Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։
Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։
Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, որում եղել են մետաղադրամներ և թանկարժեք զարդեր։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը ձերբակալել է գողության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի, որից հետո էլ հնարավոր է եղել Մադրիդի շենքերից մեկում գտնել կտավը։
2017 թվականին ոստիկանությունը վերադարձրել էր հինգ կտավներից երեքը։ Հետաքննության սկզբից ի վեր այս հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 16 մարդ։
Այժմ հետաքննությունը կենտրոնացած է արվեստի վերջին գողացված ստեղծագործությունը գտնելու վրա:
Ֆրենսիս Բեկոնը կերպարային նկարչության վարպետ է։ Նկարչի կտավները բարձր են գնահատում ամբողջ աշխարհի կոլեկցիոներները։ 2015 թվականին Բեկոնի «Երկու էսքիզ ինքնանկարի համար» (1977 թ.) երկփեղկ կտավը Լոնդոնում վաճառվել է 22,4 միլիոն դոլարով։