Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

Ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինն անկասկած մեր ժամանակներում գիտության ամենահայտնի հանրայնացնողներից է։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը հայտնի է Լարերի տեսության ոլորտում իր տեսական ուսումնասիրությունների համար։ Քվանտային գրավիտացիայի կամ «ամեն ինչի տեսության» հավակնորդ ֆիզիկական այս բարդ մոդելը փորձում է բացատրել, թե ի վերջո ինչ է Տիեզերքը, ինչպիսի բնույթ ունեն ֆունդամենտալ ուժերը, ինչպես են դրանք առաջացել ու ինչպես են փոխազդում։ Բրայան Գրինը ստանձնել է ֆիզիկայի ու տիեզերագիտության ոլորտների առաջնագծում գտնվող այս բարդ հասկացությունները հանրության ավելի լայն զանգվածներին պարզ լեզվով բացատրելու առաքելությունը։

Գիտահանրամատչելի լեզվով շարադրված նրա գրքերն ամբողջ աշխարհում թարգմանվել են շուրջ 40 լեզվով։ Հանրության լայն շրջանակների համար գրված միայն նրա առաջին՝ «Էլեգանտ Տիեզերք» (The Elegant Universe) գիրքը, որը Պուլիցերյան մրցանակի ֆինալիստների ցանկում էր, ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակով։ Պատահական չէ, որ The Washington Post պարբերականն անվանել է նրան «այսօր աշխարհում ամենաանհասկանալի կոնցեպտների լավագույն ու միակ մեկնաբանը»։

Բրայան Գրինը Սլովակիայում տեղի ունեցած STARMUS VII փառատոնի բանախոսներից էր։ Համանուն գրքի վրա հիմնված «Մինչև ժամանակների ավարտը» խորագրով նրա ելույթը սկզբից մինչև վերջ հիացմունքի մեջ պահեց հարյուրավոր մարդկանց։ «Արմենպրես»-ը ելույթից հետո հնարավորություն ունեցավ խոսելու պրոֆեսոր Գրինի հետ նրա կողմից այդքան ուսումնասիրված Լարերի տեսության, սև խոռոչների, տիեզերական ուսումնասիրությունների անհրաժեշտության, ինչպես նաև երիտասարդության շրջանում գիտության հանդեպ սերը սերմանելու կարևորության մասին։

Պրոֆեսոր Գրին, ցանկանում եմ հարցազրույցը սկսել սև խոռոչների մասին հարցով։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ «սև խոռոչները գլխավոր տեսական լաբորատորիաներն են մեր գաղափարները մինչև վերջ տանելու համար, և որ ամենաառանցքայինը սև խոռոչներն ամբողջությամբ հասկանալն է»։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ենք մոտ դա հասկանալուն։

– Բավականին հեռու ենք։ Ոչ ոք չի կարող իրականում կանխատեսել, թե ինչպես կընթանա ճանապարհը դեպի այն կետը, մինչև ամբողջովին հասկանանք սև խոռոչները, սակայն մենք մեծ առաջընթաց ենք գրանցում։ Իհարկե, մենք իրականում դեռևս չգիտենք, թե ինչ է տեղի ունենում ամենակենտրոնում՝ սև խոռոչի սինգուլյարությունում։ Եվ քանի դեռ մենք ամբողջությամբ չենք հասկացել, թե ինչպես են գրավիտացիան ու քվանտային մեխանիկան միավորվում, ինչի վրա այս պահին աշխատում ենք ու մեծ առաջընթաց ունենք, չեմ կարծում, թե մենք կկարողանանք ամբողջապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում սև խոռոչի կենտրոնում։ Երբ հասկանանք, հավանաբար արդեն կկարողանանք խոսել Մեծ պայթյունի մասին հստակության այնպիսի մակարդակով, որին մինչ օրս չենք հասել։ Այսպիսով, հարկավոր է ոչ միայն հասկանալ սև խոռոչները, այլ հասկանալ նաև անհրաժեշտ ֆունդամենտալ սկզբունքները, իսկ սև խոռոչները հիանալի ապացուցողական հիմք են, որոնք թույլ կտան որոշել՝ արդյոք հասել ենք այդ կետին։

Դուք հայտնի եք Լարերի տեսության շուրջ կատարած աշխատանքով։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք՝ այս տեսությունը կարող է դառնալ «ամեն ինչի տեսությունը»։ Ինչպե՞ս եկաք այդ եզրակացությանն ու որքանո՞վ ենք մենք մոտեցել այդ տեսությունը հասկանալուն։

