Դատավոր Վահե Դոլմազյանը Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով՝ անտեսելով առաջարկվող բոլոր համակցված խափանման միջոցները
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը: Երեկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին ներկայացրեցին երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Հաբեթ Մարտիրոսյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Ռուբեն Մելիքյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նախորդ դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը կրկին գույքային հատուցման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի ու Լարիսա Բարսեղյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիո, 194 հազար 706 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինս միջնորդեց հայցադիմումն ընդունել վարույթ ու քննել քրեական գործի հետ միասին, նշված անձանցից բռնագանձել այդ գումարը՝ հօգուտ պետության, այսինքն՝ ԵՊԲՀ-ի: Հանրային մեղադրողը միջնորդեց նաև, որ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա դնել 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով կիրառել արգելանք:
Դատավոր Դոլմազյանը, սակայն, ասաց՝ դատարանը գտնում է, որ պետության վնաս չի պատճառվել, և գույքը ԵՊԲՀ-ինն է: Դրա մասին է խոսում «Հիմնադրամների մասին» օրենքը:
Երեկ նաև որոշվեց ապացույցների հետազոտման հերթականությունը: Դատարանը որոշեց՝ սկզբում կկհարցաքննվեն վկաները, հետո կհետազոտվեն գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվեն մեղադրյալները:
Վերջապես դատական նիստի մեկնարկից ժամեր անց՝ 17.15 րոպեին դատավորը որոշեց անցնել Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը:
Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացրեց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջնորդությունները երաշխավորությամբ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Հաջորդիվ դատարանը լսեց երաշխավորներին: Առաջինը հանդես եկավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ապա մյուս պատգամավորները՝ թվով 30 պատգամավոր: Պատգամավորների երաշխավորություններից հետո Մարթա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատական նիստը հետաձգվեց:
Այսօրվա դատական նիստը մեկնարկեց Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանի խոսքով: Վերջինս պնդեց՝ սա քաղաքական դատավարություն է, և Արմեն Աշոտյանը ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Ռուբեն Մելիքյանն էլ նշեց՝ քննությանը խոչընդոտելու ռիսկի համատեքստում նախկինում դրվել է նաև Արմեն Աշոտյանին մեղսագրված փողերի լվացման հանցակազմը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ հանցակազմի մեջ հիմնավոր կասկածի բացակայություն է տեսել: Հետևաբար նվազել է Արմեն Աշոտյանին մեղսագրվող արարքներով պայմանավորված՝ նրա կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը:
Մյուս պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը նշեց՝ միայն երաշխավորությունը բավարար է Արմեն Աշոտյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության դեպքում, սակայն իրենք այնուամենայնիվ, առաջարկում են նաև տնային կալանք՝ սահմանափակումներով, ինչպես նաև 40 միլիոն դրամ ահռելի գրավի չափը:
Պաշտպանական թիմի մյուս անդամ Մարգար Սողոմոնյանն էլ միացավ իր գործընկերներին:
Հաջորդիվ հանդես եկավ Արմեն Աշոտյանը, ով ներկայացրեց 10 փաստ ու փաստարկ առ այն, թե ինչու ինքը չի կարող գտնվել կալանքի տակ:
«Փաստ 1-ին՝ ինձ վերագրվող դրվագներում ես չկամ, իմ մասնակցությամբ որևէ գաղտնալսված դրվագ գոյություն չունի, որն առիթ կտա մտածել՝ ես միջամտե՞լ եմ թե՞ չէ գործի քննությանը: Փաստ 2-րդ՝ ինձ ենթարկել են բազմաթիվ գաղտնի քննչական գորխողությունների, ժամանակի երկար կտրվածքով: Ինձ լսելու պատմությունից գեթ մեկ դրվագ չկա, որը կարող է այս կամ այն տիպի ապացույց լինել»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Բացի դրանից, ըստ Արմեն Աշոտյանի, քննչական մարմինը, ի դեմս քննիչ Տիգրան Շոխոյանի, առերեսում չի արել Կարեն Հակոբյանի հետ:
«Մերժել են, խի՞ են մերժել մեր առերեսման պահանջը: Թող անեին, ասեին, մեղադրյալ Աշոտյան, արել ես էսինչ բանը, ես էլ միջազգայիններին ասեի՝ կներեք, տղերք ջան, արել եմ»,-ասաց Արմեն Աշոտյանը:
4-րդ փաստը հետևյալն է՝ իրեն կալանավորելուց առաջ գործով անցնող վկաներ Կարեն Հակոբյանին ու Գոռ Վարդանյանին չեն հարցաքննել. Նրանց հարցաքննել են արդեն իրեն կալանավորելուց հետո: Մեկը ցուցմունք չի տվել, մյուսին հարցաքննել են 3 օր:
«Կարեն Հակոբյանին քննիչը հարցրել է՝ Արմեն Աշոտյանն ազդեցություն գործե՞լ է, ասել է՝ ոչ, չի ազդել»,-ասաց նա:
5-րդ փաստարկն արդեն դատաքննության փուլին է վերաբերում:
«Այս դահլիճում գտնվող մեղադրյալներն ուղիղ եթերում ասել են՝ ազդեցություն չեմ գործադրել, ոչ, նյետ, նիխտ»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հաջորդ՝ 6-րդ փաստարկն այն էր, որ իրենց առաջադրված 3 մեղադրանքներից ամենածանրը՝ թողերի լվացումը, չի կարող դրվել իրեն կալանավորելու հիմքում:
7-րդ փաստարկը վերաբերում էր այլընտրանքային համակցված խափանման միջոցներին:
8-րդ փաստարկը տնային կալանքի մասին էր:
«Խնդրում եմ, ինձ բացատրե՛ք՝ տնային կալանքը ինչո՞վ է ավելի լիբերալ, քան իմ այսօրվա ռեժիմը: Որովհետև ես էսօր անազատության մեջ եմ, բայց ունեմ զանգերի իրավունք, տեսակցություններս բաց են: Պատգամավորները հիմա շաբաթը մի անգամ այցելու են ինձ, տնային կալանքի դեպքում չեմ ունենա: Տնային կալանքի ռեժիմում կարողեք դրանք սահմանափակել: Հիմա ո՞նց ես ավելի շատ կարող եմ ազդել քննության վրա»,-ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի բերած 9-րդ փաստարկն այն էր, որ իր ենթադրյալ միջամտության մասին քննիչի կողմից տեղեկություններ ունենալուց երկու ամիս հետո է ինքը կալանավորվել:
«Եթե ես իրոք միջամտել եմ, ապրիլին ինքը տեղյակ է եղել, ես ինչո՞ւ եմ կալանավորվել հունիսին: Իսկ եթե չեմ միջամտել, ինչո՞ւմ եմ ես՝ 2 անչափահաս տցղաների հայրը, 10 ամիս նստած: Ու դուք զարմանում ենք, որ մարդիկ ասում են՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է»,-նշեց նա:
10-րդ փաստն այն է, որ պետությանը վնաս չի պատճառվել, և դատավորը երեկ դա փաստել է իր որոշմամբ:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանն անցավ փաստարկների ներկայացմանը:
1. Ես քաղաքական բանտարկյալ եմ: Իշխանությունը կրվել է մարդկանց հոգիների ու սրտերի համար պայքարը իմ մասով: Հանեք մեր երկր վրայից այդ պիտակը: Օգնեք, որ Հայաստանը չդրվի Ադրբեջանի կողքին: Ազատեք մեր երկիրը քաղբանտարկյալների խարանից:
2. Ըստ միջազգային զեկույցների՝ դատարանները Հայաստանում կոռումպացված, քաղաքականացված են: Օգնեք երկրին ամենաաղմկոտ գործերից մեկով վարկանշային կորուստներ չունենալ:
3. Հայաստանում կալանքը պատժի միջոց է: Սրա մասին ԱՄՆ Պետդեպն է գրել: Օգնեք Հայաստանի իմիջին՝ հանգուցալուծելով այս խնդիրը:
4. Ես նստած եմ 10 ամիս: Դանիել Իոաննիսյանը հրապարակել է թիվ, որ Հայաստանում մարդասպանների 73%-ը գտնվում է ազատության մեջ: Այսինքն՝ ամեն 4 մարդասպանից 3-ը ազատ է, ես նստա՞ծ եմ:
5. 10 ամիս է՝ գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և որևէ կարգապահական ու վարքականոնային խախտում չունեմ:
6. Ո՞րն է երաշխիքը, որ ես «խելոք» կպահեմ…Էս գործը ներքին և միջազգային ուշադրության կենտրոնում է: Ես ինձ չեմ կարող վատ պահել ու ինձ խայտառակել Հանրապետությունով մեկ ու համայն աշխարհով:
7. Այս գործով տուժողներ չկան:
8. Էս ընթացքում մոտ 60 հոգի, Հայաստանից և Սփյուռքից, հայ և ոչ հայ երաշխավորել են ինձ համար: Նրանց թվում մարդիկ կան, որ եթե ինձ չբռնեիք, կյանքում իմ մասին լավ բան չէին ասի:
9. ԱԺ ոչ միայն 30 պատգամավոր է ինձ համար երաշխավորել, այլ ԱԺ երկու կանոնադրական մարմին՝ ԱԺ 2 խմբակցությունները: Եվ սա իրոք աննախադեպ է: Եթե ես ինձ վատ պահեմ, Հայաստանի ողջ խորհրդարանական ընդդիմության գլխին կախվում է քրեական գործ: Ակնհայտ է չէ՞, որ ես ինձ պատեպատ կտամ, բայց դա թույլ չեմ տա:
10. Էս գործը հարուցված է 2019թ.: Եթե տեսականորեն ինչ-որ մեկի վրա ազդելու, իրեղեն ապացույց ոչնչացնելու կարիք լիներ, 5 տարվա ընթավքում կարող էի հանգիստ անել:
Հաջորդիվ դատավոր Դոլմազյանը հարցեր ուղղեց Արմեն Աշոտյանի պաշտպաններին:
Տիգրան Աթանեսյանը նկատեց՝ ինքը համոզված է, որ եթե որոշողը դատավորը լիներ, Արմեն Աշոտյանը ազատ կարձակվեր հենց առաջին դատական նիստին:
Հարցեր ուղղվեցին նաև մյուս պաշտպաններին: Ապա կարճ խոսքեվ հանդես եկավ Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանը, ով միանալով միջնորդությանն՝ ասաց. «Ինչին ձեռք ենք տվել 6 ամսվա ընթացքում, փտել է. տուժող հայթայթում ենք, գույքային վնաս չկա»:
Մյուս մեղադրյալների պաշտպանները ևս միացան Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությանը:
Հաջորդիվ հանդես եկան հանրային մեղադրողները: Վերջիններիս բառապաշարը նույնական էր՝ վերջին երեք ամիսների մեջ էական փոփոխություն տեղի չի ունեցել, որպեսզի Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվի:
Կողմերին լսելուց հետո դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց: Վերադառնալուց հետո դատավորը երկար անդրադարձավ Արմեն Աշոտյանի ու պաշտպանության կողմի դիրքորոշումներին, ապա հայտարարեց՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգում է ևս 3 ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում: