ԲԴԽ-ն յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք. Դավիթ Հարությունյանի գործով ՍԴ որոշումը

Սահմանադրական դատարանը (ՍԴ)՝ կազմով Ա. Դիլանյանի (նախագահող) Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի, նախորդ տարվա հուլիսի 3-ին լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա իրականացված քննությամբ մայիսի 21-ին որոշել է՝

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» 32 ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝

• Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։

• Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել և հաջորդաբար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվել է հենց իր կողմից թույլ տրված արտահայտություններով դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, որի վերաբերյալ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման որոշման հիմքում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արդարադատության շահի» պաշտպանության նպատակի համար չի ներկայացվել ո՛չ ապացույցների ձեռքբերման, հետազոտման եւ դրանց ամբողջականությունը եւ անխախտելիությունը պաշտպանելու, ո՛չ էլ ինքնին վարույթի ընթացքը խոչընդոտելու վտանգ պարունակող այլ հանգամանք։

• Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։

• Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի երաշխավորումը պահանջում է, որ յուրաքանչյուր դեպքում՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման հարցին զուգահեռ, Խորհուրդը միջոցներ ձեռնարկի դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար՝ երաշխավորելով դատավորի ներկայացուցչի մասնակցությունը կարգապահական վարույթին, և նույնիսկ նման հնարավորության բացակայության պայմաններում առնվազն ապահովի, որ կողմի դիրքորոշումները, եթե հնարավոր չէ նրա մասնակցությունը վարույթին, ներկայացվեն առնվազն գրավոր կերպով:

Տեսանյութեր

Լրահոս