2018-ին պարտվեց ազգային նախագիծը, 2020-ին դա ձևակերպվեց գետնի վրա և շարունակվում է առայսօր․ Էդգար Էլբակյան

Հայկական պետության կազմաքանդման ուղղությամբ երկար տասնամյակներ մեր թշնամիները ջանքեր են գործադրել։ Թուրքերն են մեղավոր, նրանք են այդպես անում։ Տարիներ, գուցե դարեր կանցնեն, և երբ արդեն աշխարհակարգ փոխվի, ու անաչառ պատմիչները սկսեն գրել այս օրերի պատմությունը, երևի թե նրանք կօգտագործեն նեոգաղութացում արտահայտությունը՝ բնորոշելով այն երևույթները, որոնց մենք այսօր ականատես ենք։ Մենք գիտենք, որ մարդկային բնույթը չի փոխվել, և ռեալիստական հայեցակետից նայելով՝ մարդը միշտ ուզում է ավելին ունենալ, ընդարձակվել։ Նույնն էլ մարդու ստեղծած պետություններն են։ Բայց ձևն է որոշակիորեն փոխվել, և եթե առաջ կմտնեին ու կգրավեին, թեև հիմա էլ են դա անում, բայց հիմա նրբացրել ու փափկացրել են ձևերը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը։

«Մեր թշնամիները երկար տասնամյակներ, հենց այնքան, որքան Հայաստանի անկախ Հանրապետությունը տարիք ունի, ջանք են թափել Հայաստանի ներսում սոցիալական ինժեներիայով զբաղվելու։ Ցավոք սրտի, մեր թշնամի թուրքերի շահերը և նրանց բռնած վեկտորը մեր հանդեպ համընկել է արևմտյան աշխարհակարգի ընդհանուր քաղաքակրթական վեկտորին։ Այսինքն, եթե, օրինակ, հեդոնիստական ապրելակերպն Արևմուտքն առհասարակ քարոզում է՝ որպես նորմ, և դա անում է ուղղակիորեն՝ ում տեսնում, քարոզում է, ապա թուրքերի դեպքում դա հատուկ շահ էր Հայաստանի հարցում։ Եթե Հայաստանում մարդիկ որդեգրեն հեդոնիստական կենսակերպ, Հայաստանը կամաց-կամաց կմարի։ Այսինքն, այստեղ շահերի հետաքրքրական համընկնում է եղել ի վնաս մեզ»,- ասաց քաղաքագետը։

«Պետք է հստակորեն ֆիքսել, որ թշնամի են թուրքերը, իսկ Արևմուտքի դեպքում այնպես է ստացվել, որ այն ամենը, ինչ նրանք քարոզում ու տարածում են, հակառակ է մեր ազգային շահերին։ Այս թեմայով կարելի է երկար խոսել, նույնիսկ սիմվոլիկ մակարդակում։ Եթե վերցնենք ու համադրենք 2018-ի հանրահավաքային ելույթները, ազգ ու հայրենիք բառերը մի անգամ չեք լսի։ Պետություն ու ժողովուրդ կա, բայց նույնիսկ սիմվոլիկայի մակարդակում ազգ ու հայրենիք բառերը չկան։ 2018-ին պարտվեց ազգային նախագիծը, 2020-ին դրա ձևակերպումն արվեց գետնի վրա, մինչ օրս դա շարունակվում է։ Կառուցվում է մի նախագիծ, որը ոչ թե ապազգային է, այլ հակաազգային։ Ապազգայինն ուղղակի ազգայինի բացակայությունն է, հակաազգայինը պատերազմն է հայկականի դեմ»,- նշեց Էլբակյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այսօր Հայաստանում թշնամի է հռչակվել հայկականությունը, և մարդկանց քարոզվում է, որ վատ են ապրում, քանի որ հայկական օրակարգի և նախագծի հետևից են ընկած եղել. «Այս ամենը, իհարկե, պատահական չի ստացվել։ Այնպես չէ, որ արցախյան առաջին հաղթական պատերազմի սերունդը լավն էր, իսկ ահա այսօր վատ սերունդ է մեծացել։ Նման պատահական բաներ չեն լինում։ Սա թուրքերի և նրանց կցորդ ու լծակից Ադրբեջանի հետևողական սոցիալական ինժեներիայի աշխատանքն է, որը, ցավոք, 2018-ին տվեց իր պտուղները։ Պետք է հիշել և հիշեցնել, որ ազգայինի պահպանման հարցում ժամանակակից տեխնոլոգիաները մի կողմից լուծում են, մյուս կողմից՝ հրաշագործ դեղամիջոց չեն, սրանց արանքում ինչ-որ մի տեղ պիտի հավասարակշռություն գտնվի՝ առավելագույնս օգտվելու ընձեռված հնարավորություններից»:

«Երազային մոլուցք է, որ եթե համացանց կա, թվային դարաշրջան է, ինչպե՞ս կարող է որևէ բան մոռացվել։ Թվային դարաշրջանում երբեմն որոշ բաներ ավելի լավ են մոռացվում, և այդ խաբկանքը չպետք է ունենալ։ Բայց մյուս կողմից՝ եթե արդեն իսկ կա քաղաքական և ազգային որոշում՝ հիշելու և հիշեցնելու, կան նաև դրա տեխնոլոգիական լուծումները, և դրանցից պետք է օգտվել։ Այստեղ խնդիրն ազգային-քաղաքական որոշման մեջ է։ Մեր ընդդիմադիր ազգային դաշտի գործիչներ կան, որոնց համար՝ որպես սոցիալական կերպար, անցյալի պետական-քաղաքական գործիչ, դժվար է ընդունել այս ախտորոշումը։ Այդ դեպքում կստացվի, որ իրենց ծաղկման շրջանում Հայաստանում տեղի է ունեցել թրքաբուծություն»,- ամփոփեց Էդգար Էլբակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս