Ո՛չ, ես հակառուս չեմ, ինձ համար անկլավներ չկան, կա իմ երկրի անվտանգությունը. իմ ոչ մի հանձնառության մեջ չեմ ձախողել. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացրած հարցումներին և պնդումներին, հայտարարեց՝ եթե Գյումրիում տեղի ունեցածն ընդամենը համայնքային ընտրություն էր, ապա 2026 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական իշխանության ղեկին լինել-չլինելու հարց է:
«Սա նրա համար գիշերային մղձավանջ է: Բայց անգամ Գյումրիում նա չհանգստացավ, ճիշտ է՝ քրեական գործ է քննվում, անմեղության կանխավարկած կա, և հիմա ես ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում Գյումրիի քաղաքապետի հետ կապված, բայց փաստ ունենք, չէ՞: Նույնը վերաբերում է ավագանու մյուս մանդատներին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր հակառուս լինել-չլինելուն, վարչապետի թեկնածուի հայտ ներկայացրած Թաթոյանը հայտարարեց.
«Ոչ, ես հակառուս չեմ, բայց ես հայաստանամետ և հայամետ եմ: Իմ բոլոր որոշումների հիմքում դնելու եմ իմ երկրի շահը: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն ֆունկցիոնալ, արդյունավետ: Ռուսաստանն այս տարածաշրջանում կարևորագույն պետություն է, նաև՝ աշխարհում, մենք սա պետք է նկատի ունենանք»:
Իսկ հարցին, թե ո՞րն է նախկինների սխալը, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի այսօր իշխանության լինելը: Բոլոր նախկին նախագահների ամենամեծ սխալն է: Սրանից մեծ սխալ, կարծում եմ, գոյություն չունի»:
Արման Թաթոյանը չանտեսեց նաև ՀՀ օկուպացված տարածքների, «անկլավների» և Արծվաշենը վերադարձնելու հարցերը: Ըստ նրա՝ սխալ հաշվարկ է, երբ ասվում է, որ ՀՀ օկուպացված տարածքներն ավելի քան 200 քկմ է:
Մանրամասները՝ տեսանյութում
