Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր չէին համարվում, իսկ 2022-ի երկրորդ կիսամյակից սկսած դրանք սկսեցին որակվել առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է 2023 թվականին հանցագործությունների թիվն աճել, իսկ բացահայտումները՝ նվազել:
«Գրանցված հանցագործությունների 80 տոկոսը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ են, հիմնականում կենցաղային հողի վրա կատարված: Քրեական դատավարության օրենսգրքով վարույթ նախաձեռնելու շեմը շատ է իջեցվել: Նախկինում եթե այդ դեպքերը որպես հանցագործություն չէին արձանագրվում, հիմա պարտադիր վարույթ է նախաձեռնվում»,-ասաց նա:
Անդրադառնլով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցերին, Աննա Վարդապետյանն ասաց, որ արդեն իսկ 100-ից ավելի հայցեր են ներկայացվել դատարան. «2023-ին վերջնականապես ձեւավորվեցին հակակոռուպցիոն դատարանները: Պետք է լինեին ատավորներ, որոնք բարեվարքության ստուգումներ էին անցել եւ համապատասխանում էինայն չափանիշներին, որ կարող էին ուրիշների վերաբերյալ վարույթները քննել: Ինստիտուցիոնալ առումով համակարգը այս վարույթներին պատրաստ էր 2023-ին: Այս պահին մենք ունենք անհրաժեշտ օրենսդրական բազան, ունենք ձեւավորված դատական համակարգը, դատավորները, որոնք քննում են այս վարույթները: մենք ունենք 15 գործ, որ արդեն դատաքննության փուլում են, եւ ունենք մեկ գործ, որով սպասում եքն դատական ակտին:
Այս պահի դրությամբ 1,3 մլրդ դոլարի ավելի հայց ունենք: Այս թիվը կարող է ավելանալ, որովհետեւ որոշ գույքեր կան, որոնց շուկայական արժեքները դեռեւս հաշվարկված չեն, նաեւ իրավաբանական անձանցում մասնակցությունը գնահատված չէ»:
Դիտարկմանը, որ մասնավորապես, Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությունը ձգձգվում է ամիսներով, եթե ոչ տարով, Աննա Վարդապետյանն ասաց, որ դատախազության կարծիքով այդ ձգձգումներն անհիմն են:
Հարցին, թե այդ դեպքում ինչու դատախազությունը չի բողոք չի ներկայացրել տվյալ դատավորի վերաբերյալ, նա արձագանքեց. «Մենք չենք բողոքել, մենք ներկայցնում ենք արդարադատության նախարարին զեկուցագրեր: 2023-ին մենք այդպիսի 10 զեկուցագիր ենք ներկայացրել, միջնորդել ենք, որ տարբեր դատավորների ենթարկեն տարբեր կարգապհական պատասխանատվության: Ընդամենը մեկ դատավորի նկատմամվ է որ կարգապահական վարույթ է նախաձեռնվել, ուղարկվել է ԲԴԽ: Եթե չեմ սխալվում նախազգուշացում էր կիրառվել»:
Հարցին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով գործող կոռուպցիոներներ կա՞ն, դատախազը դրական պատասխան տվեց. «Օրենքով արգելված է ուսումնասիրության եւ վարույթի փուլում գտնվող վարույթի վերաբերյալ տվյալներ հայտնել: Ցանկացած կոռուպցիոն գործ ենթադրում է նաեւ ապօրինի գույքի ուսումնասիրություն»: