Թրամփը զոհաբերում է Ուկրաինան. անսահմանափակ զենք է լցվում Ադրբեջան. Արման Մելիքյան
Արցախի հանձնումը և հայաթափումն Ուկրաինայի հարցի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացի նախերգանքն էր և մեծ ծրագրի մի մասը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի իրականացման հեռանկարների և հնարավոր ազդեցությունների մասին։

«Արցախի և ՀՀ տարածքների մի մասի կորուստը, Սիրիայի, Գազայի իրադարձությունները՝ բոլորն անհրաժեշտ է դիտարկել Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի ուղղակի և անուղղակիորեն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի շահերի փոխադարձ ճանաչման և աջակցման ծիրում։ Դա մեծ ծրագիր էր, որի պատճառով կորուստներ ունեցանք նաև մենք։ Արցախը երկու փուլով հանձնվեց։
Առաջին փուլը եղավ 2020-ին, երբ հանձնվեց Արցախի մեծագույն մասը, և Արցախի մնացած մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Իսկ երբ Ռուսաստանը 2022 թվականին մտավ Ուկրաինայի տարածք, շատ արագ լուծվեց Արցախի մնացյալ մասի հարցը, և 2023 թվականի սեպտեմբերին Արցախը լիովին հայաթափվեց։ Այսինքն՝ այդ մեկ տարվա ընթացքում Արցախում զորք պահելը ռուսների համար երաշխիք էր, որ իր գործընկերները՝ հանձինս Թուրքիայի, իրենց կպահեն այնպես, ինչպես խոստացել են»,- մեկնաբանեց դիվանագետը։
Հարցին՝ ի՞նչ ստացավ Ռուսաստանն Արցախի դիմաց, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարարը պատասխանեց՝ այլընտրանքային ցամաքային ճանապարհ՝ ելք՝ դեպի աշխարհ Թուրքիայի տարածքով, և Միացյալ Նահանգների առնվազն լոյալ վերաբերմունքը՝ կապված Ուկրաինայում տարածքների զավթման հետ։
Արման Մելիքյանի կարծիքով՝ հարավկովկասյան տարածաշրջանում իրադարձությունները ծավալվելու են անկախ նրանից՝ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի՞, թե՞ ոչ։
«Անգամ, եթե բոլորը հիացմունք արտահայտեն և ասեն, որ Թրամփի ծրագիրը և խաղաղության օրակարգը հոյակապ են, միևնույն է, քանի որ առկա են իրական, լուրջ հակասություններ և մոտեցումներում, և՛ շահերի տեսանկյունից, կարծում եմ՝ բոլորը կասեն, որ ծրագիրը լավն է, բայց կանեն ամեն ինչ, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա, և, որ ամենակարևորն է՝ նախագահ Թրամփը և իր թիմը շատ լավ հասկանում և գիտակցում են դա և պատրաստ են երկարատև խաղ տանելու։

Ինչ վերաբերում է այս իրադարձությունների հնարավոր ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, կարծում եմ, որ մեր տարածաշրջանում իրադարձությունները ծավալվել են և ծավալվելու են առաջիկայում՝ անկախ նրանից, թե Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի՞, թե՞ ոչ։ Ընդ որում, այդ խաղաղությունը բոլոր դեպքերում պայմանական է լինելու, քանի որ առկա հակասությունները հաղթահարելի չեն և միշտ պատերազմի վերսկսման համար կարող են որպես առիթ ծառայել»,- կարծում է դիվանագետը։
Արման Մելիքյանի խոսքով՝ հարավկովկասյան տարածաշրջանում շատ բան կախված կլինի Իրանի հանդեպ նույն Միացյալ Նահանգների ու Իսրայելի հանդեպ դիրքորոշումից և դրանից բխող հնարավոր գործողություններից՝ նկատի ունենալով Իրան-ԱՄՆ պահպանվող հակասություններն իրանա-իսրայելյան 12-օրյա պատերազմից հետո։
«Իսրայելը շահագրգռված է շարունակելու Իրանի վրա ճնշումը, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառման միջոցով։ Տեսնում ենք, որ անսահմանափակ զենք է լցվում Ադրբեջան, և դժվար թե Ադրբեջանին զինելը կապակցված չլինի Իրանի հետ։ Ուստի ուկրաինական ճակատը և Հարավային Կովկաս-Իրան-Կենտրոնական Ասիա տարածաշրջանը թեև հանդիսանում են գլոբալ, մեծ աշխարհաքաղաքական գործընթացի բաղադրյալ տարրեր և մեկ ընդհանուր ծրագրի մասեր, այնուամենայնիվ, դրանք կարող են ինքնավար կերպով ակտիվացվել, սառեցվել, և այսպես պարբերաբար կլինեն կոնֆլիկտի սրացումներ։ Բայց այդ սրացումներն ինքնանպատակ չեն. դրանք փոխելու են Եվրասիայի աշխարհաքաղաքական ընդհանուր դիմագիծը։ Մեր տարածաշրջանում իրադարձությունները շարունակվելու են Իրանի դիրքերի թուլացման ուղղությամբ կատարվելիք գործողություններով, բայց նաև պետք է հասկանանք, որ Իրանի թուլացումը նաև միտված է Չինաստանի դիրքերի թուլացմանը»,- հավելեց նա։
Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Արցախի նախկին արտգործնախարարը հետևյալ տեսակետն առաջարկեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է միաժամանակ թուլացնելու Եվրամիությունը և Չինաստանը, քանի որ շատ լավ հասկանում է՝ եթե Եվրամիությունը և Չինաստանը զարգացնեն ցամաքային ուղիները և միասնական ճակատ կազմելու հնարավորություն ստանան, կարող են համաշխարհային գերակայությունը վերցնել իրենց ձեռքը։
«Դրա համար տարիներ շարունակ Եվրամիությանն ուկրաինական ճգնաժամի մեջ ուղղակիորեն ներքաշելով՝ Միացյալ Նահանգները սկսեցին Եվրամիությանը թուլացնելուն ուղղված շատ լուրջ ծրագրի իրականացումը։ Ուկրաինական պատերազմն էլ կտրեց Ռուսաստանի Դաշնության տարածքով ցամաքային տարանցումը Չինաստանից դեպի Եվրոպական միության երկրներ։ Այժմ փորձ է արվում նոր ուղի հարթել, և, օրինակ՝ «Թրամփի ուղին» Մեղրիով գովազդվում է՝ որպես տարանցման լրացուցիչ հնարավորություն նաև Չինաստանի համար»,- հավելեց դիվանագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

