Ֆիդանը Հայաստանի հանդեպ դիվանագիտական կոռեկտություն չի պահպանում․ ե՞րբ է պատրաստվում Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը
Հայ-թուրքական սահմանին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից երկու օր անց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։ Թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են։
«Մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարը, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիայի ԱԳ նախարարն այս մասին հայտարարում է այն բանից հետո, երբ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացների վերջին՝ հինգերորդ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում ընդգծվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների բնույթի մասին։
Հուլիսի 30-ին հանդիպումից հետո Երևանն ու Անկարան նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայտարարվեց նաև, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
2022թ. հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ ևս կողմերը որոշ պայմանավորվածություններ էին ձեռք բերել։ Նրանք պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ Պայմանավորվածությունից երկու տարի անց, սակայն, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, ավելին՝ Թուրքիայի գլխավոր դիվանագետը՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, չի կաշկանդվում ամենևին հրապարակային հայտարարել, թե հայ-ադրբեջանական որոշակի հանգրվաններից հետո իրենք գուցե բացեն սահմանը։
Այս օրերին սա միակ նմանատիպ հայտարարությունը չէ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային ակտիվի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իսրայելի գործողություններին, նշել էր՝ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։
«Մենք նրանց հետ (Իսրայելի) կանենք նույնը, ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, թե ինչու չարժե դա անել: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար»,- Էրդողանի խոսքը մեջբերել էր RT-ն։
Չնայած գործընթացում արդյունքների բացակայությանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից հրապարակային նման տոնայնությանը ՀՀ-ի հանդեպ, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր հանդիպում» է որակել օրերս Հայաստանի և Թուրքիայի սահմանին երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի բանակցությունները։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցության ուղիների վերականգնումը կարևոր տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ թուրք դիվանագետները պարզապես անկեղծ են, անկեղծ շարադրում են Թուրքիայի դիրքորոշումները, որոնք հայտնի են ոչ միայ աշխարհին, այլև ՀՀ իշխանություններին։ Սակայն դա, ըստ նրա, ամենևին չի խոչընդոտում ՀՀ իշխանություններին շարունակել կարգավորման գործընթացը, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Ակնհայտ է, որ Թուրքիան չի անում որևէ քայլ, սակայն պահում է գործընթացը, հանդիպումները հայ-ադրբեջանական օրակարգում համապատասխան քայլերից հետո իր քայլերն իրականացնելու համար։ Այստեղ մտահոգիչն այն է, որ թուրքական կողմը ՀՀ-ի վերաբերյալ դիվանագիտական կոռեկտություն չի պահպանում, եթե պաշտոնապես գործընթացը որակվում է՝ որպես առանց նախապայմանների, ապա տարրական դիվանագիտական կոռեկտությունը պահանջում է դիվանագիտական ձևակերպումներում չշեղվել այդ տրամաբանությունից։ Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է ամեն բան այնպես, ինչպես կա՝ չպահպանելով անհրաժեշտ կոռեկտությունը, զգուշավորությունը։ Սա սովորաբար չի արվում այն դեպքերում, երբ տվյալ երկրի հետ հարաբերություններն առնվազն կարևոր չեն, տվյալ երկրի հետ օրակարգը ստորադասվում է և այդպես շարունակ»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։ Վերջին հանդիպումն, ըստ նրա, ընդհանուր առմամբ որևէ քայլ չենթադրող հանդիպում է եղել։ «Պարզ է, որ տեղում հարցեր են քննարկվել, գուցե որոշ պայմանավորվածություններ քննարկել գործընթացի դինամիկան պահպանելու, դրա իմիտացիան ստեղծելու համար։ Իսկ իրականությունն այն է, ինչ հնչում է Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի շուրթերից»,- ընդգծեց քաղաքագետը։
Նա նշեց, որ գաղտնիք չէ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս ունեն բազմաթիվ լուրջ հակասություններ։
«Սակայն այդ հակասությունները հրապարակային դաշտում հայտարարություններում չեն արտացոլվում, այլ միայն քայլերից է հնարավոր զգալ, որ կան խնդիրներ, կոռեկտությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, քանի որ հարաբերությունների գինը բարձր է երկու կողմի համար էլ։ Սակայն այստեղ Երևանը լռում է, Անկարան անում է այնպես, ինչպես հարմար է։ Եվ դա կարծես չի անհանգստացնում Երևանին»,- ասաց նա։