Ընտրության պատրանք․ Իշխանությունը կարող է փոխվել միայն փողոցում

Հանրային ապատիան, անտարբերությունը ցանկացած իշխանության ամենամեծ դաշնակիցն է ընտրությունների ժամանակ։ Ինչպես որ շատ հարմար արդարացում է իշխանափոխության խոստումով ընտրություններին մասնակցող ու տապալվող ընդդիմության համար՝ ձախողման մեղքը հասարակության անտարբերությամբ պայմանավորելու առումով։

Ապատիան, սակայն, չի կարող պայմանավորված լինել միայն հասարակության որակով կամ պետության հանդեպ անպատասխանատվությամբ։ «Անորակ հասարակությունը» բոլորին հարմար, բայց խիստ մակերեսային ախտորոշում է, որը քիչ կապ ունի անտարբերության սկզբնապատճառների հետ։

Մակերեսից անդին հանրային անտարբերությունը կարող է լինել եթե ոչ՝ ամբողջ հասարակության, այլ՝ դրա էական շերտերի ոչ թե անորակության, այլ ճիշտ հակառակը՝ բարձր որակի արտահայտություն։ Առջևում խորհրդարանական ընտրություններ են, բոլոր քաղաքական ուժերը զբաղված են դրանց պատրաստությամբ։ Իշխանության անելիքը պարզ է՝ ցանկացած գնով վերարտադրվել։

Ընդդիմադիր բազմաթիվ ուժերի, գոնե դրանցից հիմնականների ընտրական գլխավոր հայտն իշխանափոխությունն է, որի ձախողման համար, ավանդույթի համաձայն, հանրային անտարբերությունը հռչակվելու է՝ որպես հիմնական պատճառ։

Կարդացեք նաև

Բայց գրեթե ոչ մեկը չի խոսելու այն մասին, որ դա լինելու է ոչ թե հանրային անտարբերության, այլ հասարակության՝ քաղաքական գրագիտության արտահայտություն։ Ներկայիս իշխանությունների պայմաններում ընտրություններով իշխանափոխության հնարավորությանը կարող են հավատալ հանրության՝ միայն ամենամակերեսային դատողություններով առաջնորդվող անդամները, որոնք քաղաքականության մասին պատկերացում են կազմում սոցցանցային մի քանի վայրկյանանոց հոլովակներով ու զանազան «փրկիչների» հայտնությամբ։

Հասարակության այն հատվածը, որը գոնե նվազագույն քաղաքական մտածողություն ունի, պատկերացնում է իշխանության բնույթը, գիտակցում է, որ հանուն վերարտադրության՝ իշխանություններն անելու են առանց բացառության ամեն ինչ։

Այսինքն՝ արդեն իսկ այսօր ակնհայտ է, որ եթե զարգացումները հասնեն ընտրությունների, բուն ընտրական ակտը դառնալու է իշխանության վերարտադրության արձանագրման միջոցառում։ Հասարակության ապատիան, ահա, պայմանավորված է ոչ թե փոփոխություններ չցանկանալով կամ իշխանություններին լատենտ աջակցությամբ, այլ պարզ գիտակցմամբ, որ ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում ընտրություններին անգամ ամենաակտիվ մասնակցությունն ի վերջո հանգեցնելու է իշխանության վերարտադրության լեգիտիմացմանը։ Եվ սոցիոլոգիան այս հարցում որևէ դերակատարում չունի ավտորիտար համակարգերում սոցիոլոգիայով առաջնորդվելն  ինքնախաբեություն է։

Անայլընտրանք թվացող այս պայմաններում միակ, ամեն օրվա հետ տեսական դարձող հնարավորությունը մինչև ընտրությունները քաղաքական գործընթացի գեներացումն է, որը, բնականաբար, էլի պետք է հանգեցնի ընտրությունների, բայց միանգամայն այլ ստատուս-քվոյի պայմաններում, որում իշխանությունն առնվազն չի ունենա վարչական և հանրային ռեսուրսն իրեն ծառայեցնելու հնարավորություն։

Այս պահին նման քաղաքական գործընթացի որևէ տեսանելի նշան չկա, ինչն էլ պայմանավորում է հանրության՝ քաղաքականապես նվազագույն գիտելիք ունեցող հատվածի ապատիան, որն իր անտարբերությամբ չի ցանկանում մասնակից դառնալ իշխանության վերարտադրության ծեսին՝ հետո իշխանափոխության տապալման մեղավոր հռչակվելու երաշխավորված հեռանկարով։

Մարդիկ ցանկանում են փոփոխություն, բայց չեն հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությանը։ Իսկ դա արդեն ոչ թե քաղաքական ապատիա է, այլ քաղաքական հասունություն։ 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս