Ի՞նչ է առաջարկում Լուկաշենկոն Պուտինին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Կովկասի առնչությամբ

Մայիսի 23-ի երեկոյան անակնկալ կերպով մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Բելառուս։ Մինսկում նախատեսվում են Պուտինի բանակցությունները Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Պուտինի բելառուսական այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունն այդ մասին հայտնեց այցի օրը, ինչը քննարկումների առիթ տվեց, որ այցը հանկարծակի է կազմակերպվել։

Սակայն ռուս և բելառուս վերլուծաբանները նշում են, որ այցը վաղուց էր կազմակերպվում և նախապես այդ մասին չի հայտարարվել՝ ելնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության նկատառումներից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումը կտևի երկու օր, քանի որ թեման «ընդարձակ է»։

Ուշագրավ է նաև այն, որ առաջին բանակցությունները տեղի են ունեցել հենց օդանավակայանում, որտեղ դիմավորելով Վլադիմիր Պուտինին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հարցով», որոնք լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։

Նրա խոսքով, սկզբում և հիմնականում կկենտրոնանան անվտանգային հիմնահարցերի վրա։

Կարդացեք նաև

Նշենք, որ Լուկաշենկոն Ադրբեջան էր այցելել մեկ շաբաթ առաջ, որտեղ ադրբեջանցի պաշտոնակից Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել էր, թե Իլհամ Ալիևն այժմ ամբողջ Կովկասի առաջնորդն է։ «Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար»,- ասել էր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն Ալիևին նաև ասել էր. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Լուկաշենկո-Ալիև բանակցություններից շաբաթներ առաջ կայացել էր Ալիևի այցը Ռուսաստան, որտեղ նա բանակցություններ էր վարել Պուտինի հետ։ Ալիևի այցից հետո էլ մայիսի սկզբին կայացավ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա մասնակցեց ԵԱՏՄ հոբելյանական նիստին, իսկ հաջորդիվ ունեցավ կարճ հանդիպում Պուտինի հետ, որի արդյունքներով հաստատվեց ՀՀ իշխանությունների մտադրությունը ՀՀ սահմաններից և օդանավակայանից հանել ռուս սահմանապահներին, իակ հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ռուս սահմանապահները դեռ կշարունակեն իրենց առաքելությունը։

Ի պատասխան Բելառուսի նախագահի Ադրբեջանում հնչեցրած մեկնաբանությունների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարեց, թե Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը։

Նա շեշտեց․ «ՀԱՊԿ-ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։

Ռուսաստանը՝ ի դեմս ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, կոչ արեց Փաշինյանին հստակեցնել, թե, ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ որ պետություններն են 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն անդրադառնալով Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի ընթացքում հնչեցված ձևակերպումներին, ինչպես նաև Լուկաշենկո-Պուտին բանակցությունների օրակարգում Կովկասի անվտանգության հետ կապված բելառուսական առաջարկներ ներառելուն, ասաց, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ ռուսական և բելառուսական կողմերը, որոնք արտաքին քաղաքականության մեջ գործում են հիմնականում կոնսենսուսով, կարծես փորձում են ինչ-որ նոր տարբերակներ մտածել այդ ռեգիոնի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու և Արևմուտքի հաստատմանը խոչընդոտելու նպատակով։

Նրա խոսքով, շատերն են ծանոթ Լուկաշենկոյի ոճին, հայտարարությունների բնույթին, և առաջին անգամ չէ, որ այդ հայտարարությունները խնդիր են ստեղծում, նման հայտարարություններ այդ գործիչն արել է նաև Ռուսաստանի հանդեպ։ Սակայն, ըստ նրա, ավելի կարևոր է, թե Լուկաշենկոն ինչ առաջարկներ է Ադրբեջանից բերել Պուտինի համար։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ այդ մասին Լուկաշենկոյի ձևակերպումը հնչեց նրա բացման խոսքում, կարելի է համոզմամբ նշել, որ սա Պուտին-Լուկաշենկո բանակցություններում առանցքային թեմա է լինելու։ Հիշելով Ադրբեջանում արված նրա հայտարարությունները, դժվար չէ մոտավորապես մտածել, թե ինչ է առաջարկելու Լուկաշենկոն Պուտինին։ Սակայն, թե դա ինչ ձևակերպում ու ամրագրում կարող է ստանալ՝ շատ կասկածելի հարց է, քանի որ ինչպե՞ս պետք է Ալիևը դառնա Կովկասի առաջնորդը։ Այդ մասին Լուկաշենկոն խոսել էր Ադրբեջանում, սակայն բարդ է պատկերացնել, թե դա ի՞նչ է իրենից ենթադրում՝ դա լինելու է ձևաչա՞փ, թե՞ պարզապես նման դեր է տրվելու Ադրբեջանի ղեկավարին ՀԱՊԿ-ի և ՌԴ ղեկավարի կողմից։

Ըստ էության ՀԱՊԿ-ը չի գործում, ՀԱՊԿ որևէ մեխանիզմ չի աշխատում, ՀՀ-ն գտնվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու շեմին, ուստի Լուկաշենկոն իբրև թե ինչ-որ բան է մտածել, որը, նրա գնահատմամբ, կարող է օգտակար լինել ՌԴ դիրքերի տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ, ինչպես Լուկաշենկոյի հայտարարությունները, այնպես էլ սա, լինելու է արտասովոր առաջարկ»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա դիտարկմամբ՝ այս մասին վերջնական գնահատականներ կարելի է հնչեցնել հստակեցումներից հետո։

«Սակայն, կարծում եմ, բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ առնվազն Ադրբեջանի քաղաքականությունը,  հաշվի չեն առնվել նման առաջարկից առաջ»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները ևս չեն տեղավորվելու Բելառուսի նախագահի առաջարկի շրջանակում՝ հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք արդեն առկա են, ինչպես նաև ՀՀ-Արևմուտք հարաբերությունները։

«Վրաստանի դեպքում ևս վրաց իշխանություններն անում են համարձակ քայլեր Արևմուտքի հարցում, սակայն կարծես սկսվում են Վրաստանի ԵՄ անդամակցության բանակցությունները և Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվում։ Կարծում եմ՝ անիրատեսական առաջարկ է, սակայն սպասենք, որպեսզի փակագծեր բացվեն»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս