Վերադառնալու որևէ ցանկություն չունենք. մեզ իշխանություն չի պետք, այլ իշխանափոխություն. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր դեմ կեղծ գործով դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին և անդրադարձավ նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, ինչպես նաև պատասխանեց հաջողության հնարավորության վերաբերյալ հարցին:
«Հիմա այսպես ենթադրություն անելը լավ գաղափար չէ, բայց կարծում եմ՝ շարժումը լավ թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում այն կհասնի հաջողության»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են իշխանությունները սուր քննադատում Առաքելական եկեղեցուն ու որոշ սրբազանների, Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց իշխանություններին հարցնել։
«Իմ կարծիքով՝ իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ընդդիմադիր հայացք ունեցող ցանկացած մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն և այլն»,- շեշտեց Երրորդ նախագահը։
Մեկ այլ հարցի, թե իր կարծիքով՝ Բագրատ սրբազա՞նը պետք է լինի վարչապետի թեկնածու, չնայած կա սահմանադրական արգելք, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Այդ հարցով ես չեմ ուզում կարծիք հայտնել, քանի որ մեր կարծիքը հայտնել ենք մեր Գործադիր մարմնի հայտարարությամբ, նաև մեր կուսակցական ընկերների բազմաթիվ հայտարարություններով, որ մենք սատար ենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ սրբազանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Բագրատ սրբազանից նախկին նախագահների հետ հանդիպման հրավեր ստացե՞լ է, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ հրավեր չի ստացել, սակայն առիթ ունեցել է հանդիպելու Բագրատ սրբազանի հետ։
Թե երբ է հանդիպել, Երրորդ նախագահը հստակ չպատասխանեց՝ ասելով միայն՝ ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է Էդուարդ Շարմազանովի վերջերս հրապարակված գրառման տեսակետը, Սերժ Սարգսյանը հիշեցնելով, որ Շարմազանովն ասել է, որ չի կարող միավորվել տարբեր գաղափարներ կիսող ուժերի հետ, ասաց.
«Մենք որևէ մեկի հետ չենք միավորվել, ամբողջովին սատարում ենք այս շարժմանը»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին և քննադատություններին, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման հետևում կանգնած են նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահները, Սերժ Սարգսյանը նկատեց.
«Իրենք ինչ ուզում են, թող ասեն, դրանք ինձ համար ո՛չ Սուրբ գրքից մեջբերումներ են, և ո՛չ էլ շատ մեծ ուշադրության արժանանալու գաղափարներ։
Նախկինների վերադարձից վախենում են, թող գնան խաչակնքվեն, ինչպես ժողովրդական մեթոդներն են, երբ մարդը վախենում է, թող գնան վախերը «չափեն», գնան սառը ջուր խմեն, ինչ ուզում են, թող անեն։ Բայց մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ ակնկալիք չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափար»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում