Արցախի հայաթափումն Իրանին փաստի առաջ է կանգնեցրել. Շիրազ Խաչատրյանը՝ Իրանից հնչող մեսիջների մասին
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.
«Մենք (Իրանը։- Մ․Պ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, բայց չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Տարածաշրջանի սահմանների փոփոխության մասին Իրանը բազմիցս արտահայտվել է, 168.am-ը ոչ մեկ անգամ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ հարցազրույցներում անդրադարձել է այն պատճառներին, թե ինչու Իրանի շահերից չի բխում «Զանգեզուրի միջանցքը», սահմանային փոփոխություններ, օրինակ, Սյունիքի կարգավիճակի փոփոխությունը կարող է խնդրահարույց լինել հատկապես Իրանի համար, քանի որ այդ դեպքում Իրանը կորցնում է Հայաստանով Սև ծով դուրս գալու հնարավորությունը և ընկնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության տակ, իսկ «Զանգեզուրի միջանցքի» ռուսական վերահսկողության պայմաններում՝ կախվածության մեջ հայտնվում հենց ՌԴ-ից։
Հիմա Իրանը շեշտադրում է նաև տարածաշրջանում ժողովրդագրության փոփոխության անթույլատրելիությունը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում 168.am–ը փորձել է հասկանալ՝ ի՞նչ մեսիջ է հղում Իրանն այս անգամ:
«Ասելիքը կարելի է դիտարկել երկու ուղղությունով: Առաջին, Իրանը բազմիցս շատ հստակ հայտարարություններով, խիստ զգուշացումներով է հանդես եկել այս կարևոր հարցերի առնչությամբ: Այո, Իրանը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև, այսպես ասած, խաղաղ բանակցություններին աջակցելու մասին, բայց նաև նշել է Թեհրանի համար կարմիր գծերը, այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման բացառում, նաև օտար ուժերի ներկայության համատեքստում, և տարածաշրջանի թուրքացման դեմ շարունակական պայքար:
Եվ հետաքրքրական է, որ այդ մասին հենց CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, կրկին վերահաստատելով Թեհրանի այն դիրքորոշումը, որ չնայած իրանական ռազմաքաղաքական վերնախավի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին, իրենց արտաքին քաղաքական կուրսը Հարավային Կովկասում մնում է անփոփոխ:
ԱԳՆ պաշտոնակատարի երկրորդ մեսիջը տարածաշրջանի ժողովրդագրության փոփոխության առումով այն է, որ ամեն դեպքում արցախահայության տեղահանությունն իրենց հայրենիքից կարող է շատ թանկ գին ունենալ նաև Իրանի համար: Մասնավորապես, այստեղ Իսրայելն է ամրանում, և հաշվի առնելով տարածաշրջանում, հատկապես Գազայի իրավիճակի առնչությամբ հակաիսրայելական թուրք-իրանական կոնսենսուսը, հարմար առիթ է ստեղծվում իրանական կողմի համար այսպիսի նուրբ թեմայի շրջանակներում իր հստակ դիրքորոշումն արտահայտել, որն իր կողմից կարող է դառնալ շարունակական, ժամանակի ընթացքում հայտարարությունների ֆորմատից վերածելով հստակ պատասխան այլ գործընթացների»,- մանրամասնել է Շիրազ Խաչատրյանը՝ հավելելով, որ հետաքրքիր է՝ տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության առումով՝ թեմայի մեջ, բացի ՌԴ-ից, Արևմուտքից, մտնում է նաև Իրանը:
«Թեհրանը հստակ գիտակցում է՝ որքան էլ իրենք խոսեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, հայաթափումը կոնկրետ վնաս է իր համար, և օկուպացված Արցախը հիմա վերածվել է իսրայելական ֆորպոստի ավելի շատ, քան թե ադրբեջանական տարածքի, իսկ հայերի այնտեղ առկայության դեպքում շատ բան կարելի էր փոխել: Այսինքն, որքան էլ իրանական կողմը դիվանագիտորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունելի լինելու մասին խոսի, իրենց համար 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո խիստ անհանգստացնող է այդ հարցը, և Արցախի հայաթափումից հետո Իրանը փաստի առաջ է կանգնել: Եվ դրա համար էլ Գազայի մասով հակաիսրայելական թուրք-իրանական կոնսենսուսի պայմաններում հենց վերը նշված հարցազրույցում նուրբ ակնարկով մտնում է մի թեմայի մեջ, որը, ինչպես նշեցի, կարող են զարգացնել»,- եզրափակել է փորձագետը:
Հավելենք, որ դեռ 2021 թվականին, երբ դեռ Արցախն ամբողջությամբ օկուպացված չէր, 168.am-ն անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի ռիսկերին, որը սահմանում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:
2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողություններից և Արցախի կորստից հետո, այսօր արդեն արցախցիների վերադարձի խնդիր կա իրենց հայրենիք՝ միջազգային անվտանգային երաշխիքների և այլ կարևոր հանգամանքների առկայության դեպքում:
Ի դեպ, Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջ 300.000 ադրբեջանցու Հայաստան վերադարձի պահանջ կա նաև, և դեռ ժամանակի ընթացքում կհասկանանք՝ որքանով է սա Իրանին ձեռնտու: