Մոսկվան կրկին իր միջնորդությունն է առաջարկում․ ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում
Միացյալ Նահանգներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների տապալման, իսկ Լոնդոնում՝ Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման ֆոնին Ռուսաստանը հայտարարում է՝ պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է՝ Երևանի ու Բաքվի համար կստեղծեն ամենահարմար պայմանները։ Ըստ նրա՝ Ռուսաստանը դեռ 2022 թվականին (որն ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանի՝ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ևս պարտավորվել է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել գործընթացին։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաև մեր երկրի ստորագրած փաստաթղթում։ Նման օգնության ծավալն ու ձևը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար՝ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Մոսկվան բազմիցս ընդունել է ադրբեջանա-հայկական բանակցությունների փուլերը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Մենք պատրաստ ենք դա անել ապագայում ևս»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան նաև երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։ Միևնույն ժամանակ Զախարովան ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է իր ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել և կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ն Ալմաթիում։
«Մենք նաև մեր դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես տարածաշրջանում անքակտելի անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման նախապայման ենք համարում»,- ասել է Զախարովան։ Նա հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ շուտափույթ կլուծվեն, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ամենաբարձր մակարդակով ոլորտներում հաջող առաջընթաց կգրանցվի:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ վերջին ժամանակաշրջանում գործընթացները և հատկապես լոնդոնյան հանդիպման տապալումը բանակցությունների համար այդքան էլ լավ միտում չէ։
Վերլուծաբանն արձանագրեց, որ մինչ Լոնդոնը և Վաշինգտոնը, կողմերը զգույշ լավատեսություն էին հայտնում գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել։
«Սակայն տպավորություն է, որ գործընթացն ինչ-ինչ պատճառներով մտնում է փակուղի։ Կողմերի որոշ հայտարարություններից կարելի է միայն ենթադրել, որ պատճառը գուցե բանակցային սեղանին դրված նոր հարցերն են, որոնք դարձել են լուրջ տարաձայնությունների առարկա։ Շատ հարցեր են անհասկանալի, բնականաբար, կողմերն ամեն բան չէ, որ հանրայնացնում են։ Սակայն տարօրինակ է, որ դեռևս չկա կոնսենսուս այն հարցի շուրջ, թե ինչ համաձայնագիր է ստորագրվել, ինչ հարցեր է ներառելու։ Երևանն առաջարկում է արդեն ստորագրել այն, ինչ համաձայնեցվել է, իսկ Բաքուն առաջարկում է առաջիկայում ինչ որ ընդհանուր սկզբունքներ ամրագրող փաստաթուղթ ստորագրել, հետո աշխատել ավելի մանրամասն փաստաթղթի վրա։ Միևնույն ժամանակ նկատվում է միջնորդության ճգնաժամ և միջնորդության անհրաժեշտություն»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։
Ըստ նրա, ճիշտ ժամանակին Մոսկվան հիշեցնում է, որ կողմերը կարող են բանակցել Մոսկվայում։
«Ի վերջո, ով էլ ինչ ասի, Մոսկվան երկարամյա և հաջողություններ արձանագրած միջնորդ է, ով այս ռեգիոնում և հակամարտությունում ամենամեծ փորձն ունի։ Այստեղ չափազանց կարևոր եմ համարում ՌԴ ԱԳՆ ընդգծումը հավասարակշռված լուծումների մասին։ Սա, կարծում եմ, ուղերձ է հատկապես Երևանին, քանի որ վերջին մի մեծ ժամանակահատվածում ոչ ռուսական հարթակում բանակցությունների ժամանակ հավասարակշռված լուծումներ գրեթե չեն եղել, ինչպես նաև Երևանն է, որ առավել ակտիվ համագործակցում է Արևմուտքի հետ։ Թե ի՞նչ նկատի ունեն ԱԳՆ-ում՝ հավասարակշռված խաղաղության համաձայնագիր ասելով, ո՞ր կետերում և ինչպե՞ս պետք է այն դրսևորվի, վերլուծության առարկա է, սակայն այդ շեշտադրումը, ըստ իս, կարևոր է»,- ասաց Տարասովը։
Ռուս վերլուծաբանը գրեթե վստահ է, որ բանակցային օրակարգում կամ գոնե կողմերից մեկի դեպքում առաջնահերթություններ են փոխվել և չկա շտապողականություն ստորագրելու խաղաղության համաձայնագիր։
«Տեսնում ենք, որ և Երևանը, և Բաքուն միմյանցից դժգոհություններ ունեն, սակայն չի բացառվում, որ օրակարգային փոփոխություն եղել է Ադրբեջանի դեպքում, քանի որ առաջ են բերվում հարցեր, որոնք չեն ընդունվում Երևանի կողմից, մերժվում է մեկ ամսվա ընթացքում համաձայնագիր ստորագրելու առաջարկը և առաջարկվում է ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Սրանք, իհարկե, նախնական եզրակացություններ են, սակայն բանակցություններում սահմանազատումից հետո ձևավորված լավատեսությունը վերջին շրջանում պակասել է և առաջ են եկել նոր ծանր տարաձայնություններ»,- ասաց նա։
Ռուս վերլուծաբանը նշեց նաև, որ համաձայնագրի կնքումից առաջ որևէ փոքր համաձայնագրի նախաստորագրման գաղափար եղել է շատ ավելի վաղ ևս։ Սակայն, ըստ նրա, կողմերն արդեն տևական ժամանակ բազմաթիվ հարցեր են բանակցել, ուստի որևէ փաստաթուղթ նախաստորագրելու դեպքում շատ հարցեր, որոնց վրա կողմերն աշխատել են, կմնան լուսանցքում։
«Ներկայումս, փաստորեն, կողմերն ունեն ոչ միայն բովանդակային տարաձայնություններ բանակցային օրակարգի հարցերի շուրջ, այլև կա տարաձայնություն՝ երբ ստորագրել և ինչ համաձայնագիր ստորագրել։ Բացի այդ, չկա նաև արդյունավետ միջնորդ։ Սա, կարծում եմ, ճգնաժամային պահ է»,- ասաց նա։
Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն էլ ասաց, որ կողմերը հերթական փակուղուն են բախվել մի շարք տարաձայնություններից հետո։ Ըստ նրա, սա ամենևին էլ առաջին ու վերջին դեպքը չէ։
«Այս և նմանատիպ հակամարտություններին սա բնորոշ է, և չկա որևէ երաշխիք, որ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ՝ կողմերը չեն հայտնվի նման իրավիճակում, քանի որ իրական խաղաղ տրամադրություններ ռեգիոնում հաստատված չեն, այլ կա ուժգին մրցավազք, մրցակցություն, և չնայած պատերազմը եղավ, այդ տրամաբանությունը դեռ պահպանվում է, որին նպաստում է նաև աշխարհաքաղաքական ծանր միջավայրը՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա։ Տեսնում ենք, թե հեռացող Բայդենի վարչակազմն ինչ ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս ամենի միջև փոխկապակցվածությունը չափազանց շատ է»,- ասաց Սիմոնովը։
Նրա խոսքով, Ադրբեջանը պատերազմում հաղթողի դիրքերից շարունակում է առաջ մղել իր նախաձեռնություններն ու օրակարգը։ «Եվ ներկայումս որքան էլ պարզ է իրավիճակը, քանի որ ռեգիոնը պատերազմ է անցել, շատ հարցեր հետո բանակցվել են, սակայն նույնքան էլ բարդ է, քանի որ աշխարհն է գտնվում աննախադեպ փոփոխությունների փուլում, այդ թվում՝ այս ռեգիոնը»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օրերս ելույթ ունենալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։ «Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը։ Հաջիևը միաժամանակ շարունակել է պնդել Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Եթե կա սահմանադրական պահանջ մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա դա պետք է ավարտվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում»,- ասել է նա։