Բաժիններ՝

Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երևան

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը, որի վիրտուոզ կատարումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգային ծրագրով կվերադառնա Երևան:

Համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:

Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:

Համացանցում հրապարակված տեսանյութում Արա Մալիկյանն ասում է՝ շատ ուրախ է, հուզված, որ վերադառնում է իր սիրելի Երևան՝ տեսնելու սիրելի ընկերներին, սիրելի երևանցիներին:

Ավելի վաղ խոսելով «The Ara Malikian World Tour»-ի մասին, որի շրջանակում իրականացվում է երևանյան համերգը՝ ջութակահարը նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տևած անկումներից, անհաջող փորձերից և ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվելուց, ազատ են ու արտահայտվող: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետևել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։ Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները և զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-կաղամարներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով և երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի։ Զարմանահրաշ է յուրաքանչյուր օր բացահայտել դրանց հմայքն ու գրավչությունը»:

Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։

Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։

Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա  համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։

2019-ին Մալիկյանի «Royal Garage» համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:

Արա Մալիկյանի «Petit Garage» շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում, հետաքրքիր հույզեր փոխանցել հանդիսականին: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս