Ամբողջ աշխարհն իմացավ. ՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ՝ ԿԶԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ. ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի, Էրդողանի հետ հանդիպման գինը
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանի ելույթ կոչվածը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դալայ-Լամայի մեդիտացիայի սեանս էր։ Առաջին անգամ էր, որ պետության ղեկավարը դուրս գալով ՄԱԿ-ի գլխավոր ամբիոն, Հայաստանի անուն չի տվել, և մոտավորապես Լեոպոլդ կատվի մասին սովետական մուլտիկի հերոսի նման ասել է․«Ребята, давайте жить дружно»: Սա ուրացման մանիֆեստ էր, մանտրա, «հեղափոխություն» դիվանագիտության մեջ, քարոզ, որը ոչ մի քաղաքական հարց չէր լուծում։ Նա չբարձրաձայնեց ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների, ո՛չ ռազմագերիների, ո՛չ հատկապես Ռուբեն Վարդանյանի հարցը… Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար որևէ կարևոր խնդիր ի վիճակի չէ բարձրացնել, և դա է գինն Էրդողանի հետ նրա հանդիպման ու հայ ազգի արժանապատվության նվաստացման։
- Ամբողջ աշխարհն այսօր իմացավ, որ Ղարաբաղի ոչնչացումից, ցեղասպանությունից, էթնիկ զտումից հետո Հայաստանը երջանիկ երախտագիտությամբ ընդունում է Էրդողանի գիրքն ու սեղմում կրծքին։ Էրդողանի և Փաշինյանի այդ լուսանկարի մեսիջը, գլխավոր բովանդակությունը, ուղերձն աշխարհին այն է, որ Հայաստանն այսուհետ մոռանում է Թուրքիայի կատարած բոլոր հանցագործությունները։
- Նիկոլ Փաշինյանն արդեն 3 առաքելություն հետապնդել է, երեքում էլ ձախողել է։ Առաջինը՝ երկիրը թալանչիներից ազատելն էր, երկրորդը՝ խաղաղության դարաշրջանը, որը չկա, և փոխարենը՝ կա սողացող պատերազմ, երրորդը՝ Ռուսաստանից հրաժարումն ու դեպի Արևմուտք գնալը։
- Փաշինյանը մտել է հակասության մեջ։ Ինքը սցենար ունի՝ 2026թ․ ընտրություններում, չունենալով ձայն, ապահովել իր վերարտադրությունը։ Այս սցենարը նա փորձարկեց Երևանի ավագանու ընտրություններում։ Դա երկու «կալոննայով» ընտրության գնալն է։ Իր կողմից ձևավորված կեղծ ընդդիմության հետ գնալ ընտրությունների ու ապահովել իր վերընտրությունը։
- Հայ-թուրք-ազերական հաշտության սցենարն իր 4-րդ առաքելությունն է։ Իհարկե, Հայաստանի իշխանությունը կգնա շատ զիջումների, իր իշխանությունը կապահովի, որովհետև ավելի լավ իշխանություն Ադրբեջանի և Թուրքիայի համար, քան Նիկոլի իշխանությունն է, չի լինելու։ Այս նոր նշմարվող առաքելությունը ես անվանում եմ «մեխի գլխի» առաքելություն, երբ գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չունես։ «Մեխի գլխի» գլխավոր առաքելությունը շարունակ գլխին հարված ստանալն ու ծառայել շարունակելն է։
- Կան մարդիկ, ովքեր արդարացնում են այս «առաքելությունը»՝ «խեղճ Նիկոլը ի՞նչ անի»։ Այդպես մտածող պսևդո ռեալ պոլիտիկ առաջ տանող քաղաքական ուժերին ուզում եմ ասել՝ սա ռեալ պոլիտիկ չէ, այլ մեծ խաբեություն է, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի վզին դրել են մի խեղդօղակ ու սեղմում են այնքան, որ չմեռնի, բայց չապրի էլ, չզարգանա, կենսունակ երկիր չդառնա։ Այդ խեղդօղակն իրենք իրենց ձեռքն են պահում Նիկոլ Փաշինյանի միջոցով, որովհետև հերթական զիջումն իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանը «կսաղացնի» իր ժողովրդի վրա։ Դա կյանք չէ, դա բերելու է մեր պետության կործանմանը։ Մեր խնդիրը պետք է լինի այդ խեղդօղակից ազատվելու ռազմավարություն մշակելը։ Դրա համար դու պետք է կարողանաս ճիշտ դաշինքներ կառուցել, տնտեսությունը զարգացնել, բանակիդ մարտունակությունը բարձրացնել։ Պետք է թուրքերի մեջ կոտրել այն հավատը, որ իրենք կարող են մշտապես մեր վզին պահել էդ խեղդօղակը։
