Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին. առաջնորդն անդրադարձել է երկրի ընթացիկ հարցերին՝ շեշտելով դիմադրության կարևորությունը, գովասանքի խոսքեր ուղղել «Բասիջի» կամավորական ուժերին։

Իր ելույթում Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ Իրանը «ամուր կանգնած է աշխարհի բռնակալ տերությունների դեմ»՝ նշելով, որ նման դիմադրությունը չափազանց կարևոր է։ Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին և հայտարարել. «Մենք պարտության մատնեցինք ԱՄՆ-ին և Իսրայելին 12-օրյա պատերազմում»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը այդ պատերազմի ընթացքում մեծ կորուստ է կրել՝ չնայած իր ամենաառաջադեմ զենքերի կիրառմանը։ Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը 20 տարի շարունակ պլանավորում էին Իրանի դեմ պատերազմը։

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին նաև զգուշացրել է, որ Իսրայելը շարունակում է իր հարձակումները Լիբանանի, Սիրիայի, Արևմտյան ափի և Գազայի վրա՝ «ԱՄՆ-ի աջակցության պատճառով» և Իսրայելի ղեկավարին ներկայացրել է որպես «մոլորակի վրա ամենաատելի մարդ»։

Ելույթի առանցքային թեմաներից էր «Բասիջի» կամավորական ուժերի դերը։

«Բասիջը ներառում է բոլոր նրանց, ովքեր կարող են ծառայել երկրին, ազգին բոլոր ոլորտներում»,-ասել է նա և կոչ արել մշտապես հիանալ «Բասիջի դիմադրության ուժերով»՝ նպատակ ունենալով «մեծացնել ազգային հզորությունը»։ Նա ասել է, որ հունիսյան 12-օրյա պատերազմում զոհված գիտնականները «բոլորը Բասիջի անդամներ էին»։

Վերջում նա համընդհանուր միասնության կոչ է արել. «Մենք բոլորս պետք է միասնական լինենք թշնամիների դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս