Թուլամորթ կեցվածք բռնած արտաքին քծնանքով, հանուն անձնական գոյատևման ներքաղաքական «լեզվաշարժությամբ» պետության արտաքին քաղաքական վեկտոր չեն փոխում. Էդուարդ Աբրահամյան
Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես նաև ինտեգրացիոն կառուցվածքային կոնֆիգուրացիան։ Նիկոլ Փաշինյանը նման մտադրություններ չունենալու մասին բացահայտ հայտարարել է մի քանի անգամ։ Նա նույնիսկ հայտարարել է, որ իր արտաքին քաղաքական հավատամքը ռեգիոնալիզմն է, որը ենթադրում է որևէ կերպ չհակադրվել տարաշարջանի պետությունների (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան) ռազմավարական շահերին, և որը, բնականաբար, որևէ կապ չի կարող ունենալ ինստիտուցիոնալ և քաղաքակրթական Արևմուտքի հետ։ Փորձենք հասկանալ խնդիրը կառուցվածքային-համակարգային տեսանկյունից։
Ա) Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը նախ դեմ է Ռուսաստանը, քանի որ դա համադրելի է, օրինակ, Ուկրաինայի կամ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ինչը թույլ չտալու համար Կրեմլը աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական արյունալի, բայց վճռական հակամարտության մեջ է մտել Արևմուտքի հետ ընդհանրապես ու Ուկրաինայի նկատմամբ մասնավորապես։
Քաղաքակրթական հակամարտության ռազմա-քաղաքական տեսանելի սկիզբը Ուկրաինայում պահանջեց Ռուսաստանից ավտոկրատիկ հակաարևմտյան ուժերի կոնսոլիդացիա «բազմաբևեռ աշխարհակարգի» «Արևմուտքի միակողմանի որոշումներին հակադրվելու» և «արևմտան զարգացման և արժեհամակարգերին ալտերնատիվ մոդելների» շուրջ։
Ելնելով այս աշխարհաքաղաքական հավակնությունից Ռուսաստանը դեմ չէր Հայաստանի ռազմական ջախջախմանն ու Ադրբեջանի հաղթանակին 2020-2023թթ․, քանի որ դա փոխում է Կովկասում ուժային կոնֆիգուրացիան Կրեմլի ոչհամագործաքցային հեգեմոնիկ ռազմավարությունից դեպի համագործակցային հեգեմոնիայի, որտեղ Ադրբեջանը կարևոր «կապող օղակ» է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանում ոչարևմտյան կոնսենսուս ապահովելու հարցում՝ Բաքվի սուբ-դոմինանտ դերը ճանաչելով։
Հետևաբար Կովկասում ձեռք բերելով քաղաքակրթական և ռեժիմային դաշնակիցներ ընդդեմ Արևմուտքի` Կովկասը Ռուսաստանի համար հիմա վերածվում է «հուսալի թիկունք» Արևմուտքի նկատմամբ ռազմա-քաղաքական գործողությունների համար։ Իսկ ավտոկրատիկ գլոբալ կոնսոլիդացիան շատ ավելի վտանգավոր և մեծ թափ է հավաքում, քան կարող էր թվալ առաջին հայացքից։
Բ) Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեմ է Ադրբեջանը, որի համար Հայաստանի ռուսական ազդեցության թուլացումը, և իր ազդեցության թուլացումը, Եվրասիական համակարգից դուրս գալը, զորքերի դուրս բերումն ու Արևմուք տարածաշրջան բերելը իր ողջ նորմատիվա֊արժեհամակարգային պաշարով ու ինստիտուտներով մահացու սպառնալիք է Ադրբեջանի ռազմավարական շահերի տեսանկյունից։ Իսկ Ադրբեջանը գիտի, թե ինչպես է պետք պաշտպանել ռազմավարական շահերը։ Հետևաբար, Հայաստանի` դեպի Արևմուտք իրական քայլերը լեգիտիմ իրավունք են տալիս Բաքվին այն համարել casus belli և ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ` հենվելով վերոնշյալ համագործակցային ավտոկրատիկ կոնսենսուսի վրա։ Իսկ ֆորմալ հողի վրա առիթներ միշտ կարելի է ստեղծել և հիմնավորել։ Օրինակ «կեղծ դրոշի» տակ օպերացիաները, որոնք Ադրբեջանն, ի դեպ, իրականացրել է
44-օրյապատերազմի ընթացքում։ Հետևաբար՝ հարձակման առիթների համար ջանասիրաբար խփված մի քանի սպիտակ սահմանասյունը խոչընդոտ չեն։
Գ) Հայաստանի վեկտոր չփոխելու և տարածաշրջանում իրենով ինստիտուցիոնալ֊քաղաքակրթական կոնֆիգուրացիա չխախտելու հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև կա կոնսենսուս։ Բոլորը դեմ են Հայաստանի Արևմուտքի մաս դառնալուն։ Ըստ այդ կոնսենսուսի, Հայաստանը պիտի մնա Եվրասիական աշխարհակարգի մեջ` Եվրոպական և Եվրո-Ատլանտյան համակարգից դուրս։
Դ) Հետևաբար՝ որպեսզի իրականացնել բարդ և բազմամակարդակ օպերացիա, ինչպիսին է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն՝ խիստ խոցելի ու սահմանափակ կենսունակությամբ երկրի կողմից ինչպիսին է մերօրյա Հայաստանը, որը գտնվում է արգեսիվ հակաարևմտյան եվրասիական միջավայրում, որտեղ ուժի կիրառումը լեգալիզացված է եվրասիական աշխարհակարգ պարտադրողների կողմից և որտեղ բռնությամբ քաղաքական խնդիր լուծողին չեն նախատում, այլ շնորհավորում ու մեծարում են, Հայաստանի իշխանությունները պետք է ունենան չորս ֆունդամենտալ ունակություն․
1. Ռեսուրս կուտակելու և այդ ռեսուրսը կարողության վերածելու՝ ուժ գեներացնելու ունակություն, այնուհետև այդ մոբիլիզացված ուժը վերածելու արտաքին քաղաքական և անվտանգային գործիքների։
2. Բարդ ռազմավարական պլանավորում իրականացնելու և այդ պլանավորման առանցքային նպատակներին հետևելու և արդյունքը չափելու ունակություն։
4. Տարածաշրջանում Հայաստանի ազգային/ռազմավարական ոտնահարված և խախտված շահերի և իրավունքների վերականգնման, դրանց պաշտպանության ռազմավարություն ձևակերպելու ունակություն, և դրանց խախտման հիման վրա էլ ռազավարական վեհտորի փոփոխության հիմնավորում։
3. Արտաքին քաղաքական ճիշտ ռազմավարական հաղորդակցության (messaging) պլանավորում և իրականացում՝ հոգուտ արտաքին մանևրականության բարձրացման։
Այն իր մեջ ներառում է հակամարտային բազմաբևեռ միջավայրում կառուցվածքային դերեր ստանձնելու հավակնության ձևակերպում։ Այն ենթադրում է մեծ քաղաքական խաղի մասնակից դառնալու դիրքավորում-հավակնություն։ Խաղ, որը կնպաստի երկրի ներքին ուժի կուտակմանն, արտաքին քաղաքական ռադարի վրա ավելի նկատելի, ավելի ազդեցիկ դարձնելուն և երկրից կախվածություններ ստեղծելու ունակություն։ Այս դիրքավորումը ենթադրում է ինքնատիպ արտաքին քաղաքական տեսլական՝ գլոբալ քաղաքակրթական հակամարտության մեջ ուրույն ճամբարի մաս լինելու վերաբերյալ, որն էլ ի վերջո պոտենցյալ դաշնակցի կամ գործընկերոջ աջքերում Հայաստանը կարող է դիրքավորել իր տարածաշրջանում օրենք ստեղծողի (rule-maker), իսկ հետո արդեն իր միջավայրում կարգ դնողի (agenda-setter) հավակնություն: Սա իր հերթին կստեղծի ձգողական ուժ Արևմուտքի և այլ ոչավտորիտար ճամբարի խաղացողների համար։
Երկիրը պետք է դիտարկել որպես ավելին քան բիզնես պրոյեկտ, ուր ներդրումը լուրջ քաղաքական դիվիդենտներ կարող է բերել պոտենցիալ գործընկերների համար մեծ խաղի շրջանակներում։
Պետության այս չորս ֆունդամենտալ կարողությունները պահանջում են կառավարող էլիտաների կոգնիտիվ (մտավոր) և պրոֆեսիոնալ բավարար ներուժ և քաղաքական կամք, որոնցից զուրկ է թե Հայաստանի ներկայիս կառավորող ու սպասարկող խումնը ընդրանրապես, և թե անձամբ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես։ Այն իրենից ենթադրում է բավականին լայն խմբերի գերլարված կորդինացված ինտելեկտուալ աշխատանք բավականին երկար ժամանակահատվածում՝ օժտված ռազմավարական հետևողականությամբ և ռազմավարական համբերությամբ։
Ի տարբերություն Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների՝ Ադրբեջանի վերնախավը այս չորս ֆունդամենտալ ունակությունները ձեռք է բերել դեռ անցած տասնամյակի ընթացքում և մեծ ոգևորվածությամբ իրականացնում է տարբեր ոլորտներում, այդ թվում նախ և առաջ Հայաստանի դեմ տարվող իրենց «խորքային ռազմավարության» շրջանակներում։
Հետևաբար՝ թուլամորթ կեցվածք բռնած արտաքին քծնանքով (appeasement), կամ դիվանագիության նմանակմամբ (simulacrum diplomacy), կամ հանուն անձնական գոյատևման ներքաղաքական «լեզվաշարժությամբ» պետության արտաքին քաղաքական ռազմավարական վեկտոր չեն փոխում։