Սա քաղաքական պատվեր է՝ Հայկ Շամիրյանն ակտիվ է հանրահավաքներին, որովհետև չի ուզում հայրենիքի այս հատվածն էլ կորցնի. Ալյոշա Գաբրիելյան

Երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը խուզարկություն կատարելուց հետո նրան ձերբակալել են։

Այսօր քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան Հայկ Շամիրյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն, ինչպես ժամեր առաջ տեղեկացրեց Հ. Շամիրյանի փաստաբան Վահե Եփրիկյանը, դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

168.am-ի հետ զրույցում Հայկ Շամիրյանի ազգականներից Անահիտ Պետրոսյանն այսօր ավելի վաղ դատարանի բակում մանրամասնեց, թե ինչու է ձերբակալվել Ասկերանի քաղաքապետը՝ իբր թե պետությանը վնաս պատճառելու համար։

«Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը: Գույքն օտարվել է ավագանու անդամների որոշմամբ, նրանք որոշել են գույքը հանձնել համայնքի ղեկավարի տնօրինությանը, հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որ ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակաշրջանում՝ 2020-ին, որին հետևել է 44-օրյա պատերազմը: Նա ակտիվ ներգրավված է եղել թե՛ քաղաքի ինքնապաշտպանությանը, թե՛ թիկունքի հարցերի կազմակերպմանը: 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանված 100 արցախցի ընտանիքների տեղավորել է Ասկերանում»,- նշեց Անահիտ Պետրոսյանը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն էլ խոսելով Հայկ Շամիրյանին ձերբակալելու և հատկապես «պետությանը վնաս պատճառելու մեջ» նրան մեղադրելու մասին, վստահ ասաց՝ այս ամենն ունի քաղաքական հիմք, քանի որ Հայկ Շամիրյանը պայքարում էր ու չի ուզում, որ Հայաստանն էլ արժանանա Արցախի ճակատագրին, ավելին՝ եթե այդ մեքենան մնար ադրբեջանցիներին, ապա ՀՀ իշխանությունը ուրախ կլիներ դրա համար։

«Երբ ես ժամանակին Ասկերանի քաղաքապետն էի, Հայկը եղել է իմ տեղակալը, հետո նա ընտրվել է՝ որպես քաղաքապետ։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Շամիրյանը, եղել է իմ աշակերտը, ով զոհվել է Արցախի առաջին պատերազմում։ Հիմա ՀՀ իշխանությունները նրան մեղադրում են պետությանը վնասելու մե՞ջ, նա ու իր ընտանիքը պետությունը զարգացնող, պաշտպանող են, ոչ թե վնաս տվող։ Հայկի ընտանիքին շատ լավ գիտեմ, Հայկը կազմակերպված, ազնիվ, համեստ տղա է։

Եթե նույն մեքենայի մասին է խոսքը, ապա այն տրամադրել են ինձ, երբ ես քաղաքապետ էի, համայնքի սեփականությունն էր, հիմա եթե ավագանին որոշել է ու մեքենան նրան թողել, ՀՀ իշխանություններն ի՞նչ են ուզում անել, համայնքային սեփականություն է եղել, իսկ համայնքային սեփականությունը տնօրինում է ավագանին»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի օկուպացիայից հետո այդ մեքենան կա՛մ պետք է հանվեր, կա՛մ թողնեին Արցախում։ Մարդիկ որոշել են դրանք հանել, հատկապես, որ այդ մեքենաներով ադրբեջանական ցեղասպանությունից հազարավոր մարդիկ են դուրս հանել ու տեղափոխել Հայաստան։

«Այսինքն՝ այս իշխանությունը կուզեր, որ մեքենան մնար Արցախում։ Սա քաղաքական պատվեր է, որովհետև Հայկ Շամիրյանն ակտիվ էր հանրահավաքներին, դրանց մասնակցում էր։ Սա բնական է, քանի որ հայրենիք կորցրած մարդը չի ուզում, որ հայրենիքի այս հատվածն էլ կորցնի։ Իսկ այս իշխանությունների օրոք մեր վերադարձն Արցախ հնարավոր չէ։ Հայրենիք ենք կորցնում, նստենք սպասենք, որ այստեղի՞ց էլ մեզ բռնի տեղահանեն»,- եզրափակեց Ալյոշա Գաբրիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս