«Կառավարությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ մասնագետները՝ տնտեսության աճի տեմպերի թուլացման միտումների մասին

Մեծապես արտաքին էֆեկտների ազդեցության շնորհիվ նախորդ տարիներին Հայաստանը բավականին բարձր տնտեսական աճեր գրանցեց, որոնք, ըստ տարբեր մասնագետների`  չկապիտալիզացվեցին կամ թերի կապիտալիզացվեցին։ Իսկ այդ աճերին նպաստող գործոններն արդեն թուլանում են․ նվազում է ռելոկանտների թիվը, վերաարտահանման ծավալները, IT ոլորտում կրճատում է նկատվում:

Ու թեև օրերս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պնդեց, թե տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է բավական բարձր մնալ, այդուհանդերձ, վիճակագրությունն այլ բանի մասին է վկայում։

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է․ հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2 տոկոս՝ հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ: Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել էր 9.6 տոկոս` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով դարձյալ 0.8 տոկոսային կետով:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն ընդգծեց տնտեսական աճի ցուցանիշների և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը, կախվածությունը հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված դրական տնտեսական միջավայրից ու դրան հաջորդող ածանցյալ այլ զարգացումներից։

Կարդացեք նաև

«Խնդիրն այն էր, որ թեև մեզ մոտ ստեղծվեցին բարձր աճի ֆոներ, բայց զուգահեռ տնտեսության իրական հատվածում կա՛մ չիրականացվեց քաղաքականություն, կա՛մ բավականին ուշադրություն չդարձվեց իրական հատվածում առաջացած մտահոգություններին ու խնդիրներին, որոնք, ըստ էության, արդեն այսօր վիճակագրորեն դրսևորվում են,- նշեց տնտեսագետը՝ պարզաբանելով,- Երբ այդ արտաքին գործոնները հետզհետե սկսում են թուլանալ, արդեն ի հայտ է գալիս տնտեսության ոչ բարվոք վիճակը՝ անգամ վիճակագրորեն։ 2024 թվականի տարեսկզբից սկսած՝առաջին եռամսյակից հետո ՏԱՑ-ի կուտակային աճը սկսեց նվազել, ու նվազման միտումները շարունակվում են»։

Լիլիա Ամիրխանյանը դարձյալ նկատեց՝ այդ միտումների հնարավոր շարունակումը պայմանավորված է այն հիմնական գործոնների թուլացմամբ, որոնք ապահովում էին այդ աճերը։

«Խոսքը վերաբերում է առևտրին, ծառայություններին, արդյունաբերության ու շինարարության ոլորտներին։ Իսկ տնտեսական իրական հատվածում, օրինակ, գյուղատնտեսության հետ կապված վերջին մի քանի տարիներին մենք ունեցել ենք կա՛մ անկումային ցուցանիշներ, կա՛մ անհամեմատ համեստ ցուցանիշներ՝ ի տարբերություն արտաքին գործոնների հետևանքով աճող ոլորտների։

Մյուսը մշակող արդյունաբերության արտահանելի ուղղություններն են, որոնք տևական ժամանակ անկումային վիճակում են․ եթե մենք մշակող արդյունաբերության կառուցվածքը դիտարկելու լինենք, վերջին ժամանակահատվածում ունենք անկումային ցուցանիշներ (օրինակ սննդի, ոչ հիմնային մետաղների արդյունաբերություն և այլն)»։

Այս համատեքստում տնտեսագետը շեշտեց, որ այս ոլորտի՝ 2023 թվականի տարեվերջից սկսած և մի քանի ամիս պահպանվող աճը, որը բավական մեծ նպաստում ունեցավ տնտեսական ցուցանիշների վրա, առավելապես պայմանավորված է եղել ոսկու վերարտահանման գործոնով, ու քանի որ այդ գործոնը ևս թուլանում է, մշակող արդյունաբերության անկման տեմպն էլ կտրուկ նվազում է։

«Վերջին 2-2,5 տարիներ կտրվածքով եթե դիտարկենք, մեր տնտեսական աճերն ապահովված են եղել առավելապես արտաքին գործոններով, և որոշակի տրանսֆորմացիա եղել է այդ գործոնների փոփոխությամբ»,- ամփոփեց մասնագետը։

Ի պատասխան հարցին, թե ինչ օբյեկտիվ պատճառներ կան արտաքին գործոնների թուլացման համար, Լիլիա Ամիրխանյանը դիտարկումները ներկայացրեց ոչ միայն տնտեսական պրիզմայից։

