Ադրբեջանցի երգչուհին քննադատության թիրախ է դարձել երաժշտական մրցույթում հայ մասնակցին գրկելու համար
Ադրբեջանցի երգչուհի Սամիրա Էֆենդին, որն Աստանայի միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցչին 12 միավոր է տվել և գրկել նրան, բուռն քննարկումների կենտրոնում է հայտնվել։
Երգչուհին, ըստ abcmedia.am-ի, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ դրանով ցույց է տվել պրոֆեսիոնալիզմ, այլ ոչ թե քաղաքականություն։
«Որպես վետերանի դուստր, գեներալի թոռնուհի և այս երկրի քաղաքացի՝ ես հավատում եմ, որ ապագան երիտասարդության ձեռքում է։ Իհարկե, մենք չենք մոռանա պատմությունը և թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Ես փորձում եմ հետևել մեր նախագահի կողմից վարվող խաղաղ քաղաքականությանը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ներկայացնում է երկիրն արտերկրում և գտնվում է ուշադրության կենտրոնում, պետք է փոքրիկ կամուրջներ կառուցի դեպի խաղաղություն», – նշել է նա։
Երգչուհին ընդգծել է, որ մրցույթի ամբողջ ընթացքում միշտ չէ, որ բարձր միավորներ էր տվել Հայաստանի ներկայացուցչին։
«Կային ժամանակներ, երբ բոլորը նրան 12 միավոր էին տալիս, բայց ես՝ 10: Եթե խոսքը երաժշտության և կրթության մասին է, այս մասնակիցն իսկապես շատ լավ հանդես եկավ: Նրան 12 միավոր տալը բոլորին զարմացրեց: Ես չեմ զղջում: Որովհետև ես նրա հետ բազմիցս ավելի խիստ եմ եղել, բայց եզրափակիչում նրան տվել եմ այն գնահատականը, որին նա արժանի էր: Ես դրան նայում եմ որպես երաժիշտ: Ես քաղաքական գործիչ չեմ, որ թշնամաբար տրամադրված լինեմ: Ես այնտեղ չեմ գնացել թշնամանք արտահայտելու, այլ իմ երկիրը ներկայացնելու համար», -նշել է Սամիրա Էֆենդին։

