Թքած ունենալու կոշտ արվեստը. Համատարած խնդիրները թողած՝ իրենց համար թանկարժեք, բարձր դասի «պադավատներ» են գնում

Իշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։

Ո՞ր լավ գործերի համար են իրենց այսպես առատաձեռն պարգևատրում՝ պարզ չէ։ Երկիրը դժոխքի են վերածել, մարդկանց կյանքը՝ մղձավանջի։ Հազարավոր հրատապ ու անհրաժեշտ խնդիրներ կան լուծելու, իրենց համար թանկարժեք «պադավատներ» են գնում, ծառայողական մեքենաների պարկն են թարմացնում ու համալրում նորերով։

Կառավարությունը կարող է իրեն թույլ տալ 1 մլրդ դրամից ավելի գումար հատկացնել՝ շուրջ 5 տասնյակ թանկարժեք ծառայողական մեքենաներ գնել, ընդհուպ՝ 110.000 դոլարանոց։ Կարծես ծառայողական մեքենաների գնումն է այս երկրի ամենահրատապ խնդիրը։ Այլ խնդիրներ չկան։ Ծառայողական մեքենաները նախընտրում են անվտանգային, պաշտպանական, սոցիալական ու այլ համատարած խնդիրներից։ Թքած ունեն հասարակության կարծիքի վրա, ինչ կմտածեն, չեն մտածի, քիչ է հուզում։ Կարևորը՝ իրենց կոմֆորտը տեղը լինի։

Համատարած խնդիրները թողած՝ իրենց «պադավատների»,  ճոխությունների հետևից են ընկած՝ թարմացնում են, փոխարինում նորերով ու ավելի հարմարավետներով։ Սա՞ էլ երևի «ժողովրդի սիրուց դրդված» են անում։

Կարդացեք նաև

Բյուջեում փող չկա՝ հազար ու մի խնդիր լուծելու համար, տարեկան մեկ միլիարդ դոլարից ավելի պարտքեր են վերցնում, կարող են տասնյակ-միլիոնավոր դոլարներ ծախսել նոր ու թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու համար։

Եթե կառավարությունը կարող է իրեն նման ճոխություն թույլ, մյուսներն էլ մտածում են՝ ինչո՞ւ իրենք չեն կարող նույնն անել։ Պատահական չէ, որ մյուս պետական մարմիններն էլ հետ չեն մնում կառավարությունից։

Օրերս շուրջ 510 մլն դրամ տվեցին՝ էկոպարեկների համար ամենագնացնել գնելու համար։

Կառավարությունը հինգ տասնյակ մեքենա է գնում, քաղաքապետարանը՝ 2-3 տասնյակ։ Այդ թվում՝ նաև թանկարժեք ամենագնացներ։ Միայն քաղաքապետին սպասարկող ծառայողական մեքենայի համար քաղաքային բյուջեից կարող են վճարել շուրջ 33 մլն դրամ կամ 86.000 դոլար։ Մեկ այլ՝ բարձր դասի մեքենա գնելու համար էլ՝ 34 միլիոն դրամ։

Քաղաքաքային իշխանության տարբեր ռանգի պաշտոնյաներին սպասարկելու համար վերջերս 21 ծառայողական մեքենաներ գնեցին՝ վճարելով 644.000 դոլար։

Հասարակական տրանսպորտի խնդիրները լուծելու, սպասարկման որակը բարելավելու, ավտոբուսների պարկը համալրելու փոխարեն, ծառայողական ավտոմեքենաների պարկն են թարմացնում, որպեսզի պաշտոնյաներն իրենց նեղություն չտան հասարակական տրանսպորտով երթևեկել ու վայելել դրա ամբողջ հմայքը, հատկապես՝ առավոտյան ու երեկոյան ժամերին, երբ մարդիկ ստիպված են իրար վրա լցված երթևեկել։

Տիգրան Ավինյանը, ով ժամանակին խոստանում էր էլեկտրական ավտոբուսներ բերել Երևանի համար, թանկարժեք էլեկտրամեքենա է գնում իր համար, քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների համար։ Նրանք էլ, ովքեր անհատական ծառայողական մեքենաներ չունեն, հատուկ ծառայողական ավտոբուսներից են օգտվում՝ առավոտյան գործի են տանում, գործից տուն են բերում՝ հասարակ մահկանացուներից առանձին։

Մինչդեռ առաջին հերթին հենց քաղաքապետարանի պաշտոնյաներն ու աշխատողները պետք է երթևեկեն հասարակական տրանսպորտով, որպեսզի իրենց մաշկի վրա զգային այն ամբողջ «ջերմությունը», ինչ զգում են սովորական քաղաքացիները՝ հասարակական տրանսպորտով երթևեկելիս։ Իրենք ծառայողական մեքենաներով են երթևեկում, ստիպում են, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից. կայանատեղիներն են թանկացնում, անհարմարություններ են ստեղծում, որպեսզի հրաժարվեն սեփական մեքենաներից։

Տիգրան Ավինյանը հավանաբար մոռացել է, թե ժամանակին ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի այն պաշտոնյաների ու աշխատակիցների մասին, ովքեր պատասխանատու են քաղաքային տրանսպորտի համար։

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս»,- 2015թ. ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Հիմա, երբ քաղաքապետարանը հարյուրավոր միլիոն դրամներ է ծախսում, տասնյակ ծառայողական մեքենաներ գնում՝ պաշտոնյաներին սպասարկելու համար, Փաշինյանն այդ մասին այլևս չի հիշում։ Չի հիշում նաև, թե ինչեր էր ասում «պադավատապետության» մասին։ Կարող են հիմա իրենց թույլ տալ ոչ միայն «պադավատներով», այլև թանկարժեք «պադավատներով» երթևեկել։ Կարող են հարկատուների վճարած գումարների հաշվին, պետության սուղ միջոցներից տարեկան միլիոնավոր դոլարներ հատկացնել նոր ու թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու համար։

Հարյուրին մոտ ծառայողական մեքենաներ կան միայն Երևանի քաղաքապետարանում։ Կառավարությունում ու մյուս պետական մարմիններում ծառայողական մեքենաների քանակը հասնում է մի քանի հարյուրի։

Մեկ այլ խնդիր է այդ մեքենաների գնումը։ Իմիտացիա են անում, թե մրցույթով են գնում, բայց շատ հաճախ մինչև մրցույթն արդեն ամեն ինչ վճռված է լինում։ Այնպես են կազմում տեխնիկական բնութագրերը, որպեսզի դրանք համապատասխանեն իրենց նախընտրած մեքենաներին ու մատակարարներին։

Կոռուպցիան, որ ասում են, հենց այստեղ է թաքնված։ Այդ ամենը հենց այնպես չի արվում։ Արվում է փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում՝ ես՝ քեզ, դու՝ ինձ սկզբունքով։ Պատահական չէ, որ շատ հաճախ այս մրցույթներին ընդամենը մեկ ընկերություն է մասնակցում, ու նրա առաջարկը մեկին մեկ բավարարում է մրցույթի բոլոր պահանջներին։

Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն ավտոմեքենաների գնմանը, այլև ընդհանրապես բոլոր և, հատկապես, մեկ անձից կատարվող գնումներին, որոնք շարունակում են համատարած լինել։ Նման գնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, բայց միևնույն է՝ պետական մարմինները շատ դեպքերում հենց այդպիսի գնման ընթացակարգն են նախընտրում։ Ու այնպես է ստացվում, որ նման գնումների պայմանագրերը սովորաբար միշտ նույն ընկերությունների հետ են կնքվում։

Կոռուպցիայի մասին խոսելիս սրա մասին է պետք մտածել։ Թե չէ ասում են՝ կոռուպցիան քչացել է, չկա, վերացել է. Եթե չի բացահայտվում, չի նշանակում, թե քչացել կամ վերացել է։ Իրենց շուրջը վխտացող կոռուպցիան թողած՝ նախկինների կոռումպացվածությունից են խոսում։ Բնականաբար, հետագայում կերևան այսօրվա կոռուպցիայի ծավալները, երբ այլևս իշխանության չեն լինի այսօրվա չտեսները։ Չնայած այսօր էլ երևում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս