ Սասունյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր աթոռն այնքան է սիրում, որ պատրաստ է ամեն ինչ զոհել, միայն թե մնա իր աթոռի վրա և վերընտրվի․

«Նրա ստրատեգիան հետևյալն է․ հաջորդ տարվա հունիսին ընտրություններ են, և մեկ տարի առաջ սկսել է, որ ով իր համար հակառակորդ է, ով կարող է խոչընդոտ լինել իր վերընտրությանը, փորձում է այդ մարդկանց մեջտեղից վերացնել։ Նա հետևողական ձևով նպատակադրվել է, որ չեզոքացնի բոլոր հակառակորդներին։ Նա պատահմամբ չէ, որ պայքարում է Եկեղեցու, ընդդիմության դեմ։ Իր համար կարևոր չէ՝ եկեղեցի է, կուսակցություն է, անհատ է, արվեստագետ է, բանաստեղծ է․ ով իր հետ համաձայն չէ, փորձում է այդ մարդուն չեզոքացնել»։

Անդրադառնալով հայաստանյան, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչների այցին Բաքու և դրանից հետո նրանց մանիպուլյատիվ հայտարարություններին, Հարութ Սասունյանն ասաց, որ բավականին վատ վերաբերմունք ունի այդ անձանց նկատմամբ․

«Առանց ամաչելու հայտարարում են, թե ով դեմ է այդ ամենին, հակահայ է, երբ իրենք են, որ օտար պետության գործակալ են դարձել՝ հետևելով իրենց շեֆի՝ Փաշինյանին օրինակին»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս