Ֆինանսական անվտանգության նոր չափանիշ Հայաստանի կառուցապատման և անշարժ գույքի շուկայում
Նոր նշաձող և չափանիշներ կառուցապատման ոլորտի համար։
«ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» կառուցապատող ընկերությունը, «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի գործակալությունը և «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում սկիզբ են դնում աննախադեպ համագործակցության։ Այդ համագործակցության շնորհիվ Հայաստանում բնակարանների ձեռքբերումն ու դրա համար վճարելն այլևս չի կարող քաղաքացիների համար մտահոգությունների տեղիք տալ. կառուցապատողի հետ տարբեր խնդիրներ ունենալու դեպքում վճարած գումարները կորցնելու վտանգն այլևս անցյալում է։
«ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» կառուցապատող ընկերությունը, «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի գործակալությունը և «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում իրականացնելու են գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով։ Սա նշանակում է 100 տոկոս ֆինանսական անվտանգություն։
Եթե կառուցապատողը չկատարի իր պարտականությունները, կամ շինարարությունը կանգնի, ապա գնորդը հետ կստանա իր գումարները՝ ոչ թե դատարանների միջոցով, այլ արագացված կարգով՝ 30 օրվա ընթացքում։
«Գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ծրագրի մեկնարկն ազդարարվեց եռակողմ հուշագրի կնքմամբ։ «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ»-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը, «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ»-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը և «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն իրենց ստորագրությունը դրեցին այս կարևոր հուշագրի տակ։
«ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ»-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը հպարտությամբ արձանագրում է, որ այս ամենն իսկապես պատմական է Հայաստանի անշարժ գույքի ոլորտի համար։
«Բավականին երկար տարիներ ես իմ գործընկերների հետ փորձում էի հասնել անշարժ գույքի գնման իրավունքի վճարների ապահովագրությանը, երկար տևեց, վերջապես հասանք։ Սա ժամանակին էր, որպեսզի խուսափենք կառուցապատողների շինարարության ուշացման, չկառուցելու, սնանկության գնալու խնդիրներից, քաղաքացիների գումարները 100 տոկոսով ապահովագրվում են։ Քաղաքացիները, ովքեր ձեռք կբերեն բնակարաններ, նրանք ապահովագրության համար վճարներ չեն անելու, վճարումներն անելու են «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» կառուցապատող և «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» ընկերությունները։

Լավ համագործակցություն սկսվեց «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» և «էՖԵՍ» ապահովագրական ընկերությունների հետ»,- հուշագրի ստորագրումից հետո նշեց Արայիկ Գոջաբաշյանը։
Նա շեշտեց ՝ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն առաջատարներից է, որը համաձայնեց ռիսկի դիմել։ Ծրագիրը մեկնարկային է, այս պահին երկու ծրագիր են իրականացնում, այն իրականացնում է «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը։
«Հետագայում այս ծրագրին կմիանան այլ կառուցապատողներ, սակայն նրանք բոլորը պետք է համապատասխանեն չափանիշների։ Սա իսկապես հեղափոխական մեծ քայլ էր Հայաստանի անշարժ գույքի ոլորտի համար։ Եթե ես լինեմ գնորդ և բնակարան ընտրեմ, ապա կընտրեմ այն շենքը, որն ապահովագրված է»,- հավելեց Արայիկ Գոջաբաշյանը։
Եզակի այս ֆինանսական գործիքն արդեն գործում է Գյուրջյան Կասկադ և Firdus Prime Residence նախագծերում՝ շինարարության ողջ ընթացքում՝ մինչև շենքի ավարտական վկայականը և բնակարանի՝ գնորդին փոխանցումը:
«ԱՐՏՔՈՄՓԱՆԻ»-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը խոստովանում է՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար բավականին երկար ճանապարհ են անցել՝ մոտավորապես 5-6 տարի։ Ընկերությունը երկար աշխատել է, որպեսզի կարողանա իրական ապահովագրություն իրականացնել գնորդների համար։

«Շատ հաճախ լինում է, երբ կառուցապատողը, Աստված ոչ անի, ձախողի, տարիներ կարող է տևել, մինչև գնորդն իր գումարները հետ ստանա։ Մեզ մոտ ստացվել է այնպիսի մի գործիք, որն անկախ նրանից, ինչ կարգավիճակում է վճարած կանխավճարները, ամբողջը՝ 30 օրվա ընթացքում ապահովագրողը հետ է վերադարձնում գնորդին, սա մեծ նվաճում է, իրական կյանքում սա նոր նշաձող է։ Այս խոսքերն այնպես չի ասված։

Այսօր հիշեք՝ նոր խաղացողների մուտքը Հայաստան պայմանավորված է լինելու այս նոր գործիքով»,- խոստանում է Վահե Պետրոսյանը:
Ըստ Վահե Պետրոսյանի, Եվրոմիության զարգացած երկրներն այս գործիքակազմն ունեն, նաև Միացյալ Նահանգները, Կանադան և Մերձբալթյան երկրները։ Հետխորհրդային բոլոր երկրները չէ, որ ունեն այս գործիքակազմը, ինչ-որ ժամանակ ունեցել է նաև Վրաստանը, բայց վերջին տարիներին խնդիրներ են առաջացել։ Այս առումով Հայաստանն առաջ է։
«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն ասում է՝ ընկերության թիմն արդեն 20 տարուց ավելի հանդիսանում է նորարարական և լավագույն փորձի փոխանցողը Հայաստանում։

«Շարունակելով այդ ճանապարհը և կառուցապատողներից ստանալով պահանջարկը՝ վերապահովագրական ընկերության գործընկերների հետ փորձեցինք մշակել այս նախագիծը։
Ակնհայտ է, որ կառուցապատողի ֆինանսական ռիսկերին առաջին հերթին պետք է նայել, կարևոր է, որպեսզի կառուցապատող ընկերություններն ունենան թափանցիկ աուդիտ արված հաշվետվություններ, գործընթացներ»,- նշում է նա։
Արևշատ Մելիքսեթյանը վստահեցնում է՝ հոգատար թիմ կա, մարդիկ կան, որոնք այս ամենը կյանքի են կոչում քաղաքացիների համար։

Այս երեք ընկերություններն այնպես են արել, որ քաղաքացիների համար բնակարանի գնումը լինի ուրախություն, այլ ոչ թե վիճակախաղ։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը հիշեցնում է՝ կառուցապատումը համարվում է երկրի տնտեսության լոկոմոտիվ ճյուղը։
«Այսօր կառուցվում են տասնյակ հազարավոր բնակարաններ Երևանում և Երևանից դուրս, և անշարժ գույք ձեռք բերելիս գնորդները կանգնում են լուրջ մտահոգությունների առջև՝ ի՞նչ ընտրություն կատարեն, անվտանգության ի՞նչ երաշխիքներից օգտվեն՝ տարբեր ռիսկերից խուսափելու համար։ Այս նախագիծը շոշափելիորեն նվազեցնում է գնորդների ռիսկերը։ Քաղաքաշինության պատմության մեջ սա առաջին նման դեպքն է՝ ողջունելի է, լիահույս ենք, որ ապագայում սա լավ օրինակ կծառայի նաև այլ կառուցապատողների համար ևս, որպեսզի գնորդների ռիսկերը հնարավորինս ապահովված լինեն»,- ընդգծում է նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


