168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն ընդգծեց տնտեսական աճի ցուցանիշների և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը, կախվածությունը հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված դրական տնտեսական միջավայրից ու դրան հաջորդող ածանցյալ այլ զարգացումներից։
Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։
Հայաստանի տնտեսության աճը բացարձակ որակ չունի։ Այն նստած է հիմնականում առևտրի ու ծառայությունների վրա։ Տնտեսական աճի 80 տոկոսից ավելին ապահովում են հենց այդ ոլորտները, ինչն էլ թելադրված է ոչ թե ներքին, այլ գերազանցապես արտաքին գործոններով, մասնավորապես՝ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերով ու մարդկանց տեղաշխարժերով։
Հայաստանի տնտեսության աճի այս տարվա սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Թեև ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ անց միջազգային ու տեղական որոշ ֆինանսական կառույցներ վերանայել են իրենց նախկին կանխատեսումները, այնուհանդերձ դրանք շարունակում են բավական ցածր դիրքում մնալ։