Այսօր պատմական առանցքում հայտնվել է հայ հոգեւորականը, ով իր ժողովրդին չի խաբում. Վահան Արծրունի. «Հրապարակ»

Հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ

– Պարոն Արծրունի, Տավուշում տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներով պայմանավորված՝ իրավիճակը լարված է ոչ միայն տավուշյան 4 գյուղերում, այլ նաեւ ողջ հանրապետությունում։ Բողոքի տարբեր ցույցեր, իրազեկման ակցիաներ են տեղի ունենում համերգասրահներում, համալսարաններում, քաղաքացիներին, մտավորականներին կոչ են անում չլռել, եւ ով ինչպես կարող է, իր ձայնը բարձրացնի։ Ի՞նչ անել եւ ինչպե՞ս արձագանքել ստեղծված իրավիճակին։

– Բոլոր հարցադրումները գոյաբանական հարթակի մեջ պետք է դիտարկել, որովհետեւ այսօր բոլորիս մտահոգությունն ապազգային միտված մտահոգություն է․ մենք մի կողմից չգիտենք, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրել Փաշինյանն ու ինչ պարտավորություններ է իր վրա վերցրել, մյուս կողմից էլ հասկանում ենք, որ բոլոր նրա քայլերը՝ հատկապես միջազգային հարթակներում, համաձայնեցված են ու ընթանում են որոշակի տրամաբանության մեջ։ Այսինքն՝ չկապակցված գործողություն այդտեղ չկա, եւ այս մտահոգությունը, կարծում եմ, կիսում են բոլորը, քանի որ երկրի ղեկավարը ստորագրում է փաստաթղթեր, որոնք հակասում են Սահմանադրությանը։ Մինչդեռ երկրի ղեկավարի առաջին ու գլխավոր պարտավորությունը հենց երկրի սահմանները պահպանելն է, որի համար նա նաեւ երդվում է ՀՀ Սահմանադրության վրա։ Այսինքն՝ այստեղ ամենամեծ հակասությունը ծնում է ոչ թե հասարակության այս կամ այն վերաբերմունքի դրսեւորումը, այլ ամենամեծ հակասությունը ստեղծում է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, որի գործողությունները հակասահմանադրական բնույթ են կրում։ Այս իրարամերժությունն էլ համապատասխան արձագանք ու բանաձեւումներ է ստանում հանրային մակարդակով։ Այսինքն՝ թե՛ մտավորականության, թե՛ հոգեւոր դասի, թե՛ ուսանողության, թե՛ քաղաքացիների, էլ չասեմ՝ թե՛ Տավուշի բնակիչների այդ վրդովմունքը խիստ տրամաբանված է եւ ելնում է պատմական ու մերօրյա այն անհրաժեշտություններից, որը ստեղծել է Փաշինյանը։ Եթե ինքը չառաջացնի այդ խնդիրները, դրանց վերաբերյալ դրսեւորումները չեն էլ լինելու։

Այս շղթայի մեջ որքանո՞վ է իրավաչափ ոստիկանների գործադրած ուժը, որոնք Տավուշում երեկ դաժանաբար բերման ենթարկեցին գյուղի տղամարդկանց՝ ուժ կիրառելով նաեւ անչափահասների նկատմամբ։ Ինչպե՞ս եւ ի՞նչ կարելի է հակադրել այդ ուժին՝ գնալ կենդանի պա՞տ կազմել, ինչպես դա արվեց «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ, այդ թվում՝ մտավորականների կողմից, որպեսզի բախումներ չլինեն։ Ո՞րն է լուծումը։

– Ես հիմա փորձում եմ վերհիշել, թե վերջին 30 տարիների ընթացքում այդ երբ ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել․․․ այսինքն՝ այս տարիների ընթացքում ոստիկանության գործառույթը եւ գործողությունների բնույթը նույնն է եղել՝ անփոփոխ, եւ այս դեպքում որեւէ տարբերություն չկա, թե այդ դեպքը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե Նիկոլ Փաշինյանի օրոք, այս հիմնարկն աշխատելու եւ հասարակության հետ առնչվելու իր ձեւերն ունի, եւ այդ «ավանդույթներին» այս հաստատությունը հավատարիմ է։ Նա ստանում է հրաման, որն անմիջապես կատարում է ամենադաժան ձեւերով, եւ մեծ տարբերություն այդ առումով չեմ տեսնում․ ոստիկանությունը մնում է ոստիկանություն մեր երկրում, եւ երբեւիցե չի եղել դեպք, երբ հասարակական որեւէ դրսեւորում է տեղի ունեցել՝ հատկապես զանգվածային բնույթ կրող, եւ ոստիկանությունն իրեն չի դրսեւորել իր ողջ դաժանության մեջ։ Այս դիտանկյունից որեւէ փոփոխություն կամ տարբերություն չկա։ Իսկ եթե փորձենք հասկանալ մտավորականության ֆունկցիաները, ապա մի կողմից ես հասկանում եմ, որ սպասելի է մտավորականի խոսքը, բայց մյուս կողմից էլ մյուս բոլոր դեպքերում մտավորականությունը՝ որպես հասարակության մասնիկ, անտեսվում է նույն հասարակության կողմից։ Այնպիսի տպավորություն է, որ մտավորականությունը նրա համար է, որպեսզի հասարակությունը պահ առ պահ հանկարծ վերհիշի ու պահանջի մտավորականության ձայնը։ Մինչդեռ, եթե ժամանակի ընթացքում հասարակությունն աչալուրջ լիներ ու ճիշտ ձեւով վերաբերվեր մտավորականության գնահատականներին, կարծում եմ՝ մենք այս օրին չէինք հասնի, որովհետեւ անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր յուրաքանչյուր պատմական իրադարձությանը մեր ամբողջ անկախության շրջանում արձագանքել են խիստ քննադատությամբ եւ ելքի ճանապարհներ ցույց տվել։ Հիմա, երբ դանակը եկել հասել է ոսկորին, ու մենք կանգնած ենք մի իրողության առաջ, երբ, փաստորեն, պետք է ընդվզենք սեփական իշխանության դեմ, որի գործողությունները հակասահմանադրական բնույթ են կրում, էլ ի՞նչ իմաստ ունի մտավորականության ձայնը լսելը կամ չլսելը։   

Մյուս կողմից էլ՝ վերջին տարիներին հետողականորեն արժեզրկվեցին մտավորականի կերպարն ու խոսքը․․․

– Հետո մի քանի տասնամյակների ընթացքում մտավորականության նշանակությունը, որպես հասարակական գործոնի, սկզբից նվազեցվեց, ապա ընդհանրապես անտեսվեց։ Սա ընդհանուր կառավարական միտում է եղել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից սկսած։ Դրանից բացի, մտավորականությունը միատարր չէ, եւ մտավորականության մեջ կա մի զանգված, որը մշտապես իշխանության կողքին է, եւ մենք հիմա էլ ենք տեսնում այդօրինակ որակների զանգված, որոնք եղել են բոլոր իշխանափոխությունների ընթացքում ցանկացած իշխանության կողքին։ Այսինքն՝ մարդը կարող է շատ լավ մասնագետ լինել, շատ լավ գիտնական, երաժիշտ կամ ճարտարապետ, բայց դա չի նշանակում, որ նա մտավորական է, այսինքն՝ ընդհանրացումներն այս պարագայում սխալ են, որովհետեւ մտավորականն առաջին հերթին քաղաքացի է, որն արձագանքում է յուրաքանչյուր իրադարձությանը։ Իսկ այդ կոմֆորմիզմը, այդ փոքր բարեկեցության ապահովումը դեռեւս խորհրդային շրջանից լուրջ մոտիվացիա է եղել տարբեր մարդկանց համար։ Անուններ չեմ ուզում տալ, բայց այսօրվա մեղադրանքները շատ պատկառելի ու մեծ ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ որքան օրինաչափ են, չէ՞ որ հասարակությունը տեսնում է, որ ոչ թե 30, այլ 40-50 տարիների ընթացքում այս մարդիկ իր աչքի առաջ են, բայց երբեւէ իրենց քաղաքացիական դրսեւորումը չեն հայտնել։ Եվ, բնականաբար, հիմա այդ մարդկանցից պահանջել որեւէ դրսեւորում՝ պարզապես մանկամտություն է։      

Այսօր, ի դեմս տավուշյան շարժման, մենք տեսանք, որ ժողովուրդը, որը հոգնել է բոլոր տեսակի քաղաքական լիդերներից, իրեն առաջնորդ է ընտրել հոգեւոր դասից՝ Բագրատ սրբազանին, ումից էլ ակնկալում են այդ առաջնորդությունը։

– Հատկապես ազգային լիդերներին ծնում է ժամանակը, այսինքն՝ չես կարող առավոտյան արթնանալ ու որոշել, որ 2 ժամից պետք է դառնաս ազգային լիդեր եւ համոզես լայն զանգվածներին, որ դու այդպիսին ես։ Դրանք պատմականորեն ստեղծվող իրավիճակներ են, եւ մեր ազգը միշտ ծնել է ազգային հերոսներ, այսինքն, նրանց՝ բոլորին, հենց ժամանակն է ծնել, եւ ոչ թե իրենք են եկել ու ասել՝ ես դառնում եմ ազգային լիդեր։ Անհրաժեշտություններն ի հայտ են բերում որոշակի անհատականությունների․ նա կլինի պատմաբան Սամվել Կարապետյանի պես, նա կլինի պարուսույց Գագիկ Գինոսյանի պես կամ գիտնական Ազգալդյանի պես, ինչը չեմ տեսնում այստեղ։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօր ի հայտ է գալիս հոգեւորական, ով ճշմարտությունն է խոսում, ով չի խաբում իր ժողովրդին ու նրա հետ է։ Սա շատ կարեւոր է, իսկ բոլոր մեղադրանքները կենցաղային մակարդակից չեն բարձրանում եւ հաճախ վիրավորական բնույթ են կրում, որոնք պարզապես անընդունելի են։ Կարծում եմ՝ սա նաեւ հայոց եկեղեցու համար շատ պատմական իրադարձություն է, որովհետեւ մեր եկեղեցին միշտ իրեն հեռու է պահել մշակութային ընթացքներից՝ ասելով, որ մենք մշակույթի նախարարություն չենք, կրոնական հաստատություն ենք։ Ընդհանրապես, մենք քիչ ենք լսել եկեղեցականների արձագանքը՝ քաղաքացիական, քաղաքական ամենատարբեր իրադարձությունների նկատմամբ։ Եվ հիմա եկել է մի պահ, որ պատմական առանցքում հայտնվել է հայ հոգեւորականը, եւ այդ առումով Հայ առաքելական եկեղեցու համար սա պետք է լինի լուրջ նշան, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին վերանայի իր գործառույթները՝ կապված հասարակության հետ, այսինքն՝ ավելի ակտիվ մտնի կյանքի մեջ ու դա անի ոչ իբրեւ կրոնական գործոն, այլ որպես ազգային մարմնի մի մաս։

Տեսանյութեր

Լրահոս