– Սա շատ լավ հարց է։ Ես սովորաբար չեմ օգտագործում «ամեն ինչի տեսություն» արտահայտությունը, գուցե ասել եմ ինչ-որ սպոնտան հարցազրույցի ժամանակ։ Իսկ այդ արտահայտությունը չեմ օգտագործում, քանի որ Լարերի տեսությունն իսկապես տեսություն է ֆունդամենտալ բաղադրիչների ու ֆունդամենտալ ուժերի մասին, որոնց օգնությամբ այդ բաղադրիչները փոխազդում են և որոշակի վարքագիծ դրսևորում։ Այնուհետև հարկավոր է վերցնել այդ տեսությունը և, եթե այն ճիշտ է, որոշել, թե ինչպես են այդ բաղադրիչները կառուցում մեզ շրջապատող աշխարհի ստրուկտուրաները՝ աստղերը, գալակտիկաները, մարդկանց, ուղեղները, գիտակցությունը։ Դեռ այնքան անպատասխան հարցեր են մնում՝ եթե անգամ մենք մեր ձեռքի տակ ունենայինք Լարերի տեսությունը։ Սա է պատճառը, թե ինչու չեմ սիրում այն անվանել «ամեն ինչի տեսություն»։

Ինչ վերաբերում է հարցին, թե որքան մոտ ենք դրան՝ կրկին պետք է նշեմ, որ վերջին 60 տարիների ընթացքում մենք զգալի առաջընթաց գրանցել ենք այս տեսության վրա աշխատանքներում։ Երբ ասպիրանտ էի, կային հարցեր, որոնք հույս ունեի, որ լուծված կլինեն այսօր։ Նախ և առաջ, մեզ հարկավոր է ստուգել այս տեսությունը։ Սակայն կան նաև այլ հարցեր, օրինակ՝ այս գաղափարները կիրառել՝ հասկանալու, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում տարածություն-ժամանակը էքստրեմալ պայմաններում, ինչի հարցում ունենք մեծ առաջընթաց։ Սա ուսումնասիրությունների ծայրահեղ հետաքրքիր, կենսունակ ու դինամիկ դաշտ է, մենք պարզապես պետք է համբերություն ունենանք՝ թույլ տալու հետազոտողներին շարժվել առաջ։

Մենք՝ մարդիկ, շարունակ փորձում ենք լուծել Տիեզերքի ամենախրթին հարցերը, օրինակ՝ որտեղի՞ց է սկսվում Տիեզերքը կամ ինչպե՞ս են հիմնարար ուժերը փոխազդում միմյանց հետ։ Եվ վերջին 50 տարիների ընթացքում մենք բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ առաջընթաց կկարողանանք ունենալ հաջորդ 50 տարիների ընթացքում։

– Կարծում եմ՝ շատ ուշագրավ ժամանակներ են լինելու։ Հավանական եմ համարում, որ մենք իսկապես կհասկանանք սինգուլյարությունները, օրինակ՝ ինչ է տեղի ունենում սև խոռոչներում կամ Մեծ պայթյունը։ Հետևաբար, կարող ենք ավելի խորը ընկալում ունենալ, թե ինչպես է իսկապես առաջացել Տիեզերքը, արդյոք կա ժամանակ Մեծ պայթյունից առաջ։ Գուցե կարողանանք գտնել այս հարցերի պատասխանները։ Կամ, արդյոք Տիեզերքը փուլային է՝ արդյոք այն անցնում է ընդլայնման ու սեղմման փուլերով։ Կարծում եմ՝ կարող ենք պատկերացում ունենալ նման հարցերի վերաբերյալ։ Ու թերևս անգամ այնպիսի հարցադրումներում, ինչպիսիք են՝ կա՞ն արդյոք այլ տիեզերքներ, մեր տեսական զարգացումները կարող են բացառել կամ ավելացնել դրա հավանականությունը, իսկ գուցե անգամ բացատրություն տան, թե ինչ են մութ էներգիան ու մութ նյութը։ Հաջորդ 50 տարիները մեծ հեռանկարներ ունեն ու նոր բարձունքների կարող են մեզ հասցնել, եթե մենք կամք դրսևորենք՝ շարունակելու գնալ այդ ուղղությամբ։ Եվ ես հուսով եմ, որ այդպես էլ կանենք։

Ի՞նչ դերակատարում ունի գիտնականը՝ որպես մանկավարժ երիտասարդ սերունդներին խրախուսելու զբաղվել գիտությամբ։

– Շատ կենսական։ Միակ տարբերակը, որի դեպքում հաջորդ սերունդը գիտությունը կընկալի որպես կարևոր մի բան, որի մի մասը կցանկանա լինել, գիտությունը մեր կողմից համոզիչ ու գրավիչ կերպով ներկայացնելն է՝ որպես հետաքրքիր ու արկածներով լի մի յուրատեսակ ճամփորդություն, որի մասը կարող են կազմել։ Մեր խնդիրն է ոգեշնչել գալիք սերնդին։ Ու կարծում եմ՝ շատ ֆիզիկոսներ ու գիտնականներ իսկապես լավ են կատարում այդ առաքելությունը։ Եվ մենք պետք է շարունակենք ոգեշնչել գալիք սերունդներին։

Երբևէ հնարավոր համարո՞ւմ եք, որ մարդկությունը կկարողանա դուրս գալ Երկիր մոլորակի սահմաններից ու ներկայություն հաստատել այլ երկնային մարմնի կամ մոլորակի վրա։

– Որևէ կասկած չունեմ, եթե, իհարկե, մինչև այդ չոչնչացնենք ինքներս մեզ կամ մեր մոլորակը։ Անգամ հիմա մենք ըստ էության կարող ենք փոքր խմբերով տեղակայվել Լուսնի, հնարավոր է անգամ Մարսի վրա։ Հետևաբար, կանխատեսո՞ւմ եմ, որ դա տեղի կունենա հաջորդ 50, 100, 500 տարիների ընթացքում։ Այո’։ Ես տեսնում եմ, որ մենք կարող ենք տարածվել Տիեզերքում ու ներկայություն ունենալ Երկիր մոլորակի սահմաններից այն կողմ։

Ո՞րն եք համարում 21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը։

– Գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը թերևս առաջինը կլինի իմ ցուցակում։ Ոչ այն պատճառով, որ դա անսպասելի էր։ Մենք իսկապես հավատում էինք, որ գրավիտացիոն ալիքներն իրական են։ Զարմացնողն այն է, որ մենք իսկապես կարողացանք ստեղծել մի սարքավորում, որը բավարար չափով զգայուն գտնվեց՝ արձանագրելու այդ ալիքների ներկայությունը։ Դա մի բան է, որի շուրջ շատերս կասկածներ ունեինք։ Մենք մտածում էինք՝ այո, դրանք իրական են, սակայն մենք երբեք կարողություն չենք ունենա հայտնաբերելու գրավիտացիոն ալիքները։ Ու այնուամենայնիվ, մենք արեցինք դա։ Հիմա ծրագրում ենք օգտագործել գրավիտացիոն ալիքները՝ որպես նոր գործիք՝ ուսումնասիրելու Տիեզերքը։ LISA նախագիծը (խմբ. – «Լազերային ինտերֆերոմետրիկ տիեզերական անտենա», Եվրոպական տիեզերական գործակալության ու ՆԱՍԱ-ի համատեղ ծրագիրը) ծրագրվում է գործարկել 2030-ականներին, ծրագրի շրջանակում Տիեզերք ուղարկված երեք արբանյակները կկազմեն եռանկյուն, որը չափազանց զգայուն կլինի անցնող գրավիտացիոն ալիքների նկատմամբ։ Մենք կկարողանանք անգամ հայտնաբերել Մեծ պայթյունի գրավիտացիոն ալիքները։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ հիանալի կլինի։

Գիտեք՝ շատերը կասկածամտորեն են մոտենում տիեզերական հետազոտություններին՝ նշելով, որ այստեղ՝ Երկիր մոլորակի վրա այսօր այնքան խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն…

– Այո, և դրանում կա ճշմարտություն։ Չեմ ցանկանում ասել, որ գիտական հետազոտություններն ավելի կարևոր են Երկրի վրա առկա խնդիրները կարգավորելուց։ Բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում ասել, որ մենք պետք է լուծենք Երկրի վրա առկա բոլոր խնդիրները մինչև կկարողանանք հետազոտել ավելի լայն Տիեզերքը։ Պատճառները երկուսն են։ Առաջինը, երբեմն խորը գիտական հետազոտություններն են, որ բերում են անսպասելի բացահայտումների, որոնք էլ իրենց հերթին օգնում են մեզ լուծելու Երկրի վրա առկա խնդիրները, լինեն դրանք բժշկական, կլիմայական կամ սննդի պակասի խնդիրներ։ Նմանօրինակ հարցերում ֆունդամենտալ գիտական հետազոտությունները կարող են մեծ օգուտներ տալ։ Բայց դրանից այն կողմ, հաճախ պետք է հարց տաս ինքդ քեզ՝ հանուն ինչի՞ արժի ապրել։ Եվ ես կարծում եմ, եթե բավարար ժամանակ հատկացնեք մտորելու այդ մասին, կտեսնեք, որ, այո, չափազանց կարևոր են ընտանիքն ու աշխարհում անձնական ներկայությունը, մյուսներին օգնելու ցանկությունը, սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ով ենք մենք։ Հասկանալ, թե որտեղից ենք մենք գալիս ու ուր ենք գնում։ Հասկանալ, թե ինչ համատեքստում է կյանքն առաջացել Երկրի վրա։ Կարծում եմ՝ սա այնքան կարևոր է՝ լիարժեքորեն արժևորելու կյանքը, որ մենք պետք է զուգահեռ շարունակենք այդ հետազոտությունները։

– Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք գիտնականների ավելի երիտասարդ սերնդին։

– Խորհուրդս հետևյալն է՝ թույլ տվեք ձեր հետաքրքրասիրությանը լայնորեն ճախրել, մի վախեցեք ռիսկերից, պատրաստ եղեք փորձել, վստահեք ինքներդ ձեզ ու գնացեք այնտեղ, ուր ձեր ինտուիցիան հուշում է, որ կարող է թաքնված լինել «մեծ մրցանակը»։ Քանի որ, եթե նայեք մեծագույն գիտնականների պատմությանը, դա հենց այն է, ինչ նրանք արել են։

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031