Արմեն Աշոտյանի պաշտպանները ճիշտ էին, դատախազը՝ սխալ. Դատավորը մերժեց 905 միլիոն դրամի չափով գույքային վնասի հատուցման միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Հաբեթ Մարտիրոսյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Ռուբեն Մելիքյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նախորդ դատական նիստի ժամանակ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն Արմեն Աշոտյանի նկատմամբ փողերի լվացման հանցակազմի մասով՝ որպես հիմք բերելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշումն առ այն, որ Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմի հիմնավոր կասկածը բացակայում է, հետևաբար՝ խոսք չի կարող գնալ մեղադրանքի հիմնավորվածության մասին:
Փողերի լվացման մեղադրանքի մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև Արմեն Աշոտյանը: Վերջինս նշեց՝ մեղադրանքի նվազագույն շեմը հաղթահարված չէ, իր հետ կապված կասկած չկա, ինքը փողեր չի լվացել, և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարանները հաստատել են դա, բայց մեղադրանքը մնացել է:
«Համաձայնեք, սա նորմալ չէ: Հիմա դուք ունեք պատմական շանս՝ մեր այս իրականության մեջ բուժիչ որոշում կայացնել, որ մարդկանց մոտ «կառոտկի» չտա, թե էդ ո՞նց եղավ, որ կասկած չկա, բայց մեղադրանք կա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը: Հանրային մեղադրողները, բնականաբար, դեմ էին միջնորդությանը: Դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ խափանման միջոցի փոփոխության ժամանակ քննարկված հարցի վերաբերյալ կայացված որոշումը չի կարող քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք հանդիսանալ: Վահե Դոլմազյանը մերժեց միջնորդությունը և չդադարեցրեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ փողերի լվացման հանցակազմով քրեական հետապնդումը:
Այսօրվա դատական նիստի սկզբում դատարանն անցավ պատասխանող ճանաչել-չճանաչելու վերաբերյալ միջնորդության քննությանը: Միջնորդությունը ներկայացրեց հանրային մեղադրող Նշանյանը: Վերջինս ըստ էության ընթերցում էր մեղադրական եզրակացությունը, թեպետ խոսքը քաղհայցի միջնորդության մասին էր: Ի վերջո, Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանն ասաց՝ մեղադրանքը 41 էջ է, որին բոլորը ծանոթ են, միջնորդեց, որ բաց թողնեն ընթերցանության մասը: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, հատկապես որ, մյուս մեղադրյալների պաշտպանները ևս դեմ չէին դրան: Հանրային մեղադրողը դրանից հետո անցավ բուն միջնորդությանը՝ գույքային հատուցման վերաբերյալ միջնորդությանը: Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Միքայել Նարիմանյանի ու Լարիսա Բարսեղյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերջինս միջնորդեց հայցադիմումն ընդունել վարույթ ու քննել քրեական գործի հետ միասին, նշված անձանցից բռնագանձել այդ գումարը՝ հօգուտ պետության, այսինքն՝ ԵՊԲՀ-ի:
Վերջինս նշեց՝ Մարթա Սիմոնյանին, Միքայել Նարիմանյանին ու Լարիսա Բարսեղյանին պատկանող գույքի ու տրանսպորտային միջոցների վրա դրվել է արգելանք:
Հանրային մեղադրողը միջնորդեց նաև՝ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով արգելանք կիրառել:
Մեղադրյալների պաշտպանները դեմ էին միջնորդությանը: Մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության կամ վերադարձնել, որովհետև այն ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից:
«Սիրուն է, չէ՞, հնչում ՝ Աշոտյանից և մյուսներից բռնագանձել 905 միլիոն դրամ: 905 միլիոն դրամն Արմեն Աշոտյանի հետ կապ չունի: Սխալ հայցադիմում է ներկայացվել, չպիտի քննվի ու անմիջապես պետք է հետ վերադարձվի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Արմեն Աշոտյանը նշեց՝ եթե ԵՊԲՀ-ն լիներ ՊՈԱԿ, այս հարցը չէր ծագի, սակայն Հիմնադրամի դեպքում այն այլևս հանրային բուհ է:
«Հետևաբար ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Դատավոր Դոլմազյանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը. հայցադիմումը չի քննվի և հետ կվերադարձվի: Արմեն Աշոտյանի պաշտպանները ճիշտ էին, հանրային մեղադրողը՝ սխալ: Դատավորը նշեց՝ եռօրյա ժամկետում հայցադիմումը պետք է հստակեցվի ու կրկին ներկայացվի:
Հաջորդիվ դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Դատախազը ներկայացրեց ապացույցների հետազոտման հերթականությունը, որից հետո քննարկում ծավալվեց, իսկ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը միջնորդեց հետաձգել նիստը. քննարկելու բաներ ունեն:
Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց՝ հաջորդ դատական նիստն ամբողջությամբ նվիրել Արմեն Աշոտյանի կալանքի հարցի քննությանը:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 10-ին՝ ժամը՝ 14:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութերում: