Հայ-ադրբեջանական ռազմական բախումներն ու սահմանագծումը Տավուշում 1920 թվականին
1918-1920 թվականներին, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անկախ պետություններ էին, տեղի ունեցան մի շարք ռազմական բախումներ: Ռազմական այդ բախումները սկսվեցին Հայաստանի և նոր կազմավորված Ադրբեջան պետության անկախության հռչակումից կարճ ժամանակ անց: Արդեն իսկ 1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Տավուշի մարզի մի որոշ հատվածը: Ադրբեջանական բանակն օկուպացնում է նաև տարածքներ Արցախից, Սյունիքից և Նախիջևանից:
Այդ շրջանում շատ բարդ վիճակում էր գտնվում Տավուշի մարզը: Դեռևս Ցարական ժամանակաշրջանում Տավուշը՝ Շամշադինը, համարվել է Ելիզավեպտոլի նահանգի Ղազախի գավառի մի մասը: Սույն կարգը գործել է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1929 թվականին, Տավուշը հանդես եկավ՝ որպես Շամշադինի շրջան: 1918 թվականին բարդ ու ծանր վիճակում էր Տավուշի մարզը, քանի որ քաղաքական-սոցիալական խնդիրների կողքին կային նաև ադրբեջանական բանակի օկուպացիոն գործողությունները:
Տավուշը ևս անմասն չմնաց այդ իրադարձություններից: Մասնավորապես, 1918 թվականին այնտեղ տիրող բարդ վիճակի մասին է վկայում նույն թվականին տպագրված «Տեղեկագիր Ղազախ-Շամշադին հայրենակցության միության» գիրքը, որում հետաքրքիր մանրամասներ կան Տավուշի կարգավիճակի մասին.
«Վարչությունս հնարավորություն չի ունեցել իրագործել իր ծրագրած մի շարք կուլտուրական խնդիրները, որովհետև գավառի դրությունը վատանում էր: Ղազախ-Շամշադինը գտնվում էր մի շիկացած օղակի մեջ, որը օր օրի վրա հսկայական չափեր առնելով սեղմում, սպառնում էր այրելու և ընդմիշտ վերջ տալու նրա ֆիզիկական գոյությանը: Գյուղերից, իրար հետևից գալիս էին Թիֆլիս պատգամավորներ և հայրենակցությունիցս օգնություն էին խնդրում»: (Տեղեկագիր Ղազախ-Շամշադին հայրենակցության միության, 1918 թ., Թիֆլիս, էջ 5):
Նույն շրջանում աճում էր նաև անվտանգային խնդիրը: Մտավորականությունն ու քաղաքական գործիչները լավ հասկանում էին, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն կերպ ցանկանալու է տիրանալ հնարավոր ամեն ինչին: Հետևաբար՝ կարիք կար հարևան երկրների հետ ապրել հաշտ, սակայն ունենալ ամուր անվտանգային, պաշտպանական համակարգ: Հենց այդ կետում գործի է անցնում Հովհաննես Թումանյանը, ով էլ ստանձնում է Տավուշի ինքնապաշտպանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը.
«Վարչությունս երկար խորհրդակցություններից հետո եկավ այն անդրդվելի եզրակացության, որ գավառի փրկությունը կայանում է միմիայն հարևանների հետ համերաշխություն պահպանելու մեջ: Եվ նա ղեկավարվելով այդ սկզբունքներով՝ ամենուրեք արծարծում ու տարածում էր այդ գաղափարը: Սրան մեծ զարկ տվեց Հովհաննես Թումանյանի ձեռնարկությամբ կազմված ինքնապաշտպանության հանձնաժողովը, որը գտնվում էր իրան, Թումանյանի ղեկավարության տակ: Այդ հանձնաժողովի մեջ մտնում էին հայրենակցությանս կողմից Միք. Աստվածատրյանը, Ն. Ավագյանը, Ե. Պապյանը, և Լևոն Թումանյանը: Հանձնաժողովը անմիջապես մեկնում է գավառ և երկրի դրությունը տեղն ու տեղը ուսումնասիրելով անցնում է գործի»: (Նույն տեղում՝ էջ 6):
Տավուշում ռազմական բախումները հատկապես մեծ թափ են ստանում 1920 թվականի ամռանը, որոնք հետագայում ևս մասնակի շարունակվում են, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ամռանն էր: Ռազմական գործողությունները դադարեցվում են 1920 թվականի հուլիսի 30-ին:
Մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում կնքվում է հայ-ռուսական համաձայնագիրը: Համաձայնագրով նշվում է, թե որ տարածքներն են համարվելու Հայաստանի Հանրապետության տարածք: Համաձայնագրում, բնականաբար, անդրադարձ կար այդ շրջանում հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտային 4 տեղերին՝ Արցախ, Սյունիք, Նախիջևան և Տավուշ: Համաձայնագրում մասնավորապես նշվում էր.
«Հայկական զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի–Խոկ–Ազնաբերդ–Սուլթանբեկ և այնուհետև՝ հյուսիսից ու Բազարչայից արևմուտք գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը»:
Նկատում ենք, որ 1920 թվականի ամռանը Տավուշում հայ-ադրբեջանական ռազմական բախումների արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած դիրքերը դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Նույն սահմաններով էլ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ԽՍՀՄ կազմում խորհրդային պետություններ: Նույն բանաձևը գործեց նաև ԽՍՀՄ փլուզումից և երկու պետությունների անկախացման ժամանակ ևս: Զինվորների զբաղեցրած դիրքերը դարձան երկու պետությունների միջև սահմանագիծը:
Սահմանագիծը գծվեց հենց այդ բանաձևով: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեր ժամանակներում երկու թշնամի երկրների միջև սահմանները փորձում են գծվել պատմական, քաղաքական ինչ-որ փաստաթղթերով, որոնք բացառապես ձեռնտու են միայն մեր թշնամուն: Իսկ զուգահեռ իրականության մեջ Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիքում սահմանները գծվում են թշնամու կողմից զինվորի կանգնած տեղում գտնվելու գաղափարախոսությամբ: Երկու դեպքում էլ զիջումները միակողմանի են:
Զ. Շուշեցի