«Օբյեկտիվորեն այն հոսքերը և դրական ազդեցությունները, որոնք նկատվեցին սկզբում, չէին կարող անընդհատ շարունակվել։ 2022 թվականի սկզբից տնտեսությունում սկսվեց որոշակի դրական միջավայր, որն իր հերթին՝ ստեղծեց որոշակի բազային կետ, որի նկատմամբ հաջորդիվ անում ենք համեմատություններ։

Այլ պատճառների կազմում հանգամանքն է, որ, օրինակ, Հայաստանում տեղակայված ռելոկանտներից շատերը դուրս են եկել․ ընդ որում, խոսվում է 10 հազարից ավելի ռուս ռելոկանտների՝ ՀՀ-ն լքելու մասին,- մանրամասնեց նա, ապա խոսելով ռելոկանտների՝ Հայաստանը լքելու հնարավոր պատճառների մասին՝ նա թվարկեց հավանական տարբերակներից մի քանիսը,- Կարելի է առանձնացնել մեզ մոտ արտաքին անվտանգային խնդիրները, տնտեսական միջավայրը՝ հատկապես ծառայությունների բարձր գները, արտաքին քաղաքական գործոնով պայմանավորված հարցերը՝ «Միր» քարտերի սպասարկման սահմանափակումները, ակնհայտ գեներացվող հակառուսական տրամադրությունները»։

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը տնտեսական միտումների մասին իր մեկնաբանությունը սկսեց համոզմամբ՝ կառավարությունն այսօր կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։

«2022 թվականից ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված է դեպի ՌԴ իրականացվող վերարտահանման գործարքներով, ինչը ՌԴ համար «զուգահեռ ներմուծում» եզրույթով է բնորոշվում։ Այսինքն՝ ապրանքները, որոնք սանկցիոն են, որոնց ներկրման համար կան լոգիստիկ խնդիրներ, դրանց ներմուծումն իրականացվում է ԵԱՏՄ երկրների միջոցով,- տնտեսական աճի արտաքին գործոնների մասին ասաց տնտեսագետը, ապա հենց ոսկու վերարտահանման առնչությամբ մի քանի արձանագրումներ արեց,- Ոչ միայն ՌԴ-ում վերացվեցին տուրքերը, ինչից հետո իմաստ չուներ ոսկու վերարտահանումը, այլև զուգահեռաբար, Հայաստանում մեկ տոննա ոսկու և արծաթի արտահանման համար սահմանվեցին տուրքեր։ ՀՀ կառավարությունը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է։ Այսօր տեղի են ունենում հակառուսական քայլեր, բանկային համակարգն արգելում է բանկային փոխանցումները, հանդիսանում է անուղղակի խոչընդոտ՝ չգիտեմ, թե ինչ պատճառներով՝ ԿԲ ցուցումո՞վ (իմ ունեցած տեղեկություններով՝ ԱՄՆ դեսպանությունն է ուղղակի միջամտություն ցուցաբերում)։ Ու մի օր արգելվում է՝ կոնյակի, մի ուրիշ օր՝ գյուղմթերքի արտահանումը»։

Հայկ Ֆարմանյանն արձանագրեց՝ ՀՀ կառավարությունն ի զորու չէ նույնիսկ բանակցել վրացական կողմի հետ։

«ՀՀ-ից երբ ապրանքները վերարտահանում են, ինչից օգուտ է քաղում մեր երկիրը, վրացիները ապօրինաբար պահում են այդ «սանկցիոն» ապրանքները, և չեն թույլատրում արտահանումը։ Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ․ նախկինում նախարարների մակարդակով, կոմիտեների ղեկավարների մակարդակով՝ ուղիղ աշխատում էին Վրաստանի հետ։ Մեր կառավարության ղեկավարները պետք է բացատրեն Վրաստանի իշխանություններին, որ իրավունք չունեն ԵԱՏՄ մի երկրից մեկ այլ երկիր արտահանվող ապրանքների ելքը խոչընդոտել»։

Ամփոփելով՝ տնտեսագետը նկատեց, որ արտաքին գործոնների թուլացումը պայմանավորում է նաև ՀՀ կառավարության ապաշնորհ կառավարմամբ՝ հակառուսական քայլերով, բանկային համակարգի՝ սանկցիաներին միանալով, ինչի հետևանքով և՛ ռելոկանտները հեռացան, և՛ բիզնեսմենները չեն կարողանում աշխատել։

Տեսանյութեր

Լրահոս