Ադրբեջանով Հայաստան տարանցման դետալները կհստակեցվեն մինչև տարեվերջ․ «Ռուսական երկաթուղիներ»
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ․ հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։
Նրա խոսքով, չնայած գործընթացի նոր բնույթին, առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն ավարտվել է։
«Արդյունքները ցույց տվեցին, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների և հաճախորդների համար», – նշել է նա։
Պավլովն ընդգծել է, որ կողմերն այժմ աշխատում են արտահանման, ներմուծման և տարանցման տեսքով փոխադրվող բեռների տեսակները որոշելու ուղղությամբ։
«Այս գործընթացը բարդ է և պահանջում է որոշակի հաստատման փուլեր։ Սակայն այն արդեն ակտիվ փուլում է», – հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ նախորդ օրը կողմերի համատեղ հանդիպում է տեղի ունեցել այս հարցի շուրջ։ Բոլոր մանրամասները նախատեսվում է վերջնականապես համաձայնեցնել մինչև այս տարվա վերջ։
«Ես վստահ եմ, որ դրա ավարտին մենք կկարողանանք հստակ սահմանել այս երթուղով փոխադրվող բեռների կատեգորիաները և ծավալները»,- նշել է Պավլովը։

