Իտալիայից, Ֆրանսիայից բազմաթիվ հայեր են գալու՝ մասնակցելու մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին. Տարիել Բիշարյան

Սփյուռքում մեր ապրելն ի՞նչ իմաստ ունի, եթե չլինի Հայաստան. իսկ Հայաստանի լինելիությունն այժմ վտանգված է։

Այսօր մեր հայրենիքը կանգնած է թրքացման կամ ադրբեջանացման եզրին, ուստի այս օրհասական պահին հենց սա պետք է գիտակցի սփյուռքում ապրող ամեն մի հայ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց նորաձևության ոլորտում բիզնես խորհրդատու, Իտալիայի հայոց միության խորհրդի անդամ Տարիել Բիշարյանը՝ ընդգծելով.

«Այսօր եկել հասել ենք մի կետի, երբ կորցնում ենք մեր պետականությունը։ Սփյուռքի գոյությունը շատ ուղիղ կապված է Հայաստանի գոյության հետ, ուստի, եթե Հայաստանը որպես պետություն չլինի, սփյուռքի գոյությունը կդառնա անիմաստ։ Հենց այս ընկալմամբ եմ առանց ետադարձ տոմսի եկել Հայաստան՝ միանալու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժմանը։ Եկել եմ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Դա եմ խորհուրդ տալիս իմ հարենակիցներին, ասում եմ՝ եկե՛ք, տեր կանգնեք այս պայքարին»,– ասաց Տարիել Բիշարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով,եկել է Հայաստան՝ մասնակցելու հայկական պետականությունը փրկելուն ուղղված շարժմանը, միևնույն ժամանակ, տեղյակ է, որ Հայաստան գալու պատրաստակամություն ունեն իր բազմաթիվ ընկերները՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք Հայաստան են գալու Իտալիայից և Ֆրանսիայից՝ գալու են մասնակցելու մայիսի 26-ին կայանալիքհանրահավաքին»,– ասաց Բիշարյանը՝ ընդգծելով, որ և՛ իր, և՛ մայիսի 26-ին Հայաստան եկողների համար ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողել է պետության կառավարման հարցում։

«Բագրատ սրբազանի առաջնորդածշարժմանը միացել եմ նաև այն խաղաղության խոսքի համար, որը տարածվում է։ Ես տեսնում եմ, որ մենք վերջապես սկսել ենք լսել, նույն ընդդիմադիր դաշտում աջ ու ձախ իրար մեղադրում էին, բայց հիմա միմյանց կարողանում են լսել»,– ասաց Իտալիայի հայոց միության խորհրդի անդամը՝ շեշտելով՝ գործել է պետք արագ,քանզի այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի այս իշխանությունը, հանգեցնելու է նրան, որ այսօր Տավուշի մարզից տարածքներ պահանջող հակառակորդը կանգ չառնի։

«Ես տեսնում եմ, որ այս քաղաքականության շարունակությունը լինելու է նաև Սյունիքում և Վարդենիսում։ Ես տեսնում եմ, որ այս քաղաքականության հետևանքով Երևանը կարողէ օկուպացվել թուրք-ադրբեջանական զորքերի կողմից, իսկ այդ պարագայում հնարավոր չէ նստել Իտալիայում և տեսնել, թեհայրենակիցներդ ինչպես են ցեղասպանվում։ Ես չեմ կասկածում, որ վաղը Հայաստանում կարող են բնակեցվել ադրբեջանցիներ, ու նրանց պաշտպանելու համար Հայաստան կբերվի ադրբեջանական զորք»,-ասաց Բիշարյանը՝ եզրափակելով.

«Սա մեր վերջի դեմ ուղղված պայքար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս