Հարավային Կովկասը՝ ԱՄՆ-ի ծրագրերում. Ալեքսանդր Անանև
Հուլիսի վերջին օրը բազմաթիվ լրատվական գործակալություններով տեղեկատվություն տարածվեց՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի երկրների՝ համաշխարհային շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային երթուղի ստեղծելու հարցում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Սակայն տեղեկություններ չեն եղել այն մասին, թե ինչ համատեքստում է այդ մտադրությունները ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ:
Խոսքն այնտեղ հիմնականում եվրոպական ապագայի մասին չէր, այլ այն մասին, թե ուրիշ ինչ կարելի էր անել Ուկրաինայում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար։ Մասնավորապես, նույնիսկ դիտարկվում էր Ուկրաինայի կողմից Մոսկվային ամերիկյան զենքով հրթիռային հարվածների հնարավորության հարցը։ Օ’Բրայենը փորձում էր համոզել ամերիկյան Սենատին, որ հաղթանակի համար Միացյալ Նահանգներին ուղղակի միջամտության և մեծ ծախսերի կարիք չի լինի: Պետք է միայն «խելամտորեն ծախսել»՝ Ուկրաինային բավարար սպառազինություն տրամադրելով և Ռուսաստանի դիմակայության նոր օջախներ ստեղծելով Կասպից ծովից մինչև Ադրիատիկ աղեղներով։ Վաշինգտոնյան պաշտոնյայի պարադոքսալ տրամաբանությամբ՝ սա է խաղաղության շուտափույթ ճանապարհը։ Եվ ամերիկյան սպառողականության լավագույն ավանդույթներում նա խոստացավ՝ հաղթանակի հասնելու համար կներառվեն բոլոր այն մեխանիզմները, որոնք ԱՄՆ-ը ունի, որպեսզի, ի վերջո, «ամերիկացիներն իրենց դրամապանակներում տեսնեն օգուտ»։
Որպես երկրորդ ճակատի բացման կարևորագույն տարածաշրջաններից մեկը, այդ թվում՝ տնտեսական, Օ’Բրայենը նշել է Հարավային Կովկասը (հայտնի է նաև՝ որպես Անդրկովկաս)։ Նրա կարծիքով՝ երթուղին, որն անցնելու է Ադրբեջանով, Հայաստանով և Վրաստանով, թույլ կտա Միջին (արևմտյան տերմինաբանությամբ՝ Կենտրոնական) Ասիայի երկրներին հասանելիություն ստանալ համաշխարհային շուկաներին և շատ ավելի քիչ կախված լինել Ռուսաստանից և Չինաստանից: Բացի այդ, Հայաստանի տարածքում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա փակել զուգահեռ ներմուծումը Ռուսաստան, իսկ Միջին միջանցքի նկատմամբ (Կենտրոնական Ասիայից)՝ կարգավորել Չինաստանի և Եվրոպայի միջև լոգիստիկան (մայիսի վերջին ԱՄՆ-ը Եվրամիությունից պահանջել էր խզել գործարար կապերը Չինաստանի հետ)։
Հայաստանի դիրքորոշման մասին
Այս առումով պետքարտուղարի օգնականը, հիասթափվելով վրացական ղեկավարությունից (դրան դեռ կանդրադառնանք), մեծ հույսեր է կապում Հայաստանի վարչապետի հետ։ Օ’Բրայենը սենատորներին հայտնել է՝ ինքը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, «մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետի համար նոր հարթակ է ստեղծել» ([դատելով նրանից, որ «հարթակ» եզրույթից Օ’Բրայենը նույնպես օգտվում է՝ նկարագրելով Ուկրաինայի հետ փոխգործակցությունը, նկատի ունի արտաքին քաղաքական քայլերի պլան-ժամանակացույցի համաձայնեցումը.- Հեղինակ): Վաշինգտոնյան պաշտոնյայի խոսքով՝ հենց այդ «հարթակի» հիման վրա «մենք ստեղծում ենք պայմաններ», որոնք թույլ են տալիս «Նիկոլ Փաշինյանին համարձակ քայլեր անել»՝ «խզելու կապը Ռուսաստանի հետ, որից Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է իր էներգետիկայով և տնտեսությամբ»։
Այլ կերպ ասած՝ Պետդեպարտամենտի կուրատորը գրեթե անկեղծորեն խոստովանել է՝ արտաքին քաղաքական կուրսը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը, իրեն այժմ արդեն թելադրում են Վաշինգտոնից։ Ավելին, Օ’Բրայենը փաստացի ընդունել է՝ վերջին երկու տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտությունում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ, Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության մի մասն են, որը կյանքի են կոչում համակցված միջոցներով՝ համաձայնեցված «հարթակի» հիման վրա։ Դա անհնար էր, քանի դեռ գոյություն ուներ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այդ պատճառով Արևմուտքի պլանով նախ անհրաժեշտ էր լուծել այդ խնդիրը՝ ոչնչացնելով այն, իսկ հետո ձեռնամուխ լինել Հայաստանը Հարավային Կովկասում իր ֆորպոստի վերածելուն՝ նրան դրդելով քաղաքական և տարածքային սուբյեկտայնության տոտալ կորստի՝ «արևմտյան արտոնությունների» դիմաց։
Ոստիկանությունը բարեփոխել են ամերիկյան խորհրդականները, ստեղծվում է արտաքին հետախուզության ծառայություն, որը կենտրոնացած է ԱՄՆ-ի վրա, տվյալների անվտանգությունն ու անվտանգությունը նույնպես վստահված է ամերիկացիներին, իսկ Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահսկելու է ամերիկյան ներկայացուցիչը ((Երևանում Պենտագոնի ներկայացուցչի առաքելության առկայությունը կասկածի տակ է դնում ռազմական գծով Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցության հնարավորությունը)։
ԵՄ պետությունների կողմից Հայաստանին ռազմական աջակցության մասին, որոնք Անդրկովկասում իրենց կուրսը սինխրոնիզացնում են ԱՄՆ-ի կուրսի հետ, վերջերս Vesti.az ին տված հարցազրույցում պատմել է ֆրանսիացի քաղաքագետ Մաքսիմ Գոինը (Maxime Gauin): Նրա խոսքով՝ Փաշինյանը պնդում էր՝ իրեն անհրաժեշտ է Արևմուտքի խորհրդանշական աջակցությունը՝ Ադրբեջանին զիջումները հանրային կարծիքի համար ընդունելի դարձնելու համար:
Եվրամիությունը նման աջակցության է գնացել՝ նպատակ ունենալով խրախուսել Հայաստանին՝ դուրս գալ ռուսական ուղեծրից և խաղաղության պայմանագիր կնքել։ Ֆրանսիական ռազմական սարքավորումների առաջին մատակարարումից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ հայտարարել Սահմանադրության բարեփոխման մասին, որը պահանջում էր Ադրբեջանը: Ֆրանսիացի քաղաքագետը հստակ ցույց է տվել՝ Արևմտյան ռազմական օգնությունը միայն աջակցության տեսք է ստեղծում և ամենևին էլ չի բարձրացնում Հայաստանի անվտանգությունը։ Այսպես, Եվրամիության կողմից Հայաստանին հատկացված 10 մլն եվրոն, հմեմատության համար, ներկայացնում է Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեի 0,28 տոկոսը և կծախսվի գումարտակի (500 մարդ) ոչ մահաբեր հանդերձանքի վրա։ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է 50 բաստիոն զրահամեքենա, մինչդեռ հայկական բանակը 2020-ի պատերազմի ժամանակ կորցրել է 154 զրահամեքենա:
Կարևոր է նշել՝ այդ բաստիոններն ուկրաինական բանակը մերժել է անբավարար զրահատեխնիկայի պատճառով։ Միևնույն ժամանակ, ֆրանսիական բանակը երբեք չի գնել այս կատեգորիայի որևէ մեքենա: Բացի այդ, Հայաստան մատակարարված զրահամեքենաներն ուղարկվել են առանց գնդացիրների, հետևաբար՝ դրանք պիտանի չեն մարտի դաշտի համար։ Ֆրանսիան Հայաստանին 3 ռադար է վաճառել առանց ՆԱՏՕ-ի ստանդարտի զենիթային հրթիռների, այդ ռադարները բոլորովին անօգուտ են, քանի որ դրանք սկզբունքորեն անհամատեղելի են հայկական բանակի սպառազինության մեջ գտնվող ռուսական հրթիռների հետ: Սակայն Հայաստանը չկարողացավ հասնել Mistral հրթիռների պայմանագրի ստորագրմանը։ Փարիզը հրաժարվում է դրանք վաճառել Երևանին։
Մինչդեռ այս խորհրդանշական և անօգուտ մատուցումները Հայաստանում ներկայացվում են՝ որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հաջողություն, քանի որ լրատվական դաշտը նույնպես տրված է Արևմտյան կառավարման ներքո. Հայաստանի Հանրային ռադիոյի նոր տնօրեն է դարձել Արմեն Քոլոյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի, ով վերջին 28 տարիներին բնակվում էր Պրահայում:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը կարգավորող մարմինների ղեկավար պաշտոններում նշանակվել էին իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, իսկ միաժամանակ փոխվել էին օրենքները՝ ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության ուժեղացման ուղղությամբ: Հայաստանում ազդեցիկ տելեգրամյան ալիքի հեղինակ Միքայել Բադալյանի խոսքով՝ իշխանություններն այժմ հանրապետությունում փակում են բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, ռադիոկայանների հեռարձակումը դադարեցնում են, իսկ դրանց հաճախականությունները տալիս լոյալ ռեսուրսներին.
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանձնում է ԱՄՆ արտաքին կառավարմանը։ Միացյալ Նահանգների միակ խնդիրը հանրապետությունից Ռուսաստանին դուրս մղելն է ցանկացած միջոցներով, որոնք որևէ կերպ հաշվի չեն առնում Հայաստանի և երկրի ժողովրդի ազգային շահերը: …Տեղեկատվական պատերազմը չի զիջում պատերազմի դաշտում: Ինչ-որ տեղ այն նույնիսկ ավելի կարևոր է»։ Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում Ռուսաստանի խիստ բացասական կերպարի ձևավորմանը՝ իր և Հայաստանի կառավարության ունեցած լուրջ մեդիառեսուրսների միջոցով։ Ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, որոնք կարող են այլընտրանքային տեսակետ ներկայացնել, կառավարությունը կիրառում է վարկաբեկման և դատական հետապնդումների հնարքներ: Ընդդիմադիր լրագրողների կարծիքով՝ «Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված քաղաքականություն են վարում խոսքի ազատության դեմ»։
Հարկ է հիշեցնել՝ 2023-ի նոյեմբերին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումների ժամանակ, Ջեյմս Օ’Բրայենը բացահայտորեն, «բոլշևիկյան շիտակությամբ» նշել էր Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների խնդիրները («պլատֆորմը»)՝ հասնել հինգ տարվա ժամկետի ավարտից հետո Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալուն և Հայաստանից զորախմբի և սահմանապահների աստիճանական դուրսմղմանը, ինչպես նաև տրանսպորտային միջանցք կառուցել Հայաստանի տարածքով և ապահովել դրա նկատմամբ իր վերահսկողությունը։ Տեսնում ենք՝ վաշինգտոնյան սցենարը Երևանն անցկացնում է առաջանցիկ տեմպերով (Ղարաբաղյան խնդրի լուծմանը Երևանի մասնակցությունից հրաժարվելու պատճառով ապրիլի 17-ին սկսվեց ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, իսկ մայիսի 9-ին ՀՀ վարչապետի «խնդրանքով» Պուտինը համաձայնեցրեց ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, ինչպես նաև օգոստոսի 1-ից դադարեցվել է նրանց գործունեությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ընդ որում, հայկական կողմի խնդրանքով՝ ՌԴ սահմանապահները դեռևս կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին)։ «Միջանցքի հարցում երկու հիմնական մոտեցում կա»,- ասում է հայ քաղաքագետ Աղասի Ենոքյանը,- կամ այնտեղ կանգնած են ռուսները, կամ՝ ոչ։ Կարծում եմ՝ երբ Վաշինգտոնի ներկայացուցիչները խոսում են համարձակ քայլերի անհրաժեշտության մասին, նկատի ունեն, որ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի՝ ռուսներն այնտեղ չեն կանգնելու»։ Նրա խոսքով՝ այս հարցով Հայաստանը ճնշումների է ենթարկվում արևմտյան կառույցների կողմից։
Օ’Բրայենը սենատորներին վստահեցնում է․ «մենք (ԱՄՆ) աջակցում ենք այդ գործընթացին»՝ նկատի ունենալով հայ հասարակության վերակողմնորոշումը: Ամեն ինչ այնպես է թվում, որ փոքր տատանումներով հավաքական Արևմուտքը փորձում է կրկնել ուկրաինական սցենարը Հայաստանում։ Անհրաժեշտ պայման է՝ ոչնչացնել հայկական մտածելակերպի ավանդական կողմնորոշումը դեպի Ռուսաստան։ Վերջին 200 տարիների ընթացքում հենց Ռուսաստանն է հայերին համախմբել և բնակվել իր պատմական հայրենիքում, իսկ Խորհրդային Հայաստանը վերածել է տեխնոլոգիապես բարձր զարգացած հանրապետության:
Հայերի մոտ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքն այնքան ակնհայտ էր, որ 2018-ի փողոցային անկարգությունների կազմակերպիչները, որը հետո անվանեցին «թավշյա հեղափոխություն», չհամարձակվեցին հակառուսական կարգախոսներ առաջ քաշել։ Այդ ժամանակ Հայաստանում նրանց չէին աջակցի։ Այդ ժամանակ հանրապետությունում ցավոտ հարց էր համարվում կոռուպցիան, իսկ բողոքի ակցիաները կրում էին հակակոռուպցիոն բնույթ։ Այժմ, 6 տարի բնակչության շարունակական մշակումից հետո, հակառուսական հռետորաբանությունն ավելի ու ավելի բարձր է հնչում և պատշաճ հակահարված չի ստանում։
Դրան հաջողվել է հասնել՝ արևմտյան վերահսկողության տակ դնելով ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը «և նրան սատարող արևմտամետ ուժերին հաջողվել է հայ հասարակությանը ներշնչել, որ ինչպես Ղարաբաղի կորստի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի գլխավոր մեղավորը Մոսկվան է»։
Սակայն ամերիկացի սենատորներին համոզելով, որ «հայ հասարակության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից», Օ՛Բրայենը զբաղվում է մանիպուլյացիայով։ “Gallup International”-ի հայկական բյուրոյի կողմից անցկացված վերջին հարցման համաձայն, հենց հայերի մեծամասնությունը (58%) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։ Վաշինգտոնյան պաշտոնյան իր համար ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Օ’Բրայենի խոսքերն ԱՄՆ-ին բնորոշ աշխարհաքաղաքական ինժիներինգի հերթական օրինակն են, դա բոլորի աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն» սարքելու ձգտումն է, որն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Հունիսին Երևան կատարած այցի ժամանակ Օ’Բրայենը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, պնդել է՝ Ռուսաստանը պետք է հեռացվի հաղորդակցությունների նախագծից, որոնք Հայաստանի միջոցով կկապեն Ադրբեջանն ու Նախիջևանը և կդառնան «Միջին միջանցքի» մաս:
Նա նաև պնդել է՝ Ռուսաստանը պետք է բացառվի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացից, ինչը, ըստ էության, նշանակում է Ռուսաստանի բացառումը տարածաշրջանից։ Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի էմիսարը հասկացրել է՝ Հարավային Կովկասում Արևմտյան վեկտորի հիմնական խնդիրն է՝ տարածաշրջանից դուրս մղել ռուսներին, իրանցիներին և թույլ չտալ չինացիների ուժեղացումը:
Տարածաշրջանի մյուս երկրներն ամենևին էլ հիացած չեն ամերիկյան ծրագրերով, իսկ Հայաստանը կրկնում է հարյուրամյա վաղեմության սխալը՝ ապավինելով արտատարածաշրջանային տերություններին։
Ադրբեջան
2023-ի նոյեմբերին Ջեյմս Օ’Բրայենի արդեն հիշատակված ելույթից հետո, որտեղ նա առաջարկել էր Ադրբեջանին ամերիկյան պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու պարտադրանքի պլաններ՝ Բաքուն անսպասելի կտրուկ և արագ պատասխան տվեց։ Նա Վաշինգտոնին մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման, ինչպես նաև տրանսպորտային անվտանգության ոլորտում տարածաշրջանի երկրների ջանքերը խափանելու մեջ, և չեղարկել ԱՄՆ-ից Ադրբեջան բարձր մակարդակի բոլոր այցերը: Բաքվում նաև ընդգծել են՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար փլուզում է կրել, հատկապես՝ Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում: Այս պայմաններում Հանրապետությունն առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ 3+2 բանակցային ձևաչափին։
Ավելին՝ Բաքվի կողմից հետևեցին նաև այլ պատասխան միջոցներ. արգելվեց ԱՄՆ ՄԶԳ գործունեությունն Ադրբեջանում, սկսվեց «արևմտյան գործակալների» (որոշ ադրբեջանցի ուսանողների, որոնք սովորում էին ԱՄՆ-ում) բացահայտման արշավը։ Միաժամանակ Ադրբեջանի ԱԳՆ են կանչել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ ի նշան ընդդիմադիր Abzas Media լրատվական գործակալության «անօրինական ֆինանսական աջակցության» դեմ բողոքի։ Ադրբեջանի հետ հարաբերությունները երկար ժամանակով փչացնելու հեռանկարը Վաշինգտոնի համար չափազանց ակնհայտ է դարձել։ Եթե Վաշինգտոնը շարունակեր կոշտ ճնշում գործադրել Բաքվի վրա, ապա ԱՄՆ-ը ռիսկի կդիմեր (և ոչ առանց հիմքի) հրահրել հետխորհրդային հանրապետության որոշակի շրջադարձ դեպի տարածաշրջանային գործընկերներ և կորցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի վրա ազդեցության լծակները։
Ուստի, Միացյալ Նահանգները, փորձելով ամրապնդվել Հարավային Կովկասում և հաշվի առնելով Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխությունը՝ հրաժարվեց Բաքվի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներից և իր ջանքերը կենտրոնացրեց Հայաստանի վրա, որի ղեկավարությունը, հաշվի չառնելով կորուստները, ձգտում է միավորներ վաստակել արևմտյան ուղու վրա։ Այս համատեքստում Սենատում հուլիսյան լսումների ժամանակ Օ’Բրայենն ամեն կերպ խուսափում էր քննադատել Բաքվին։ Սենատորի ուղիղ հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը մտադիր պատժել Ադրբեջանին «Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնելու համար», Պետքարտուղարության ներկայացուցիչը խուսափեց պատասխանից՝ վկայակոչելով սահմանի առաջիկա սահմանազատումը, որը տեղի կունենա խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Բայց հիշեցրեց՝ այդ պայմանագրի մաս պետք է դառնա Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղու համաձայնեցումը։ Սակայն Ադրբեջանը դեռևս համաձայն չէ Միջին երթուղու հայկական հատվածի ամերիկյան նախագծի հետ, քանի որ, ըստ ադրբեջանական ղեկավարության, նրա լոգիստիկան ծրագրված է այնպես, որ Ադրբեջանին կախվածության մեջ է դնում Հայաստանից։
Թուրքիա
Թուրքիայի առաջնորդ Էրդողանն ազգին ուղղված ուղերձում աջակցել է Ադրբեջանին և կոչ արել Հայաստանի իշխանություններին և նրա ժողովրդին անվտանգություն փնտրել խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից «հազարավոր կիլոմետրեր հեռու»:
Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրների կողմից զենքի մատակարարումը չի կարող ապահովել կայուն խաղաղություն և անվտանգություն: Ընդ որում՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Այգյուն Աթթարը մեղադրել է ԱՄՆ-ին երեսպաշտության և Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ։
Արևմուտքը, ըստ հայտնի աղբյուրների, չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ, որին ԱՄՆ-ը միշտ անվանել և անվանում է ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցը՝ ՆԱՏՕ-ի հարավային թևը թե Անդրկովկասում, թե Մերձավոր Արևելքում ընդհանրապես, և նույնիսկ Կենտրոնական Ասիայում։ Սակայն Օ’Բրայենը, ելույթ ունենալով Սենատի հանձնաժողովի առջև, քննադատել է վերջերս Թուրքիայի նախագահի արտահայտած ցանկությունը, որպեսզի Թուրքիան անդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը բացառել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրից նման քայլ ձեռնարկելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների միջև, մի երկրի հետ, որը միանում է մեկ այլ խմբավորման, անընդունելի է:
Իրան
Թեհրանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա ժամանել է մասնակցելու նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախազգուշացրել է՝ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն տարածաշրջանային հարևանների հարաբերություններին, և, որ Իրանը նախկինի պես կարծում է՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։
Իրանին, անշուշտ, անհանգստացնում է իր հարևանի խնդրանքով տարածաշրջանում արտաքին խաղացողների հայտնվելը, մասնավորապես, Երևանի կողմից եվրոպացի դիտորդների հրավիրումը, որոնց ավելի շատ հետաքրքրում է իրանական սահմանը, քան հայ-ադրբեջանական սահմանը:
Թեհրանին մերժում են նաև հայկական իշխանությունների կողմից Արևմտյան միջնորդների, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հրավերը։
Դրա հետ մեկտեղ՝ Իրանը չի թաքցնում իր դիրքորոշումը Տրանսկովկասյան երթուղու հայկական մասի, այսպես կոչված, Զանգեզուրի (Իրանում այն անվանում են «Թուրանական») միջանցքի վերաբերյալ։ Նույնիսկ, եթե Հայաստանի կառավարությունը պատշաճ նշանակություն չտա Իրանի հետ իր սահմանին, որով անցնելու է երթուղին, ԻԻՀ-ն պատրաստ է կոշտ հակազդել այդ սահմանի արգելափակմանը:
Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի հետազոտական կենտրոնը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմն Արևմուտքի համար քողարկում էր Թուրանական միջանցքի ստեղծման համար։
Իրանցի վերլուծաբանները պնդում են, որ այն նախատեսված է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին Սինցզյանում, անմիջապես Իրանի հյուսիսային սահմաններին, Ռուսաստանի հարավային սահմաններին և Չինաստանի արևմտյան սահմաններին հասցնելու համար: Թուրանական միջանցքը, ըստ ՆԱՏՕ-ի մտահղացումների, պետք է աշխարհաքաղաքական առումով թուլացնի Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև թույլ տա Արևմտյան ռազմական դաշինքին էթնիկ հուզումներ հրահրել Իրանում՝ ադրբեջանցիների, Ռուսաստանում՝ Հյուսիսկովկասյան մահմեդականների, և Չինաստանում՝ ույղուրների շրջանում: Ռուսաստանը պատրաստվում է ռազմավարական (ռազմաքաղաքական և տնտեսական) համագործակցության մասին պատմական համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, իսկ դա առանցքային փաստարկներից մեկն է այն բանի օգտին, որ նա չի պատրաստվում հեռանալ Անդրկովկասից։
Վրաստան
Հուլիսի հիշատակված Սենատի լսումներին Օ’Բրայենը խոսել է նաև Վրաստանում տիրող իրավիճակի մասին։ Ռուսստանի դեմ երկրորդ ճակատ բացելու Վրաստանի կառավարության դժկամությունը Պետդեպարտամենտի ներկայացուցիչը մեկնաբանել է՝ որպես հակասահմանադրական (Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է. «Սահմանադրական մարմիններին՝ իրենց լիազորությունների սահմաններում ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետ»), դեպի ԵՄ և ՆԱՏՕ ուղուց շեղումներ՝ վկայակոչելով, իհարկե, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը։
Ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ Օ’Բրայենը, Մարիա Զախարովայի խոսքերով, փորձել է «շինծու դարձնել …Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը», որն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»։
Նա սենատորներին համոզում էր, որ էլիտաները, հակառակ ժողովրդական կամարտահայտության, շեղվում են արևմտամետ ուղուց։ Նա հրապարակել է բազմաթիվ պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ը սահմանում է դրանց դեմ։ Մինչդեռ էլիտաները ոչ այլ ինչ են, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն՝ արևմտյան ավանդույթով և արևմտյան դիտորդների ընդունմամբ։ Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Արևմուտքը չբավարարեց Թբիլիսիում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ընտրությունը, քանի որ նրանք չաջակցեցին ոչ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, ոչ այն հայրենակիցներին, որոնք ինքնակամ գնացել էին Ուկրաինայի համար կռվելու՝ փոխարենն ընդլայնելով կապերը, մասնավորապես, Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ։
Հատկանշական է՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գլխավոր պայմաններից մեկն Օ’Բրայենը նշել է Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցման հարցում Չինաստանի հետ համագործակցությունից Թբիլիսիի հրաժարվելը: Իր գործունեության սկզբից Վրաստանը հատուկ նշանակություն է ձեռք բերել ԱՄՆ-ի և հատկապես Եվրամիության համար՝ որպես տարանցիկ ուղի և պոտենցիալ էներգետիկ հանգույց, առավել ևս՝ Սև ծովով ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացման նախագծի համատեքստում։
Վաշինգտոնի մյուս պայմանն այն էր, որ Վրաստանի օրենքն օտարերկրյա գործակալների մասին (օտարերկրյա ազդեցության մասին) համատեղելի դարձնի ԵՄ օրենսդրության հետ։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե նման, այլ համատեղելի: Եվրահանձնաժողովը 2023-ի դեկտեմբերին հաստատել է օտարերկրյա գործակալների մասին եվրոպական դիրեկտիվի նախագիծը, որը ստացել է «ժողովրդավարության պաշտպանության փաթեթ» անվանումը, որը Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների շահերի ներկայացուցիչներին կպարտավորեցնի գրանցվել ԵՄ թափանցիկության գրանցամատյանում՝ նշելով օտարերկրյա պետությունից ստացված բոլոր վճարումները։ Օրինագիծը մշակվել է 2022-ին Եվրախորհրդարանի շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ, երբ օրենսդիրներին մեղադրում էին Կատարից և Մարոկկոյից կաշառք ստանալու մեջ՝ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորի կողմից ստեղծված իրավապաշտպան խմբի միջոցով, որը դարձել է լոբբիստ։
Վրացական օրենքը նաև պարտավորեցնում է կազմակերպություններին բացահայտել օտարերկրյա պետության հետ կապի, գործունեության տեսակի և տարեկան վճարումների մասին տվյալները:
Ըստ ամենայնի, Օ’Բրայենը «համատեղելիություն» ասելով՝ նկատի ունի, որ արտասահմանյան ազդեցության մասին վրացական օրենքը պետք է բացառություն անի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և լոբբիստական խմբերի համար, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից:
*** Հոդվածը կուզենայի ավարտել հայտնի թուրք քաղաքագետ Յըլդըզ Դևեջի Բոզքուշի (Yıldız Deveci Bozkuş) խոսքերով՝ նրա վերջին հոդվածից՝ «ԱՄՆ-ը, օգտագործելով Հարավային Կովկասը, ցանկանում է թաքցնել իր անզորությունն Ուկրաինայում»։ Նա ընդգծում է․ «ԵՄ-ն, ինչպես և ԱՄՆ-ը, ցանկանում է Հայաստանն օգտագործել՝ որպես պայքարի ասպարեզ։ Նրանք փորձում են նրան իրենց կողմը գրավել՝ ինչպես անդամակցության խոստումով, այնպես էլ՝ տնտեսական օգնության փաթեթներով։ Այս բոլոր իրադարձությունները հանգեցնում են տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի և հետաձգում են խաղաղության և հանգստության առաջխաղացումը Հարավային Կովկասում»։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի