Թուրքիայի դերը 44-օրյայի ադրբեջանական հաղթանակում, կամ՝ ինչու Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու մասին մտածեց հակահարվածի հայտնի օպերացիայից հետո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «կարգել» էր Հարավային Կովկասի առաջնորդ:

Ասվել է այն, ինչին, թերևս, ձգտում է Ալիևը, և՛ Հայաստանի հետ հաշտության հաստատումը, և՛ հարաբերությունների կարգավորումը երկկողմ ֆորմատ տեղափոխելը, և՛ Թուրքիայի միջնորդությունն այս համատեքստում չշեշտադրելը և Հայաստանից ցանկացած տարածքային նվաճման դեպքում շեշտադրելը, որ դրանք վերադարձվել են անկրակոց, ըստ էության, տեղավորվում են Ալիևի այս ձգտումների տրամաբանության մեջ: Որքանով սա կարող է դուր գալ Թուրքիային կամ Էրդողանին, որի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է հզորացնել և վերազինել իր բանակը, կարող ենք միայն ենթադրություններ անել: Բայց մի բան հստակ է՝ Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմին ապահովեց իր մասնակցությունը նաև իր արտաքին քաղաքական և տնտեսական շահերի, իր դերը Հարավային Կովկասում ընդլայնելու և ամրապնդելու համար:

Մոտ 3 տարի առաջ լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» գրքի հոդվածագիրներից մեկը թուրք քաղաքագետ Քերիմ Հասն է։ Նրա հոդվածը վերնագրված է «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության արտացոլում»։

Թուրք հոդվածագրի դիտարկմամբ, Արցախում 2020-ի իրադարձությունների զարգացումը կարելի է դիտարկել՝ որպես Անկարայի վարած արտաքին քաղաքականության ռազմավարության օղակներից մեկը: Այսինքն, ըստ Քերիմ Հասի, Անկարան ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում իր շահերն ապահովելու ձգտումը՝ միաժամանակ Մոսկվայից հասնելով այլ տարածաշրջաններում մանևրելու ավելի մեծ տարածության։ Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարության տրամաբանությունը հիմնականում հանգում էր Կրեմլից զիջումներ կորզելուն՝ Թուրքիայի «մերձավոր արտասահմանում» արտաքին քաղաքական առևտրին՝ Հարավային Կովկասում կայունության պահպանման դիմաց։

Կարդացեք նաև

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն իր համար հնարավորություն էր տեսնում Լեռնային Ղարաբաղում դրված նպատակներին հասնելու համար, իսկ ռուսական կողմը պաշտոնական Անկարայի հետ փոխհարաբերությունների բնույթը հաշվի առնելով, ստեղծված պայմաններում նախընտրել է գնալ առաջացող ռիսկերի կառավարման, այլ ոչ թե դրանց կանխարգելման ճանապարհով:

Իսկ «Փոթորիկ Կովկասում» գրքում թուրք քաղաքագետը խոսելով 44-օրյա պատերազմում և դրա՝ Ադրբեջանի օգտին ելքի հարցում Թուրքիայի դերակատարման մասին, նշել է, որ նա ոչ միայն առաջատար և թելադրող ազդեցություն է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի պատրաստության հարցում, այլև ակտիվ մասնակցություն է ունեցել օպերացիաների ծրագրման գործում և ռազմական գործողություններում:

Այս համատեքստում հավելենք, որ 44-օրյա պատերազմից մի քանի օր էր անցել, երբ թուրքական աղբյուրներից մամուլում լուրեր շրջանառվեցին, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին, և, որ նա փախուստի մեջ է:

Ըստ մամուլի հրապարակումների, Սադիկովը վեճ էր ունեցել Ադրբեջան ժամանած թուրք զինվորականների հետ, անգամ մի խորհրդակցության ժամանակ կտրուկ հայտարարել է. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, միգուցե մեր կանանց նո՞ւյնպես տանք»:

Այսինքն, պատերազմի սկզբում նա հեռացվել է՝ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման օղակում թուրք զինվորականների մշտական ներկայության առնչությամբ ունեցած դժգոհության պատճառով:

Արդեն պատերազմից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր Նաջմեդին Սադիկովին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը:


Նշենք, որ Սադիկովին պատժելու հարցում, ըստ էության, դերակատարում է ունեցել թուրք գեներալ Բախտիար Էրսայը, որն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ «ղեկավարել» է Ադրբեջանի ԳՇ-ն:

Այս մասին, մասնավորապես, գրել էր ռուսական «Վզգլյադ» հրատարակչությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին՝ հայտնել էր․

«Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի հեռացումից հետո Ղարաբաղի դեմ օպերացիայի հարցերով նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը։ Ավելին, օպերացիայի ընթացքի մասին հաշվետու է Թուրքիայի գերագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Այս մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև կանադացի պատմաբան և հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայը»:


44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգների ժամանակ ևս հայտարարում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում: Այսինքն, Ադրբեջանի օգտին էր աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ կամ անվտանգության համակարգի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ

Թուրքիան՝ հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ:

Պատերազմի օրերին այս մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկելով ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտում:

Այն, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյայում, պատերազմից հետո ընդունել են նաև Թուրքիայի իշխանությունները տարբեր առիթներով:

Պատերազմից հետո Ադրբեջանի բանակի «ղեկավարումը» Թուրքիայի կողմից, ըստ էության, շարունակվել է, ավելին, Թուրքիան Ադրբեջանին աջակցել և աջակցում է ունենալ թուրքական մոդելի հզոր բանակ: Իսկ թուրք գեներալ Բախտիար Էրսայը պատերազմից հետո դարձել էր  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականը:

Վերադառնանք 44-օրյա պատերազմի դաշտ և կարևոր ևս մի քանի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրենք:

168.amը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել  «Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը» վերտառությամբ, որտեղ ևս մեկ անգամ ուշադրություն էինք հրավիրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձի հատկապես հետևյալ հատվածի վրա, որում ասվում էր.

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկուերեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Այնուհետև գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձ-հայտարարության մեջ շարունակել էր.

«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները`փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:

Չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի էր առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները:

Այսինքն, ԳՇ պետը զգուշացրել է՝ ամեն մեկ օրն աշխատելու է ի վնաս բանակցային գործընթացի:

Այն, որ նման առաջարկ արվել է, Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել, և միայն ամիսներ հետո, երբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան-Օնիկ Գասպարյան հեռահար բանավեճ էր սկսվել, հետ էր կանգնել իր խոսքից: Իսկ 2023թ. օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը, որը Փաշինյանը մերժել էր:

Իսկ 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանից առաջ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ, մասնավորապես, նշել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է, որ համաձայն է կրակի դադարեցմանը՝ «մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»:

«Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պիտի սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել»,– շարունակել էր Փաշինյանը և քիչ ուշ հավելել.

«Առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ: Այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համաձայնվեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:

Ինչու Նիկոլ Փաշինյանն իրականում չի համաձայնել պատերազմը կանգնեցնել, օրինակ, հոկտեմբերի 3-ին, երբ Ադրբեջանը ճակատագրական հաջողություններ չուներ, և Թուրքիայի աջակցությունն էլ այնպիսին չէր, ինչպիսին եղավ հետո: Ավելին, ըստ էության, պատերազմը կանգնեցնելու հայկական ուշացած առաջարկներին ի պատասխան, ըստ էության, նաև Թուրքիան էր նախապայմաններ առաջ քաշում, ինչի մասին խոսել է և՛ Օնիկ Գասպարյանը՝ «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ», և՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, և՛, ըստ էության, անուղղակի կերպով Նիկոլ Փաշինյանը, երբ Քննիչ հանձնաժողովում նշում էր, թե հոկտեմբերի 19-ին որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման Ադրբեջանի կողմից կամ նրա միջոցով առաջ է քաշվել Մեղրիում խաղաղապահների տեղակայման և Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ ապահովելու հարցը:

Եվ 2024-ի մայիսի 7-ին, երբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարում էր՝ «մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով, դա պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով», պետք է նաև ինքը ինչու պատասխանի՝ ինչու միայն հայտնի հակահարվածի օպերացիայի իրականացումից և ձախողումից հետո, որը իր դերակատարումն ունեցավ պատերազմի ելքի վրա, որոշեց մտածել պատերազմը կանգնեցնելու մասին, երբ սառը հաշվարկների հիման վրա առաջարկն ավելի վաղ էր արվել: Ինչ մնում է Ալիևին, ապա նա, ակնհայտ է, որ փորձում է մտնել Հարավային Կովկասի առաջնորդի դերակատարման մեջ և ցույց տալ, որ ի վիճակի է առանց կրակոցի և հմուտ դիվանագիտական հնարքներով Հայաստանից հետ ստանալ «իրենց տարածքները»: Թերևս, նման հետին մտքերի տրամաբանության մեջ է այն, որ Թուրքիան, թեև, ակտիվ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության կողմ չէ, իհարկե, սրան գուցե դեմ է եղել նաև Ռուսաստանը… Ի դեպ, Ադրբեջանը 44-օրյա պատերազմը ոչ միայն Թուրքիայի շնորհիվ է հաղթել, այլ նաև Իսրայելի, որին պարտքեր ունի վճարելու:

Տեսանյութեր

Լրահոս