- Ադրբեջանը կառուցել է սիստեմատիկ հայատյացության վրա հիմնված պետություն և շարունակում է գնալ այդ ճանապարհով։ Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում, որ լինի փոխադարձ վստահության մթնոլորտ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իր մեջ չի հաղթահարել իր կոմպլեքսները, թեպետ թվում է՝ հասել է իր բոլոր նպատակներին։
- Ադրբեջանը պարտադրելու է, և Հայաստանը կատարելու է այդ պահանջը՝ հետ կանչել Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը միջազգային դատարաններից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ելույթը հենց դրա մասին էր։
- Իրականում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կան լուրջ լարվածություններ, և ինչ-որ իմաստով կարելի է Հայաստան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելության մասին լուրերը կապել Փաշինյան-Էրդողան հանդիպման հետ։
- Փաշինյանը հասկացել է, որ դեպի Արևմուտք գնալու իր ջանքերը ձախողվել են։ Եվ եթե հայ-ռուսական հարաբերություններն այս վիճակին չհասցնեին, այսքան ծանր վիճակի մեջ չէինք հայտնվի։
- Փաշինյանի փախուստը խաղաղության բավականին լուրջ պլաններից բերեց նրան, որ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայտնվեցինք դեմ դիմաց։ Ռուսաստանի հետ թշնամությունը հանգեցրեց սրան։
- Փաշինյանին թվում է՝ իր ծավալապաշտական քաղաքական կուրսի այլընտրանքը կզելն է։ Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է։
- ՔՊ-ից հիմա ով վեր է կենում, խոսում է այն մասին, որ իրական անկախությունը մենք ձեռք ենք բերել ոչ թե 2021թ․ սեպտեմբերի 21-ին, այլ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Հայաստանը սուվերեն որոշում կայացրեց չդիմադրել Ղարաբաղի հայաթափմանը։ Այնքան ցինիկ են, որ հիմա էլ այդ թեզն են առաջ տանում։
- «Մեխի գլխի» առաքելությունն անվրեպ է աշխատում։ Մի հարվածով անկախությունն են վերացնում, մյուսով՝ մշակութային արժեքները, երրորդով՝ ազգայինը։ Սրա դեմը պետք է առնել։
- Սա սահմանազատում չէ, տարածքների զիջում է․ Ադրբեջանին զիջվում են Հայաստանի տարածքները։
- Ես չեմ կասկածում, որ Սահմանադրական դատարանը վերահսկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։
- Առաջին անգամ ԱՄՆ ընտրություններից 6 ամիս առաջ ունենք թույլ ադմինիստրացիա։ Աշխարհակարգն էլ թուլանում է, ու սկսվում է վտանգավոր շրջան։ Այս իրավիճակում աշխարհում ամեն ինչ հնարավոր է, և այո, այս առումով վտանգավոր են Վրաստանի ընտրությունները։ Վրաստանի իշխանությունները տալու են վճռական ճակատամարտ։ Մեզ համար էլ են այդ ընտրությունները կարևոր։
- Խաղաղության պայմանագիրն այնքան լուրջ բան է, իսկ Ադրբեջանի պլաններն այնքան են տարբերվում նրա իրական նպատակներից, որ համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի օրոք մենք խաղաղության պայմանագիր չենք ստանալու։
- Խեղդօղակից մեզ կարող է ազատել մի քաղաքական ուժ, որը զերծ է լինելու երկու ծայրահեղությունից՝ ռևանշիզմից և ամեն գնով Ադրբեջանին ենթարկվելուց։ Այդ գործը ոչ ոք միայնակ չի կարող իրականացնել, այդ թվում՝ ՀԱԿ-ը։ Պետք է լինի կոնսոլիդացիա։
- Որպես կանոն՝ մենք կարող ենք միանալ ցանկացած ուժի և միացել ենք, եթե մենք որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ենք ունեցել։ Բագրատ սրբազանի շարժման վրա մենք ազդեցություն չունենք, հետևում ենք, կարծում ենք՝ մենք ինքնուրույն ինչ-որ բան պետք է անենք։
Մանրամասները՝ տեսանյութում։