Սյունիքը կարևոր գործոն է. կարգավիճակի ցանկացած փոփոխություն խնդրահարույց է անգամ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ արևմտյան բլոկի առանձին խաղացողների համար. Շիրազ Խաչատրյան

Փետրվարի 21-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ իրենց մոնիտորինգային աշխատանքը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը, ադրբեջանական կողմը, սակայն, հակառակն է պնդում: Սա այն դեպքում, երբ 2022 թվականի հոկտեմբերին ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եվրոպական դիտորդներին ինքն է հրավիրել՝ նշելով. «Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը»:

Ամեն դեպքում 168.am«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ հարցազրույցում փորձել է հասկանալ՝ արդյո՞ք ինչ-որ պահի և գուցև Ադրբեջանի պահանջով ԵՄ դիտորդները դուրս կբերվեն Հայաստանից, և ո՞ր դեպքում ՀՀ իշխանությունները կգնան դրան, ինչ խնդիր է այսօր լուծում Եվրոպան, Արևմուտքը՝ ԵՄ դիտորդներ ուղարկելով, միայն նրա համար, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն չտեղակայվի՞:

– Ասել, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մեկ տարվա գործունեության ժամանակահատվածում միջադեպեր, բախումներ կամ սադրանքներ չեն եղել, ուղղակի կխաբենք ինքներս մեզ ու մեր ընթերցողներին: Ասել, որ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում միջադեպերի ինտենսիվությունը նվազել է զուտ առաքելության գործունեության շնորհիվ, կրկին աղաղակող կարծիք կհնչեցնենք։

Այստեղ կան երևացող ու չերևացող պրոցեսներ, գուցե առաքելության գործունեությունն ինչ-որ չնչին չափով զսպման մեխանիզմ է եղել ադրբեջանական կողմի համար, բայց այդ ամենը պետք է նաև դիտարկել, վերլուծել զուգահեռ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների, պայմանավորվածությունների համատեքստում: Օրինակ, թե ինչո՞ւ է ինչ-որ ժամանակահատված հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հարաբերական անդորր եղել, կամ ինչո՞ւ են հանկարծակի սահմանային միջադեպեր, բռնկումներ տեղի ունեցել, և հարց տալ՝ որքանո՞վ է առաքելությունը կարողացել ազդել միջադեպերի կանխման վրա, ի՞նչ զսպող դերակատարություն է ունեցել այդ ամենում, կամ արդյո՞ք ունեցել է։

Կարդացեք նաև

Այն, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեջ քաղաքական, աշխարհաքաղաքական ներկայության բաղադրիչն առաջնային է, դա ակնհայտ է բոլորի համար:

Այն, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության չտեղակայման հանգամանքն ուղիղ կապված չէ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գործունեության հետ, և ՀԱՊԿ մասով այլ խնդրահարույց հարցեր կան, դա էլ է ակնհայտ: Բայց որ մեկ տարվա մոնիտորինգային աշխատանքի ամփոփումն ու նրանց գործունեության գնահատականը գերագնահատված է, կարծում եմ, ժամանակն ու տարածաշրջանային առաջիկա զարգացումները ցույց կտան։

Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարությունը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միաձայն հայտարարեցին, որ ռուսները թույլ չեն տվել եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ: Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր այս տեղեկությունը՝ ասելով, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների գործունեության համար խոչընդոտներ չկան: Կարճ ասած՝ ԱԱԾ-ն անուղղակի ասել էր, որ նրանք ստում են: Այլ հարց է, որ ԱԱԾ-ն էլ հայ-ադրբեջանական սահմանը համարել էր պայմանական: Այս վտանգավոր փաստերն ո՞ւր են տանում:

– Այդ ամենը հասկանալու համար պետք է ետ գնանք ու հիշենք, թե ինչ տեղի ունեցավ այդ և հաջորդող օրերի ընթացքում։ Նախ՝ մեր Ռազմական ոստիկանության, ապա՝ երկրի ղեկավարի մակարդակով իրենց վրա վերցրեցին այդ բախման, միջադեպի ամբողջ պատասխանատվությունը, ընդունեցին հայկական կողմի մեղավորությունը, փաստացի լեգիտիմացնելով ադրբեջանական հարվածները: Այնուհետև հաջորդ օրերին «դոզավորված» պատասխանատվությունը փորձեցին տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների լարվածության դաշտ, ինչն այս իշխանությունների տիպիկ ձեռագիրն է, որը տեսել ենք այս տարիներին: Այստեղ բնավ չեմ ուզում արդարացնել ռուսական կողմին, կամ խոսել նրանց պարտավորությունների կատարման-չկատարման և երբեմն ոչ գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին, բայց, որ ՀՀ ԱԱԾ այդ հայտարարությունը հերթական անգամ ապացույցն է այն բանի, թե ինչ անլուրջ, անպատասխանատու են այս իշխանությունները, դրա մասին երկրորդ խոսք չկա։ Փաստացի ՀՀ երկու կարևոր գերատեսչություններ՝ ԱԱԾ-ն ու ԱԽՔ-ը, պաշտոնապես հակադիր դիրքորոշումներ են հայտնել, հենց այդ հարցը պետք է քննարկել։ Իսկ ԱԱԾ հայտարարության մեջ երբ հայ-ադրբեջանական սահմանը համարվում է պայմանական, ինձ առանձնապես չի զարմացնում, քանի որ այս իշխանությունները վաղուց են և ադրբեջանական խոսույթ կիրառում, և ժամանակ առ ժամանակ լեգիտիմացնում Բաքվի կողմից մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան։

ՀԱՊԿ-ից հիմա էլ ժամանակ առ ժամանակ ասում են՝ պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: Բայց այստեղ թյուրքալեզու պետություններ կան, արդյո՞ք նման համաձայնության հնարավոր է հասնել, եթե ՀՀ-ից դրական արձագանք լինի:

– Նախ պետք է հասկանալ, թե ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում ստեղծված ներկայիս իրավիճակը, տարաձայնություններն ու անդամակցության սառեցման հարցն ինչպիսի ընթացք կարող է ստանալ, դրանից հետո նոր խոսել ՀԱՊԿ-ից դիտորդական առաքելություն ուղարկելու, նրանց կողմից տարվող միջոցառումների և պարտականությունների կատարման մասին։ Այստեղ որքան էլ թյուրքական պետությունների գործոնի մասին շեշտում եք, բայց ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված խնդիրն ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների, երկկողմ պրոբլեմատիկ հարցերի չլուծման համատեքստում պետք է դիտարկել։

Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմի այսօրվա արդյունքները, ռուսական հաջողությունները փոխո՞ւմ են իրավիճակ կամ խաղաթուղթ Հարավային Կովկասում: Եվ արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմում այսօրվա պատկերը, ռուսական հաջողությունները տարածաշրջանում դերի, ներկայության ամրապնդման, կոմունիկացիոն մրցակցությունը չի սրի, ինչի մասին վերջերս խոսում էինք, թե՞ Ռուսաստանի հիմնական ուշադրությունը դեռ ռուս-ուկրաինական ճակատում է:

– Միանշանակ փոխելու է իրավիճակը, և ռուսական կողմի՝ ուկրաինական ֆրոնտում հնարավոր հաջողությունների պարագայում մեր տարածաշրջանում ՌԴ-ն անվտանգային ավելի հստակ ու վճռական քաղաքականություն է վարելու։

Չնայած այն հանգամանքին, որ 2022թ.-ից հետո Հարավային Կովկասում տարբեր իրավիճակների վրա ազդելու Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակվել էին, սակայն Ռուսաստանը շարունակում է իր կարևոր դերակատարությունը պահպանել տարածաշրջանում, և այս պարագայում Հարավային Կովկասի երկրները, առաջնահերթ՝ Հայաստանը, պետք է կարողանա իր արտաքին քաղաքականությունը վարելու մեջ հստակ հաշվի առնել այս հանգամանքը: Ադրբեջանը կարողանում է, «խաղում է», որքան հնարավոր է, Վրաստանը՝ ևս, իսկ մեր մասին դժվար է ասել, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում։

Այս տարածաշրջանին Ռուսաստանն այնքան ամուր է կապված՝ տնտեսական, քաղաքական և բազմաթիվ այլ թելերով, որ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի վատ արդյունքների պարագայում առաջիկա տարիների ընթացքում դժվար է պատկերացնելը, թե որևէ այլ պետություն տարածաշրջանում կարող է փոխարինել Ռուսաստանին, խոսքն անգամ Իրանի և Թուրքիայի մասին է, էլ չեմ ասում արևմտյան բլոկի պետությունների մասին։ Այնպես որ՝ պետք է ճիշտ գնահատել իրավիճակը և արտաքին քաղաքական շրջադարձային քայլերից հնարավորինս խուսափել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջարկում է Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական դաշինք կնքել, ինչը Հայաստանին անձեռնմխելի կդարձնի, բայց արդյո՞ք Իրանը և Ռուսաստանը նման հետաքրքրություն այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում կարող են ունենալ, կամ Հայաստանն այսօր աշխարհագրական առումով գործո՞ն է, գուցե Սյունիքի հաշվին՝ դեռ այո՞՚:

– Միայն Հայաստանից ու նրա առաջարկից չի կախված նման բլոկի ստեղծման հավանականությունը, պետք է հասկանալ, թե ինչ են, օրինակ, առաջարկում նաև Իրանն ու Ռուսաստանը, կամ երբևէ հանդես եկե՞լ են նման ռազմավարական դաշինք կնքելու պատրաստակամությամբ։ Հասկանալի է, որ Հայաստանը պետք է ամեն միջոց ձեռնարկի  տարբեր տարածաշրջանային խաղացողների հետ համաձայնագրերի շուրջ աշխատանքներ տանելու, կնքելու համար։ Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի՝ գնահատելով իր աշխարհագրական դիրքը, նաև հասկանալով, թե դարեր շարունակ այս տարածաշրջանում ո՞ր պետություններն են դերակատար, ի՞նչ ազդեցություն ունեն և կարող են ունենալ տարածաշրջանային հնարավոր զարգացումներում։

Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը, եթե Հայաստանն այսօր աշխարհագրական առումով գործոն չլիներ, չէինք հայտնվի գեոպոլիտիկ փոթորիկների կիզակետում։ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պայմաններում կարևորագույն գործոն է Սյունիքը, և Հայաստանի ողնաշարը հանդիսացող մարզի կարգավիճակի ցանկացած փոփոխություն խնդրահարույց է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ արևմտյան բլոկի առանձին խաղացողների համար։ Սակայն առաջնահերթ ու յուրահատուկ ձևով Սյունիքի կարգավիճակի փոփոխությունը կարող է խնդրահարույց լինել հատկապես Իրանի համար, քանի որ այդ դեպքում Իրանը կորցնում է Հայաստանով Սև ծով դուրս գալու հնարավորությունը և ընկնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության տակ, իսկ «Զանգեզուրի միջանցքի» ռուսական վերահսկողության պայմաններում՝ կախվածության մեջ հայտնվում հենց ՌԴ-ից։ Այնպես որ՝ շահերի մեծ բախում կա այստեղ, և տարածաշրջանային խաղացողների մրցակցությունը, անհաշտ հակամարտությունը շարունակվելու է։

Մենք միշտ ասում ենք՝ հավաքական Արևմուտք, բայց հենց Հարավային Կովկասի հետ կապված արևմտյան երկրները չունե՞ն տարբեր մոտեցումներ, կամ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տարբեր շահեր:

– Ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ցանկացած տարածաշրջանում, մայրցամաքում, օվկիանոսային տիրույթներում խոշոր խաղացողներն ունեն իրենց առանձին շահերն ու աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տարբեր մոտեցումները։ Նույն արևմտյան բլոկի մի շարք տերություններ միշտ ձգտում են անվտանգային գերակայության հարցերում առաջատար լինել և՛ մայրցամաքներում, և՛ ջրային տիրույթներում։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան փորձում են հատկապես Ֆրանսիայի ազդեցությունը թուլացնել մի շարք տարածաշրջանային հատվածներում, օրինակ, շուրջ երկու տարի առաջ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կողմից ստեղծվեց հնդկախաղաղօվկիանոսյան ալյանսը, որին շատ ցավոտ արձագանքեց Ֆրանսիան՝ այն գնահատելով հարված մեջքից: Արևմտյան բլոկի տարբեր խաղացողների մրցակցության, հակադրությունների մասով նույն պատկերն է նաև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում: Այնպես որ՝ և՛ Հարավային Կովկասում, և՛ ամենուր նույնիսկ արևմտյան բլոկի տարբեր խաղացողներ իրենց շահերն են փորձում առաջ տանել: Եվ Ֆրանսիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում պատահական չէ, ու հնարավոր է, որ շատ հարցերում նրա մոտեցումներն ու շահերը չեն համընկնում նույն բրիտանական, ամերիկյան կամ թուրքական հետաքրքրությունների հետ։

ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, և Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտարարեց, որ այս փաստի հետ պիտի հաշվի նստի Հայաստանը, որովհետև ԵՄ-ն փաստացի հասել է մեր տարածաշրջան։ Հաշվի առնելով Ադրբեջանի՝ Տավուշի գյուղերը հանձնելու պահանջները, տավուշյան ուղղության կոմունիկացիոն հնարավորությունները և ուղղությունը, կարո՞ղ ենք սպասել Արևմուտքի հետաքրքրության ակտիվացում նաև տավուշյան հատվածում:

– Տավուշի մարզով անցնող կոմունիկացիաները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, խոսքը ոչ միայն ճանապարհների, այլ գազատարի և տարբեր հանգույցների մասին է։ Ճիշտ է՝ Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունն անհամեմատելի է Հայաստանի մյուս տարածքների հետ, այնտեղ խոշոր խաղացողների խաղադրույքները բավականին բարձր են, բայց այնպես չէ, որ Տավուշում տեսականորեն ստեղծվող կոմունիկացիոն, տնտեսական խնդիրներն անվտանգային նոր ռիսկերի առաջ չեն կանգնեցնելու մեզ։ Այնպես որ, խնդիրները պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ, ու, կարծում եմ՝ Արևմուտքի հետաքրքրվածությունը Հայաստանի այս կամ այն շրջանի նկատմամբ տարանջատված չէ, և ժամանակի ընթացքում կարող են ակտիվ բնույթ կրել։

Որքանո՞վ է Ադրբեջանը «ներգրավված» թուրքական պրոյեկտներում, որքանո՞վ է տեղի ունենում հակառակը: Այսինքն, Հայաստանի նկատմամբ իրականացված տարածքային պահանջները որքանո՞վ են բխում զուտ Ադրբեջանի շահից, և որքանո՞վ՝ Թուրքիայի: Օրինակ, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը զուտ թուրքական ծրագիր է, և առաջինը հենց Թուրքիայի շահն է առաջ տանում, իսկ Ադրբեջանը զուտ գործիք է, այդպես չէ՞:

– Այո, «Զանգեզուրի միջանցքը» մաքուր թուրքական քաղաքական նախագիծ է, որը սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ դեռևս չկար Ադրբեջան անունով պետություն։ Այս միջանցքի գաղափարը ռազմավարական կարևոր նշանակություն ունի առաջնահերթ Թուրքիայի համար, որը ուղիղ և ամենակարճ կապն է ապահովելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի թյուրքական մյուս պետությունների հետ։ Թուրքիան այս պրոյեկտում առաջնային դեր ունի, և եթե իրեն հաջողվի կյանքի կոչել այդ նախագիծը, ապա աշխարհում յուրահատուկ դեր, կշիռ ու հեղինակություն ձեռք կբերի։ Ճիշտ է՝ Թուրքիան միջանցքը բացելու հարցով իր քաղաքական նկրտումները թաքցնում է զուտ տնտեսական հիմնավորումների հաշվին, բայց ռազմաքաղաքական բաղադրիչը պարզ է գրեթե բոլորի համար։ Զուգահեռ՝ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ստանալով այդ միջանցքը, ուղիղ կապով հաղորդակցվելու է Նախիջևանի հետ, իր ազդեցությունն ավելի ուժեղացնելով էքսկլավի նկատմամբ։ Սակայն, կրկնում եմ, միջանցքի բացումն առաջնահերթ Անկարայի դիրքերը ուժեղացնում է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում: Եվ Թուրքիան հմտորեն օգտվելով Հայաստանի թույլ վիճակից ու Ալիևի աջակցությունից, Բաքվի տնտեսական հնարավորություններից՝ փորձում է իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծել՝ մասամբ բավարարելով նաև Ադրբեջանի հետաքրքրությունները։

– Փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը, պե՞տք է կարևորություն տալ այս ձևաչափով հանդիպումներին, թե՞ սա ընդամենը թղթատարություն է: Ի դեպ, ի՞նչ վտանգավոր փաստ առանձնացրեցիք Մյունխենից հետո, գուցև՝ նոր:

– Ցանկացած հանդիպման, ինչ ձևաչափի էլ լինի, պետք է կարևորություն տալ, այլ հարց է՝ այդ հանդիպումներից հետո ինչ ենք ստանում կամ կորցնում։ Ցավոք սրտի, նմանատիպ հանդիպումներից հետո չեմ հիշում, չեմ կարող արձանագրել մի դեպք, երբ կարողացել ենք որևէ արդյունքի հասնել։ Այդպիսի հանդիպումներում շատ հաճախ նույնիսկ այս իշխանությունների կողմից տրված բանավոր խոստումներն ավելի վտանգավոր են լինում՝ իրենց շղթայական հետևանքներով, քան իրենց ստորագրած որևէ փաստաթուղթ։

Իսկ Մյունխենի երկկողմ հանդիպումը, որի մասին գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, և, առհասարակ, երկկողմ բանակցությունները, ուղղակի Ադրբեջանի ցանկությունն ու քմահաճույքն է, երբ Հայաստանի հետ բանակցություններում միջնորդների դերակատարությունն ուղղակի մերժվում է ու հայ-ադրբեջանական բանակցությունները դուրս են հանվում, այսպես ասած, միջազգային օրակարգի քննարկման մասից։

Ադրբեջանի համար՝ դրանից ավելի կոմֆորտ, իսկ մեր համար՝ ավելի ռիսկային, վտանգավոր իրավիճակ դժվար է պատկերացնել։ Եթե նույնիսկ միջնորդների պարագայում հայկական կողմը քիչ մանևրելու հնարավորություններ ուներ, ապա երկկողմ բանակցություններով Բաքուն «կամ-կամ»-ի սկզբունքով երկընտրանքի առաջ է կանգնեցնելու Երևանին՝ ձգտելով հասնել առավելագույնին։

Տեսանյութեր

Լրահոս