Մոտ մեկ շաբաթ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում էր Իրանի հայացքը սևեռել Հայաստանի վրա՝ առաջ տանելով ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով: Եվ անգամ ԱՄՆ դեսպանատան հերքումը չէր բավարարել ադրբեջանական կողմին, նրանք պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարարության և Իրանի հերքումը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պահպանեց լռությունը, սակայն Իրանն օրեր անց պաշտոնապես արձագանքել է:
Եվ հետաքրքրական է, որ այդ մասին հենց CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, կրկին վերահաստատելով Թեհրանի այն դիրքորոշումը, որ չնայած իրանական ռազմաքաղաքական վերնախավի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին, իրենց արտաքին քաղաքական կուրսը Հարավային Կովկասում մնում է անփոփոխ: